Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՐ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՄ»

Օգոստոս 25,2010 00:00

\"\"«Առավոտի» հետ զրույցում անկեղծանում է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը

– Պարոն Ղուլարյան, ի՞նչ ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Տավուշի մարզի տնտեսության վրա, ո՞ր ոլորտները տուժեցին: Եվ այն պնդումները, թե ճգնաժամն արդեն անցել է, եւ տնտեսությունը զարգանում է, մարզի վրա նկատելի՞ են:

– Ճգնաժամից մարզի ո՞ր ոլորտները տուժեցին, ասեմ՝ բոլոր ոլորտները: Ծրագրերը անկատար չմնացին, պարզապես դրանց կատարման տեմպերը դանդաղեցին: Կառավարությունն աշխատեց չկասեցնել սահմանամերձ մարզերում իրականացվող ծրագրերը, միայն ծավալները պակասեցին, հատկացված միջոցները կիսով չափ կրճատվեցին: Սառեցվեցին ներդրումային ծրագրերը, որոնք իրականացնում էին անհատները: Սովորաբար ճգնաժամի արձագանքները երկար ժամանակ են մնում, եւ չի կարող ճգնաժամը անմիջապես ավարտվի եւ միանգամից սկսվի զարգացումը: Բայց այն, որ զարգացում կա, դա փաստ է: Դա արտահայտվում է թե գյուղատնտեսության, թե փոքր ու միջին բիզնեսի, թե շինարարության ոլորտներում: Այսօր մեր մարզը, հատկապես Դիլիջանը, շինարարության ոլորտում որակյալ վարպետների ու բանվորների կարիք է զգում, ինչը լավատեսություն է ներշնչում: Վերջին շրջանում կառավարության կողմից իրականացվող որոշ հակաճգնաժամային եւ հետճգնաժամային միջոցառումները զարգացման տեմպերի հույս են տալիս: Փոքր ու միջին բիզնեսի զարգացման ընթացքը, կարծես թե, մեզ մոտ ավելի ցածր է: Բայց վերջին շրջանում, հատկապես ամառվա ընթացքում, տուրիզմի ծավալներն աճեցին, դրան նպաստեցին նաեւ կլիմայական պայմանները, շոգը: Ընդհանուր առմամբ զարգացում կա, հույս ունեմ, որ հաջորդ տարի դա ավելի շոշափելի կլինի: Վերջին շրջանում խնդիրներ ունեցանք՝ կապված ճանապարհների սողանքների հետ, որոնք մեր ներդրումային գործընթացները կասեցրին: Թեեւ վաղուց ճանապարհները վերականգնել ենք, դրանք գործում են, բայց շատերը տեղյակ չեն եւ Երեւանում դեռ հարցնում են. «Ճանապարհները սարքե՞լ եք»:

– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կիրականացվեն մարզում:

– Շատ ոգեւորված ենք Կենտրոնական բանկի մասնաճյուղի շինարարությամբ: Կարեւորը ոչ այնքան բանկի կառույցն է, այլ այն, որ մի նոր կուլտուրա է մտնում, քանի որ նրանք վերցրել են շինարարության որակի եւ տեխնոլոգիաների իրականացման շատ բարձր նշաձող, ինչը մեր շինարարների համար, կարծես, նոր ուղենիշ լինի: Շուտով կսկսվի նաեւ բնակելի շենքի կառուցումը, հույս ունենք, որ Դիլիջանում կկառուցվի նոր տեխնոլոգիաներով հագեցած գրադարանը: Նախատեսում ենք ավարտել դեպի Չինարի գյուղ գնացող ճանապարհի բարեկարգումը, Կոթի գյուղի ինքնահոս ոռոգման համակարգը, քննարկում ենք նաեւ գազիֆիկացման ծրագրերը այն համայնքներում, որոնք մնացել են դեռեւս խորհրդային տարիներից, Կոթի-Ոսկեպար, Բագրատաշենի թեւը, Գոշի, Աղավնավանքի հատվածը եւ այլն: Հույս ունենք, որ IFAD-ի (Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ) ծրագրով դրանք կավարտենք:

– Սահմանամերձ այս մարզի գյուղատնտեսները տարատեսակ խնդիրներ ունեն՝ սկսած մարզի աշխարհագրական-ռազմավարական դիրքից, մինչեւ մթերումների հետ կապված դժվարությունները: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում գյուղատնտեսներին օգնելու ուղղությամբ:

– Գյուղատնտեսական ոլորտի զարգացումը մեր մարզի համար առաջնային է: Ծրագիր ունենք անասնապահության զարգացման ուղղությամբ՝ հեռագնա արոտների բարեկարգում եւ կառավարում: Աշխատանքներ են կատարվում Համաշխարհային բանկի միջոցներով: Գնալով մեծանում են ծխախոտագործության ծավալները: Մնում է «Մասիս Տոբակը» կարողանա ժամանակին չորացնող խցիկներ պատրաստել, որպեսզի հնարավոր լինի հավաքած կանաչ զանգվածը ժամանակին չորացնել: Այս տարվա գերխոնավության ու կարկուտի հետեւանքով զգալի վնասներ ունեցանք: Բավականին լավ է խաղողագործության վիճակը, այստեղ խնդիրներ չունենք: Մթերողները պարտավորվել են ժամանակին ընդունել խաղողը. Երեւանի կոնյակի գործարանը կմթերի մինչեւ 3000 տոննա, Իջեւանի գինու գործարանը՝ մոտ 400 տոննա: Կմթերեն նաեւ Երեւանի շամպայն գինիների գործարանը, Տավուշի գինու գործարանը, Բերդավանի գինու գործարանը: Իսկ, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության բնագավառում ակնկալում ենք մեկ-երկու տարում զգալի դրական արդյունքներ տեսնել:

– Տավուշի մարզն իր թե բնակլիմայական պայմաններով, թե պատմական հուշարձաններով ու տեսարժան վայրերով բավականին հարուստ է եւ կարող է լինել ոչ միայն հայաստանցիների, այլեւ օտարերկրացի զբսաշրջիկների համար հետաքրքիր զբոսավայր, հատկապես, երբ կան նաեւ լավ հանգստյան տներ, առողջարաններ ու հյուրանոցներ: Բայց օտարերկրացիների հոսքն այստեղ, կարծես թե, այդքան էլ շատ չէ: Նրանք Հայաստան գալիս ունեն նախատեսված հստակ եւ կոնկրետ մի քանի վայրեր, որոնք ավելի մոտ են մայրաքաղաքին: Քայլեր ձեռնարկվո՞ւմ են նրանց համար Տավուշը բացահայտելու եւ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ, որպեսզի մարզում զարգանա արտաքին տուրիզմը:

– Ես համակարծիք չեմ ձեզ հետ: Այստեղ մեր Դիլիջանի հանգստյան տներում երբեմն ասեղ գցելու տեղ չի լինում: Դուք լավ չեք տեղեկացված: Այս տարի տուրիզմի բնագավառում մոտենում ենք 2007թ. ցուցանիշներին:

– Ձեր աշխատանքը բարձր է գնահատվում տարածքային կառավարման նախարարի կողմից…

– Գնահատականների մասին եկեք չխոսենք: Ես չեմ կարծում, թե մարզպետների աշխատանքների միջեւ շատ մեծ տարբերություն կա: Ես կարող եմ ասել, որ այդ գնահատականները պայմանական, սիմվոլիկ բաներ են: Ես աշխատում եմ շատ արագ մոռանալ նման գովեստները, պարզապես աշխատել է պետք՝ առանց գնահատականի ակնկալիքների, քանի որ խնդիրներ ու գործեր շատ կան: Ի՞նչ խոսք, ոգեւորությունը միշտ պետք է լինի, դրա հետ միասին՝ նաեւ պատասխանատվությունն ու աշխատանքի ձգտումը:

– Իսկ լինո՞ւմ են պահեր, երբ դուք դժգոհ եք ձեզնից, ձեր աշխատանքից եւ ինքնաքննադական պահեր եք ապրում:

– Լինում են: Ոլորտներ կան, որ հաջողությունները դանդաղում են, ծրագրերը դանդաղորեն են ընթանում: Կարծում եմ, որ վերահսկողության հետ կապված հարցերը պետք է ավելի հստակեցնենք: Բոլոր ոլորտների նկատմամբ վերահսկողությունը պետք է ուժեղացվի: Հատկապես վերջին ստուգումների արդյունքում մենք տեսանք, որ իրականում կան ոլորտներ, որ որքան էլ վստահենք, պետք է վերահսկենք: Շղթայված կապեր պետք է ստեղծել, որպեսզի աշխատանքները համակարգված վերահսկվեն: Կա նաեւ կադրերի խնդիր, ժամանակը պահանջում է ավելի արագ մտածող եւ ավելի հստակ գործող մասնագետներ: Ժամանակը պետք է ավելի արդյունավետ օգտագործվի, որպեսզի հասնենք մաքսիմում արդյունքի: Միգուցե այսքանով սահմանափակվե՞նք, թե չէ, եթե շատ ինքնաքննադատեմ, կստացվի, որ ձեր ասած գնահատականը իզուր է ինձ տրվել: Դե աշխատանք է, իսկ որքան շատ ես աշխատում, այնքան շատ թերություններ ես տեսնում:

Այս տարվա փետրվարի 25-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարության հաստատած մի շարք չափորոշիչներով՝ մարզի համայնքների բյուջեների կատարում, մարզպետներին վերապահված վերահսկողական լիազորությունների լիարժեքություն, մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակ, գյուղատնտեսության բնագավառում կատարված աշխատանքներ, ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալ եւ այլն, 2009-ի առաջատարը Տավուշի մարզն է: Իսկ ահա օգոստոսի 6-ին տեղեկացրել ենք, որ 2010-ի առաջին կիսամյակում Տավուշի 62 համայնքներում փաստացի մուտքագրվել է 984,1 միլիոն դրամ եկամուտ, որը կազմում է առաջին կիսամյակի համար նախատեսվածի 96,5 տոկոսը: Հունիս, հուլիսին նկատվել է սեփական եկամուտների հավաքագրման մակարդակի նվազում: Աճարկուտ համայնքում ընդհանրապես հողի հարկ չի հավաքագրվել, փոխադրամիջոցների, շենքերի եւ շինությունների գույքահարկի գծով մուտքեր չունեն Զորական, Կիրանց, Հովք, Վազաշեն, Աղավնավանք, Իծաքար, Ջուջեւան համայնքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել