News.am-ը, հենվելով Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) տեղեկությունների վրա, հաղորդում է, որ 1998 թվականի ֆինանսական տարվանից սկսած, ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնությունը 25 միլիոն դոլարով ավելի քիչ է եղել, քան Կոնգրեսը պատրաստվում էր տրամադրել. Ղարաբաղի համար նախատեսված 61 միլիոն դոլարից փաստացի ծախսվել է 36 միլիոնը։ Լեռնային Ղարաբաղին տրվող օգնության 12 միլիոն դոլարը չի ծախսվել Օբամայի վարչակազմի առաջին երկու տարիների ընթացքում։
«Հայկական ծագում ունեցող ամերիկացիները խորապես շնորհակալ են ԱՄՆ Կոնգրեսին նրա առատաձեռնության համար՝ Լեռնային Ղարաբաղին ու նրա ժողովրդին ֆինանսական միջոցներ տրամադրելու գործում, որպեսզի նա դուրս գա Ադրբեջանի ագրեսիայի պատճառով առաջացած ճգնաժամից, ինչպես նաեւ բավարարի իր անհրաժեշտ մարդասիրական պահանջները եւ զարգանա իբրեւ ազատ հասարակություն: Բայց մենք շատ մտահոգված ենք, որ մեկը մյուսին փոխարինած ամերիկյան վարչակազմերը հարգանք չցուցաբերեցին Կոնգրեսի հստակ մտադրությանը՝ կենսական կարեւորություն ունեցող օգնության ծրագիրը համապատասխան ձեւով ֆինանսավորելու եւ ողջ ծավալով իրականացնելու հարցում»,- ասել է ANCA ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը:
Մեր կողմից հավելենք, որ սկսած 1998 թվականից, երբ սկսել է կրճատվել ԱՄՆ ֆինանսական օգնությունը Ղարաբաղին՝ Հայաստանում նախագահում են ծագումով ղարաբաղցիները: