Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաստակավոր հայրենագետի Գիրք ընդհանրականը

Օգոստոս 25,2010 00:00

Արգամ Այվազյանի «Նախիջեւան» աշխատության մասին

Վերջերս հեղինակային հրատարակությամբ լույս է տեսել հանրաճանաչ հայրենագետ Արգամ Այվազյանի գրական էսսեների եւ ուղեգրությունների «Նախիջեւան» ստվարածավալ հատորը, որը նրա բազմամյա հետազոտական աշխատանքի արդյունքներն ամփոփող մի մնայուն մատյան է՝ Գիրք ընդհանրական: Դեռ դպրոցական տարիներից Ա. Այվազյանը նվիրվել է իր հայրենի Նախիջեւանի տեղանքի ու պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության գործին: Ինչպես ժողովուրդն է ասում, նա մեղվի ջանասիրությամբ հետազոտել է հայերեն ու օտարալեզու հին ու նոր գրքերը եւ դրանց էջերից հանել այն ամենը, ինչ վերաբերել է հայրենի եզերքի պատմությանն ու մշակույթին: Եվ դրա հետ մեկտեղ, նա այդ ամենը իր աչքով տեսնելու եւ ձեռքով շոշափելու նպատակով ոտքով անցել է հինավուրց երկրամասի ամբողջ տարածքով: Սույն հատորը կարդալով՝ ակամա մտածում ես, թե նա մեն-մենակ ինչպես է կարողացել ամեն վայրկյան սպասվող վտանգների ու արգելքների, ադրբեջանական սպառնալիքների ու սադրանքների պայմաններում ուսումնասիրել մի ողջ երկրի ամեն մի ձորն ու լեռը, արահետն ու կածանը, քարն ու թուփը, խուչն ու խութը եւ ի հայտ բերել ու նկարագրել դրանցում թաքնված պատմաճարտարապետական հարյուրավոր հուշարձաններ՝ մարդու ձեռքը կպած աննշան մատուռների անմշակ քարերից մինչեւ կիսավեր վանքերի նրբակերտ խաչքարերն ու խոնարհված եկեղեցիների գունաթափ որմնանկարները, կամուրջներն ու իջեւանատները, շիրմաքարերն ու դրանց վրայի մամռապատ ու հաճախ եղծված տապանագրերը, գետնամած մյուս կոթողներն ու վիմագիր արձանագրությունները:

Դրանք այդ հողի վրա մեր ինքնությունը հաստատող քարե վավերագրեր են, որ հազարամյակներ շարունակ կերտվել են հայ մարդու ձեռքով ու պատվել Մեսրոպյան գրերով: Սկսած Նոյ նահապետի՝ այստեղ իջեւանելու պահից մինչեւ 20-րդ դարի սկիզբը, Նախիջեւան աշխարհը, որ ընդգրկում է Արաքս գետի միջին հոսանքն ի վար ձգվող հովտի մի զգալի մասը, պատմական Հայաստանի հուշարձանախիտ վայրերից է, ուր ստեղծված ու կառուցված ամեն մի բերդ ու ամրոց, քաղաք ու գյուղ հնուց անտի կրում է միայն ու միայն հայկական կնիք: Այստեղ պահպանված հուշարձանները, որոնց կյանքը վաղուց վտանգի տակ է, չորս տասնամյակ շարունակ ուսումնասիրել, չափագրել ու նկարագրել, լուսանկարել ու կինոժապավենի է վերածել Ա. Այվազյանը: Նրա այդ անձնվեր աշխատանքի շնորհիվ դրանք իր հեղինակությամբ առանձին գրքերի ու ալբոմների են վերածվել ու ներկայացվել ինչպես հայ, այնպես էլ միջազգային հանրությանն ու մասնագետներին: Այս առումով այստեղ տեղին է մեջբերել ակադեմիկոս Վ. Հարությունյանի գնահատանքի խոսքը Ա. Այվազյանի մասին. «Երեւի Հայաստանի ոչ մի պատմական շրջան այնպիսի հարուստ գրականություն չունի, ինչպիսին Նախիջեւանը,- գրում է ականավոր ճարտարապետը:- Դրա համար մենք պարտական ենք մեծ հայորդի, հայրենասեր Արգամ Այվազյանին: Այն, ինչ կատարել է Ա. Այվազյանը, կատարյալ սխրանք է: Նրա կատարածը մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք է, բայց կատարել է միայն ինքը՝ հայրենասեր հայորդի Ա. Այվազյանը»:

Ա. Այվազյանի ներկա մենագրությունը, որ նաեւ իր կյանքի ու գործունեության պատմությունն է, մեկ առ մեկ ներկայացնում է այդ հուշարձանների կենսագրությունը՝ պատմագիտական, հնագրագիտական, ազգագրական, վիմագրագիտական եւ այլ առումներով՝ ներառյալ նաեւ դրանց արվեստագիտական ու մշակութաբանական արժեքները: Պատմվում է այն նվիրական աշխատանքի մասին, որ հեղինակը կատարել է այդ ամենը ուսումնասիրելու, լուսանկարելու եւ գրի առնելու համար: Գրքում ներկայացված են Ջուղայի, Ագուլիսի, Գողթնի, Որդուարի, Ցղնայի, Փառակայի, Շահապոնքի, Երնջակի, Օծոփի, Ճահուկի, Բիստի, Գոմերի, Ազնվաբերդի, Աստապատի, Շարուրի, Նախիջեւանի եւ տասնյակ այլ բնակավայրերի հուշարձանների նկարագրությունները: Հեղինակն այդ ամենի մասին պատմում է գիտական պատշաճ մակարդակով ու հարուստ լեզվով՝ տեղ-տեղ իր խոսքին տալով գեղարվեստական երանգավորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել