Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սուտ է, թե Հայաստանում տուրիզմը զարգանում է»

Օգոստոս 25,2010 00:00

Տուրիզմը հարկային դաշտ բերե՞լ, թե՞ ոչ

Այն, որ Հայաստանում հանգստանալը թանկ հաճույք է, նորություն չէ ոչ տեղացի, ոչ էլ արտասահմանցի զբոսաշրջիկի համար: Հյուրանոցային ծառայությունների ու սպասարկման ոլորտի «ցնցող» գները հայ եւ օտարերկրյա զբոսաշրջիկին ստիպում են հանգիստը կազմակերպել այլ երկրներում: «Առավոտի» հետ զրույցում Տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը նկատեց, որ այս տարի Հայաստանից դուրս հանգիստը նախընտրողների թվի կտրուկ աճ է արձանագրվել. «Եթե անցած տարի 50-60 հազար հայ էր մեկնում Վրաստան՝ հանգստանալու, այս տարի նրանց թիվը 100 հազարից անցնում է, նվազագույնը 60 հազար հայ էլ մեկնել է այլ երկրներ: Հայաստանում է մնացել սոցիալապես անապահով խավը, որն իրեն թույլ չի կարող տալ ո՛չ այստեղ, ո՛չ էլ արտերկրում հանգստանալու հաճույքը»: Պարոն Մինասյանի խոսքով, հյուրանոցային ծառայություններն ու սպասարկման ոլորտն այնպիսի գներ են սահմանել, որոնք չեն համապատասխանում իրենց մատուցած ծառայություններին. «Ուզում են միանգամից փող աշխատեն, բայց էդպես չի կարելի, չէ՞: Ճիշտ է, հյուրանոցային բիզնեսը մոնոպոլիզացված չէ, բայց ինչ տարբերություն, դրանք էլ մի քանի անհատների ձեռքում են, որոնք ինչ գին ուզում՝ դնում են եւ բացարձակապես Հայաստանին ոչ մի օգուտ չեն բերում»: Հյուրանոցների միության փոխնախագահ Հակոբ Հակոբյանն էլ մեզ ասաց, թե համաձայն չէ, որ Հայաստանում հյուրանոցային ծառայությունները ավելի թանկ են, քան հարեւան պետություններում է. «Ոչ մի տարբերություն էլ չկա, նույն գներն են»: Հարեւան երկրներ հանգստանալու մեկնող հայերին անդրադառնալով, պարոն Հակոբյանը նկատեց. «Գինը կապ չունի, ծովում հանգստանալ նախընտրողները, անկախ ամեն ինչից, կմեկնեն ծով հանգստանալու, եթե նույնիսկ այստեղ ծառայությունների գներն իջեցնեն»: Տուրօպերատորների նախագահն էլ խորհուրդ տվեց ծառայությունների գները բարձրացնելու փոխարեն ծառայությունների քանակն ընդլայնել. «Նորմալ սպասարկում պետք է ստեղծեն, կադրեր պատրաստեն: Մարզերում վիճակն ավելի վատ է, հիմա էլ Տաթեւ-ճոպանուղի են խաղացնում, բայց մենակ ճոպանուղով զբոսաշրջություն չես զարգացնի, օտար երկրից տուրիստը միայն ճոպանուղու համար Հայաստան չի գա: Մարզերում չկան տուրիստական ֆիրմաներ, մարզպետարան-տուրիզմի պատասխանատու, եթե իրանք չգիտեն ինչքան տուրիստ է գալիս, ո՞նց կզարգանա էդ շրջանում տուրիզմը: Սուտ խոսքեր են, թե Հայաստանում տուրիզմ են զարգացնում»:

Երեկվա ասուլիսում էլ Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանն էր հյուրանոցային ծառայությունների բարձր գներն արդարացնում. «Հյուրանոցների բարձր գների հիմնական պատճառներից մեկը պահանջարկի պակասն է. եթե զբոսաշրջիկների քանակը կտրուկ աճի, եւ հյուրանոցների թիվը կավելանա, եւ մրցակցությունը կընդլայնվի, եւ հյուրանոցատերն այդ ժամանակ իրեն թույլ կտա ավելի էժան գնային քաղաքականությամբ աշխատել ու ավելի խոշոր մասշտաբի վրա, իսկ այսօր ստիպված են բարձր գնային քաղաքականություն վարել, որ շահույթ ապահովեն»: Տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանն էլ պնդում էր. «Հայաստանում գնագոյացումն իրոք օդից վերցված է: Ինչի՞ց ելնելով են գները թանկացել, ոչ ոք չի կարող ասել: Ծիծաղելի է միայն մի գիշեր քնելու համար այդքան թանկ վերցնել»: Բեկոր Փափազյանն ասաց, որ անցած տարի մոտ 600 հազար այցելու է եկել Հայաստան, աճի տեմպերը պահպանվում են եւ տարեցտարի այցելուների թվի մոտ 10% աճ է արձանագրվում: Միայն 2009-10թթ. առաջին կիսամյակի տվյալներով այցելուների մոտ 12% աճ է գրանցվել: Ռ. Մինասյանն էլ նկատեց, որ այցելուների թվում շատ քիչ տոկոս է կազմում կազմակերպված, պլանային տուրիզմը, որից գումար է գալու մեր երկրին. «Այս տարի կազմակերպված տուրիզմի շատ չնչին աճ է նկատելի, բայց դա առանձին տուրիստական ֆիրմաների աշխատանքից կախված չէ, այլ երկրի ճանաչված լինելու մակարդակից ու շատ այլ հարցերից»: Ըստ նրա՝ զբոսաշրջիկը չի նախընտրում Հայաստանում հանգստանալ մեկ այլ պատճառով. «Հայաստանը անհրաժեշտ ձեւով ու չափով չեն գովազդում: Վրացիները մեզնից խելոք գտնվեցին, նրանք գովազդում են իրենց պետությունը»:

Բեկոր Փափազյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են. «Օգտվելու ենք Տաթեւի ճոպանուղու բացման առիթից եւ ավելացնելու ենք մեր երկիր ժամանող լրագրողների թիվը՝ «ԵվրոՆյուզից» ու մի շարք խոշոր լրատվամիջոցներից»: Տուրօպերատորների միության նախագահն էլ համոզված է՝ տուրիզմի ոլորտում գումար ներդնելը շահավետ է, դրանք շատ կարճ ժամանակամիջոցում կարելի է հետ բերել, հետեւաբար. «Այսօր պաշտոնապես ասում եմ՝ անհրաժեշտ է տուրիզմը բերել հարկային դաշտ՝ թե՛ հյուրանոց կլինի, թե՛ ներքին տուրիզմ, որ կարողանանք պետության հետ խոսել, պետությունն էլ մեզ հետ հաշվի նստի, թե չէ՝ այսօր չենք կարողանում ասել՝ 50 միլիոն դոլար բյուջե ենք բերել, հարգելի՛ պետություն, 10 միլիոնն էլ տուր գովազդ անենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել