«Եվրոպայի օրինակով կպատժվեն նրանք, ովքեր կհամարձակվեն աղբը դրսում նետել: Կվերանայենք այս ոլորտը սպասարկող օրենսդրությունը, պատժամիջոցների համակարգ ենք ներդնելու, որովհետեւ բնակչության մեջ կա մի շերտ, որոնց հետ առանց պատժամիջոցի անհնար է խոսել: Բռնելու ենք աղբ նետողի ձեռքից»,- այս մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարեց բնապահպանական ծրագրերի ՊՈԱԿ տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, իրենք մեծածավալ աշխատանքներ են սկսելու՝ հանրապետության տարբեր բնակավայրերում՝ տարբեր ուղղություններով. «Կտեսնեք եւ՛ պահպանվող տարածքների հետ կապված ծրագրեր, ե՛ւ երթուղիների, եւ՛ գյուղական ու քաղաքային համայնքի մաքրման ծրագրեր»: Պարոն Մարտիրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ այս ծրագրի համար բյուջեից գումար չի հատկացվել, այն բարեգործական է. «Որոշակի բնապահպանական տուգանքների հետ կապված ֆոնդ ունենք, որից որոշակի ներդրում պետք է անենք այս ծրագրում»: Ըստ նրա՝ իրենց ծրագրի կազմակերպման ուղղությամբ քարոզչական աշխատանքներ կկատարվեն, նյութերի տպագրություն եւ գովազդներ: «Մաքուր հայրենիք» ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները մեկնարկելու են այս աշնանը: