Լոռու մարզի Ճոճկան գյուղի պոչամբարն ամեն վայրկյան կարող է հոսել եւ թունավորել Դեբեդն ու տարածաշրջանը
Սա Ճոճկանի պոչամբարն է, որը, մասնագետների խոսքերով, թեեւ գերում է իր գեղեցիկ գույնով, սակայն չափազանց վտանգավոր է:
Լոռու մարզի Ճոճկան համայնքում գտնվող պոչամբարը, կարելի է ասել, պայթյունավտանգ վիճակում է: Բնապահպանների ներկայացմամբ՝ ճիշտ է, բավականին երկար տարիներ պոչամբարը չի շահագործվում, բայց դրա դրենաժային համակարգը չի աշխատում, եւ պոչամբարն էլ ոչ թե փոսի տեսքով է, այլ թեքություն ունի, ինչն էլ նշանակում է, որ 22 մլն տոննա թունավոր նյութեր՝ տիղմի տեսքով, կարող են հոսել Դեբեդ գետը, արոտավայրերն ու գյուղացիների այգիները՝ թունավորել ամբողջ տարածաշրջանը: Երեկ «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը» այս թեմայով քննարկում էր կազմակերպել: Քննարկմանը ներկա «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքերով՝ ոչ ոք չի ցանկանում այդ հարցի առնչությամբ իր վրա պատասխանատվություն վերցնել: «Metal Prince» ընկերությունը, որը շահագործում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն ու պոչամբարը, որոշել է շահագործել Ճոճկանի պոչամբարը եւս, քանի որ Ախթալայինն արդեն շահագործման ենթակա չէ: Ի. Զառաֆյանի ներկայացմամբ՝ փաստորեն, «Metal Prince»-ը ստեղծում է նոր վտանգավոր օբյեկտ: Այսինքն՝ ընկերությունը նախ պետք է վերակառուցի Ճոճկանի պոչամբարը, սակայն մինչ այդ նա պարտավոր է հանրային քննարկումներ կազմակերպել, գյուղացիներից հարցնել՝ արդյոք նրանք ցանկանո՞ւմ են, որ իրենց քթի տակ նման վտանգավոր օբյեկտ գործի. ««Metal Prince»-ը պետք է հանրությանը ներկայացնի պոչամբարի վերակառուցման նախագիծը, թե ինչ մեխանիզմով է գործելու, ինչը մինչ օրս չեն արել: Մենք չենք տեսել պոչամբարի շահագործման սերտիֆիկատը: Մեր կարծիքով, դա անօրինական գործունեություն է: Ո՞վ պետք է պատասխան տա այդ օբյեկտի համար»:
Նշենք, որ ««Metal Prince»-ի սեփականատերն է վարչապետի խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը, որին նախօրոք տեղեկացվել էր լրագրողների հետ հանդիպման մասին: Սակայն նախօրեին Ախթալա մեր այցելության ժամանակ կոմբինատից վստահեցրին, որ ղեկավարությունը տեղում չէ, եւ մեր հարցերին ոչ ոք չի կարող պատասխանել: Ճոճկան համայնքի բնակիչների հետ զրույցից պարզ դարձավ, որ տեղացիներն անգամ չեն էլ պատկերացնում, թե իրենց ինչ վտանգ է սպառնում. «Դե, ոնց որ թե սառած վիճակում է, ի՞նչ պիտի լինի որ: Ասում են՝ բան էլ չկա»: Մեր այցելության ժամանակ Ճոճկանի պոչամբարի շրջակայքում անասուններ էին արածում: Դա, ըստ մասնագետների, չափազանց վտանգավոր է, քանի որ տարածքն աղտոտված է թունավոր թափոններով, իսկ անասունը արածելով թունավորված խոտը՝ նաեւ թունավոր կաթ է տալու:
Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանի խոսքերով՝ եթե առաջ վախենում էին ճառագայթումից, ապա այսօր կարծես թե այդ վտանգն էլ չկա. «Ընդամենը 2 ամիս առաջ մասնագետներ եկան, ստուգեցին եւ հաստատեցին, որ ոչ մի ճառագայթում էլ չկա»: Սակայն մասնագետներ կան, որ այլ կարծիքի են: «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտում» կազմակերպված քննարկմանը ներկա բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Սեյրան Մինասյանի խոսքերով՝ Ճոճկանի պոչամբարը շատ վտանգավոր է. «Անձրեւաջրերը հավաքվում են, այդ ամբողջ զանգվածը, որպես հանքանյութի թունավոր փոշի, դառնալու է մածուցիկ նյութ եւ հոսելով՝ ցանկացած պահի կարող է լցվել Դեբեդ գետն ու շրջակայքը՝ փակելով ամեն ինչ: Այս հարցը բարձրացրել է նաեւ կոմբինատի ինժեներներից մեկը: Ախթալայի պոչամբարը լցված է, եւ այն պետք է փակվի, ուստի առաջարկվել է Ճոճկանինը շահագործել: Բայց մինչ շահագործումը, իրենց գնահատումներով, 15-20 մլն դոլարի ներդրում է պետք: Այնտեղ օբյեկտներ են կառուցել ոչ թույլատրելի գոտում, խողովակներն են մաշվել եւ այլն: Եթե ճիշտ վերակառուցվի եւ շահագործվի, դա կոմբինատի համար ամենալավ լուծումը կլինի: Որովհետեւ Ախթալա գետն արդեն գետ չէ, այլ կոյուղատար է, ըստ էության՝ հանքաջրերի կոյուղատար է»: Ըստ պարոն Մինասյանի, Հայաստանը պետք է ունենա հանքարդյունաբերություն, խնդիրն այն է, թե ինչպես ենք շահագործելու հանքերն ու պոչամբարները: Այս առումով մեր օրենսդրական դաշտը բավականին թերի է: Ս. Մինասյանի խոսքերով՝ «Մեր ցանկացած պոչամբարի եւ հանքի շահագործում իր մակարդակով նման է մեր երկրի կառավարման որակին, մեր պահվածքին, մեր կրթական համակարգին եւ այլն: Նույն մակարդակով էլ աշխատում է հանքարդյունաբերությունը: Պետք է անընդհատ պայքարել, որ բերվի նորմալ, ընդունելի վիճակի»: Իսկ ընդունելի վիճակը, ըստ մասնագետի, օրինակ՝ Կանադայում է: Այս երկրի տվյալ ոլորտի օրենքն այնքան խիստ է, որ ցանկացած ընկերություն, եթե անգամ դադարեցրել է հանքի կամ պոչամբարի գործունեությունը, միեւնույն է, տասնյակ տարիներ շարունակում է պատասխանատվություն կրել իր իսկ շահագործած հանքի եւ պոչամբարի նկատմամբ: Իսկ թե մեր երկրում ով պիտի պատասխանատվություն կրի՝ քննարկման ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ: Բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի պետի տեղակալ Աշոտ Դարչինյանն ասաց, որ տեսչությունը չի հաշվարկում կոմբինատի եւ պոչամբարի պատճառած վնասի չափը, այլ ընդամենը տարին մեկ անգամ ստուգումներ է իրականացնում: Ստացվում է, որ վերեւների «դաբրոն» ստանալով՝ կարելի է հանք շահագործել, շրջակա միջավայրը թունավորել, որոշ դեպքերում՝ վնասը չնչին գումարներով փոխհատուցել եւ շարունակել թունավորել տարածաշրջանը, վտանգել եւ վնասել բնակչության առողջությունը:
Այն, որ Լոռու մարզի մի շարք համայնքներ հանքերի շահագործման հետեւանքով վերածվել են, այսպես ասած՝ թունավոր գոտու, հաստատում է նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչ Լիլիթ Սահակյանը: Նրա վստահեցմամբ՝ իրենց հետազոտությունները Լոռու մարզի մի շարք համայնքներում ցույց են տվել, որ հողում եւ գյուղմթերքում գրանցվել են շատ ծանր մետաղների պարունակության թույլատրելի սահմանի գերազանցում. «Միայն մորին եւ թութը բավական են, որ մարդն ուտի ու չբեր դառնա»: