Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարածքի դիմաց՝ վերահսկելի օրենք

Օգոստոս 25,2010 00:00

\"\"Աբխազիայի տարածքով Ռուսաստանից Վրաստան անցնելու համար ՀՀ քաղաքացի Արման Ղազարյանը Վրաստանում դատապարտվել է 1 տարի ազատազրկման։

Ըստ «Հետք» կայքէջի, Թբիլիսիում նրան հայտնաբերել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Անդրադառնալով Արմանի ձերբակալության իրավական հիմքերին՝ Ա. Սաքունցն ասել է, որ այս տարվա 6-րդ զոհն է Արմանը։ Նախորդ տարի 9 նման դեպք է գրանցվել՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ քրգործի հարուցման փաստով։

Հիշեցնենք, որ այս իրավական ակտով, որն ընդունվել է Մ. Սահակաշվիլու օրոք, սահմանվում է՝ ռուս-վրացական սահմանը չթույլատրված տարածքներում ապօրինի հատելու համար ենթարկել քրեական հետապնդման՝ ազատազրկման ձեւով կամ դրամական տուգանքի։ Չթույլատրված տարածքներ են Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։

Նշված տարածքներում Վրաստանը փաստացի վերահսկողություն չունի, բայց դրանք նա միանշանակ դիտում է իր պետության սահմանում։

«Հետքը» նշում է, որ, ըստ Սաքունցի՝ այս օրենքն ակնհայտ քաղաքական նշանակություն ունի։ Վրաստանի դիրքորոշումը հետեւյալն է. եթե փաստացի վերահսկողություն չունի, ապա գոնե օրենքի միջոցով վերահսկելի դարձնի այդ տարածքները։ Իսկ դրանով նա քաղաքական խնդիր է լուծում՝ մեկուսացնում է Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։

«Գործ ունենք մի երեւույթի հետ, երբ պետությունը փաստացի մի տարածքի նկատմամբ չունի վերահսկողություն, բայց նրա նկատմամբ օրենք ընդունելով՝ փորձ է անում վերահսկելի դարձնել այն։ Եթե պետությունը հնարավորություն չունի վերահսկելու իր ինչ-որ սահման, ապա չպետք է ունենա նաեւ քրեական հետապնդում իրականացնելու լիազորություն՝ իր կողմից չվերահսկելի սահմանը հատելու համար»,- ասել է Ա. Սաքունցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել