Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալան-թալան է էս երկրում»

Օգոստոս 25,2010 00:00

 Դիաբետիկներին ո՛չ ներարկիչ են տալիս, ո՛չ էլ ինսուլին

Թեեւ ՀՀ առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ դիաբետով հիվանդների համար հանրապետությունում կա բավականաչափ ինսուլին ու այն կանոնավոր բաշխվում է համայնքային պոլիկլինիկաներին, այնուհանդերձ, շատ հաճախ ինսուլինը «քչություն է անում»: «Առավոտը» պարբերաբար դժգոհություններ է ստանում քաղաքի տարբեր պոլիկլինիկաներում սպասարկվող դիաբետիկներից: Նրանք պատմում են, որ տարվա մեջ մի քանի ամիս բժիշկները իրենց խորհուրդ են տալիս «դեղային պաշարը» մի որոշ ժամանակ էլ դեղատներից գնել՝ պնդելով, թե խնդիրներ կան դեղորայքի հետ կապված, կամ էլ՝ արդեն վերջացել է: Ստացվում է այնպես, որ դիաբետով հիվանդ քաղաքացիները տեղական պոլիկլինիկաների «բարեխիղճ» բժիշկների քմահաճույքով ամիսներ շարունակ օդ ու ջրի պես անհրաժեշտ ինսուլինի երես չեն տեսնում: Շենգավիթ համայնքի թիվ 13 պոլիկլինիկայում սպասարկվող դիաբետիկները պատմում էին, որ տարվա մեջ մի քանի անգամ, ինսուլինը ստանալու հետ կապված, տհաճ անակնկալներ են ունենում. «Լինում է, որ կանոնավոր մի 3-4 ամիս ստանում ենք մեր դեղը, պատահում է՝ բժշկուհին ասում է՝ էլ չկա: Հարցնում եմ, ո՞ւր է դեղս, ես էս ամիս չեմ ստացել՝ անտարբեր պատասխանում են՝ դե չգիտեմ: Չեմ հասկանում, իմ անունով են էդ դեղը ստանում, ինչո՞ւ պետք է վերջանա»: Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանն էլ «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, թե նման դեպքեր պատահում են, երբ հիվանդը նշանակված ժամանակից ուշ է այցելում. «Լինում են դեպքեր, երբ հիվանդին նշանակված ինսուլինի չափաքանակը հաջորդ ամիս բժիշկը բարձրացնում է ու այդ ժամանակ ուշացող հիվանդի համար հնարավոր է ինսուլին էլ չմնա, դրա համար պետք է ամեն մեկն իր ժամանակին ներկայանա ու դեղը ստանա»: Բայց այն, որ հիվանդը ուշանալու համար կզրկվի ինսուլինի այդ ամսվա պաշարից, պարոն Դարբինյանը բացառեց. «Մշտական ստուգայցեր ունենք, ամեն ինչ վերահսկում ենք ու նման դեպքերում բարեխոսում, ընդառաջում, հիվանդն առանց դեղի երբեք չի մնում»:

Քաղաքացիներից մեկն էլ մեզ վստահեցրեց, որ պոլիկլինիկայում իր հետ ավելի վատ են վարվում. «Շատ հաճախ պոլիկլինիկայի բժշկուհին ինձ ուրիշ դեղեր է առաջարկում: Ինձ նշանակված է ինսուլինի ինսուլատարդ տեսակը, բայց ասում են՝ չկա ու առաջարկում են ուրիշ զիբիլներ: Բացատրում եմ՝ ա՛յ մարդ, էդ դեղը հենց մտավ իմ օրգանիզմ, սկսում եմ ինձ վատ զգալ, կոմայի մեջ եմ ընկնում ու շաբաթներով խելքի չեմ գալիս»: Փոխնախարարն էլ թերահավատորեն է մոտենում նման դժգոհություններին ու պնդում. «Նման բան հնարավոր չէ, որ բժիշկը ուրիշ դեղ առաջարկի, ո՞նց կարող է նման բան անել, հանրապետությունում կոմայի մեջ ընկած հիվանդ չունենք նման պատճառով»: Մեզ դիմած մեկ այլ քաղաքացի էլ պատմեց. երբ շատ է բժշկին հարցուփորձ անում, պնդում, որ իր հասանելիք ինսուլինը տա, բժշկուհին խորհուրդ է տալիս՝ էս անգամ էլ դեղատներից վերցրեք. «Բայց ինչքան կարող եմ դեղատուն վազել, ահագին էլ թանկ դեղ է: Հետաքրքիրն այն է, որ մեր պոլիկլինիկայում քիչ է մնում մեզ համոզեն, որ դեղ չեն ստանում, բայց հարակից պոլիկլինիկաների հիվանդների հետ ենք խոսում, ասում են, որ ստացել են, բա էդ ո՞նց է լինում, մեզ ֆռռացնո՞ւմ են: Մեզ հասանելիքը տանում՝ ուտում են, ու դրանց վերահսկող-տուգանող, պատժող չկա, ալան-թալան է էս երկրում»: Հայկ Դարբինյանն էլ վստահեցրեց, իրենց «թեժ գծին» նման ահազանգեր չեն եկել. «Բնակչությունը նման դեպքերում թող համարձակ մեզ դիմի, մենք նրանց կողքին ենք ու նրանց օգտին»: Հիվանդներն էլ այլ բան էին պնդում. «Անձամբ գնում ենք նախարարություն, ինչից հետո պոլիկլինիկայում «մեզ գրկաբաց են ընդունում»: Թիվ 13 պոլիկլինիկայի հիվանդները վստահեցրին. «հիմա ներարկիչ էլ չեն տալիս, էս սաղ փող ա, ասում են՝ էլ չենք ստանում»: Փոխնախարարն էլ ասաց, որ ներարկիչի խնդիր եւս հանրապետությունում չկա, այս ամսվա պաշարը պոլիկլինիկաներին բաշխվել է օգոստոսի 13-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել