Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական համահայկականը

Օգոստոս 25,2010 00:00

\"\"ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության համատեղ ջանքերով ընթացիկ տարվա հոկտեմբերի 17-19-ը Երեւանում կազմակերպվելու է Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովը:

Ըստ համաժողովի կազմկոմիտեի, հավաքի նպատակն է ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների եւ բանկիրների համագործակցության ակտիվացմանը:

Հիշեցնենք, որ ուսուցիչների համահայկական հավաք այս տարի անցկացվեց արդեն չորրորդ անգամ: Այս տարի կազմակերպվեց նաեւ կերպարվեստի հայ գործիչների համաժողով: Անցած տարի ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեցին իրավաբանների եւ ճարտարապետների համահայկական առաջին համաժողովները:

Այս ոլորտներում համագործակցության էական աճ դեռ տեսանելի չէ: Բայց տեղեկացրել ենք, որ դրսից ժամանած ճարտարապետների քննադատությունը ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի համար հետեւություններ անելու համար չէ: «Խոսքը չի գնում հետեւություններ անելու մասին: Ֆորումի նպատակն է՝ մեր գործընկերների աչքերով ընկալել Երեւանը: Դա մեզ կօգնի կողքի աչքերով հասկանալ, ի վերջո, ուր ենք հասել: Այդ կարծիքները մեզ հնարավորություն կտան շատ ավելի զգոն լինել»,- համաժողովից հետո մեր թղթակցին ասել էր Նարեկ Սարգսյանը («Առավոտ», 20.04.2009՝ «Ընդամենը կողքի աչք»):

Համաժողովներից հետո, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ, ճարտարապետների համաժողովին մասնակցած ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասքելենյանը Հայաստանին նվիրեց իր «Սայաթ-Նովա» արձանը, որը տեղադրվեց Երեւանի Սայաթ-Նովայի եւ Խանջյան փողոցների խաչմերուկում: Սրանից բացի, Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայ ճարտարապետներին հրավիրեց մասնակցելու «Աշխարհի քաղաք» վիրտուալ ծրագրի մշակմանը, որով Հայաստանը ներկայացել է Չինաստանի Շանհայ քաղաքում բացված «EXPO-2010» միջազգային ցուցահանդեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել