Տավուշի մարզում եւ ընդհանրապես ողջ Հայաստանում սովորույթ կա՝ կյանքից անժամանակ հեռացածների հիշատակին հուշարձան-աղբյուր կառուցել: Երբեմն այդ աղբյուրներին կից հանգստի եւ ճաշկերույթի համար ծածկ-տաղավար է սարքվում: Չնայած դրանք առանց հողահատկացման եւ շինարարության թույլտվության են կառուցվում, սակայն կարճատեւ հանգստի ու հացկերույթի վայրեր են հասարակության՝ բոլորի համար:
Նման մի աղբյուրի վերաբերող բողոքով «Առավոտին» է դիմել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի 72-ամյա բնակիչ Լենտուշ Գրիգորյանը: Նրա որդիները ավտովթարից են զոհվել: Ավագ որդին՝ Մարտիկը, 1998 թվականին՝ 33 տարեկանում, Ռուսաստանում է զոհվել, իսկ կրտսերը՝ Վրեժը, 2008-ին, 41 տարեկանում՝ վթարի զոհ է դարձել Վանաձորի մոտակայքում: Վրեժը շատ ընկերներ ուներ ոչ միայն Բաղանիսում, այլ նաեւ հարեւան Ոսկեվանում: Նրա ոսկեվանցի ընկերները հուշաղբյուր են կառուցել, որի քարին, բացի Գրիգորյան եղբայրների անուններից, նաեւ Լենտուշի ավագ եղբոր՝ Հայրենական պատերազմից չվերադարձած Սայադի անունն է: Լենտուշը բողոքում էր, թե Բաղանիսի դպրոցի նախկին տնօրեն, պատմության ուսուցիչ Սամվել Ալավերդյանը քանդել-պոկել է աղբյուրը սնուցող ռետինե խողովակը: Լենտուշ Գրիգորյանի, Սամվել Ալավերդյանի, Բաղանիսի գյուղապետ Ստեփան Սահակյանի հետ մեկնեցինք հուշաղբյուրի տարածք, որը գտնվում է Ադրբեջանի սահմանին մոտ: Հուշաղբյուրից հոսող ջուրը բարակ էր: Հուշաղբյուրի ակունքից մոտ 20 մետր վերեւ ավելի հորդառատ մեկ ուրիշ աղբյուր կա, որը կառուցել է Բաղանիսի խորհտնտեսությունը: Քանի որ ներքեւի ակունքի ջուրը ամռանը պակասել է, Լենտուշը ռետինե խողովակով վերեւի աղբյուրից ջուր է հասցրել ներքեւի ակունք: Լենտուշ Գրիգորյանը կարծում էր, թե Սամվել Ալավերդյանն է վերեւի աղբյուրի ակունքից հանել խողովակը, քանի որ այդ աղբյուրի ջրից սնվող առվակով ոռոգում է մոտ 200 մ ներքեւում գտնվող իր հողամասը: Սամվելն այդ կասկածը վրդովմունքով հերքեց, ասելով, որ ինքը երբեք նման վատ արարք թույլ չի տա եւ ասաց, որ հուշարձան-աղբյուրից ցած՝ Լենտուշ Գրիգորյանի հողամասն է: Սամվելն իր հերթին կարծում էր, որ հուշաղբյուրից արտահոսող ջուրը, ինչ-որ կերպ, Լենտուշի տեղադրած ստորգետնյա խողովակով, հայտնվում է ներքեւում գտնվող նրա հողամասում, եւ առվում ջուր չլինելու պատճառով ինքը չի կարողանում իր հողամասը ջրել:
«Ադրբեջանական դիրքերից ուղիղ գծով 500 մ հեռավորության վրա հող եմ մշակում, կյանքս վտանգում, ինչո՞ւ չկարողանամ այն ջրել»,- ասաց Սամվելը:
Գյուղապետ Սահակյանը տեղում հիրավի «Սողոմոնի վճիռ» կայացրեց: Նրա որոշմամբ՝ հուշաղբյուրը պետք է սնուցվի վերեւի աղբյուրից ձգվող խողովակով, քանի որ ներքեւի ակունքի ջուրը լավորակ չէ: Սակայն, ըստ գյուղապետի, հուշաղբյուրից արտահոսող ջուրը պետք է հոսի ոչ թե հուշարձանի շրջակա ցանկապատված տարածքով, այլ ցանկապատից դուրս գտնվող հին առվատեղով: Այդ դեպքում հուշաղբյուրի շրջակա տարածքում ջրի «կորչելու» կասկած էլ չի ծագի: