Առանձին իրավական հարցերով
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի, Օքսֆամ ՄԲ հայաստանյան մասնաճյուղի հովանավորությամբ հայ հանրությանն է հանձնել հերթական իրավական հարցերով ուղեցույցը: Ուղեցույցը հնարավորություն կտա տեղեկանալու կանանց եւ երեխաների աշխատանքային իրավունքների մասին, աշխատավարձի վճարման կարգին, հարկերի ու տուրքերի վճարման առանձնահատկություններին: 136 էջից բաղկացած գրքույկի հեղինակներն են իրավաբան Ժորա Խաչատրյանը, Հերմինե Ավետիսյանը: Հեղինակները հնարավորինս պարզեցրել են իրավական պաշտպանության մեխանիզմները, որպեսզի ցանկացած իրավազուրկ քաղաքացի կարողանա օգտվել ուղեցույցից:
Թալինի հիվանդանոց տարվեց
Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Ներքին Սասնաշեն գյուղի 20-ամյա բնակչուհի Լ. Մխիթարյանը: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Լցակայանի՞ համար
Երեկ խմբագրությունը ստացավ ահազանգ՝ կապված մայրաքաղաքի Սարյան 36 հասցեում իրականացվող շինարարության հետ: Ահազանգողները հայտնեցին, որ իրենց մտահոգությունների մասին տեղյակ են պահել նաեւ քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությանը: Մասնավորապես, տեղաբնակներին հայտնի չէ, թե ով է իրականում կանգնած շինարարության ետեւում, ինչո՞ւ է գազոնը ոչնչացվել եւ ինչո՞ւ են առանց տարածքի բնակիչների համաձայնության՝ կառուցում…լցակայան: