Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒԶՈ՞ՒՄ ԵՆ ՆՈՐՄԱԼ ԵՐՇԻԿ ՈՒՏԵՆՔ

Օգոստոս 25,2010 00:00

\"\"Արտադրողների շա՞հն է կարեւոր, թե՞ ազգի առողջությունը

Թե ինչ ենք մենք գնում խանութից ու ինչ ենք ուտում՝ այսօր ոչ ոք հստակ չի կարող ասել: Եթե հավատանք գովազդներին՝ սննդամթերք արտադրող բոլոր ընկերությունները լավագույնն են, բոլորն աշխատում են մաքուր ու ազնիվ, մինչդեռ իրականում երշիկ ուտելիս՝ ուտում ենք սոյա ու ստվարաթուղթ, քաղցրավենիք, յոգուրտ ուտելիս՝ ուտում ենք առողջության համար այնպիսի վտանգավոր հավելումներ ու քիմիական նյութեր, որոնց մասին պատկերացում անգամ չունենք: Բնականաբար, այդ ամենի մասին մակնշումների մեջ չենք գտնի ու քանի դեռ չգիտենք իրական բաղադրությունը՝ կշարունակենք փող տալ թույնի համար, կշարունակենք մեր երեխաների համար գնել փաթեթավորված հիվանդություններ՝ նրանց համար ապահովելով անպտղություն, իմպոտենտություն եւ այլ խնդիրներ:

Ստուգելու համար, թե այս կամ այն երշիկը, նրբերշիկը, լոլիկը կամ դեղձը գենետիկորեն ձեւափոխվա՞ծ է, թե՞ ոչ՝ պետք է ենթադրությունների փոխարեն դրանք ենթարկել լաբորատոր փորձաքննության, ինչի հնարավորությունը մեր երկիրն արդեն ունի: Շուրջ մեկ տարի է՝ Հայաստանում գործում է «Ստանդարտ դիալոգ» ընկերության լաբորատորիան, որը պատրաստ է մի քանի օրում հստակ պատկերացում տալ մեր հանրապետությունում վաճառվող ողջ սննդատեսակի վտանգավորության մասին ու ճշգրիտ պարզաբանել՝ որը ուտենք, որը՝ ոչ: Մինչդեռ այս 1 տարվա ընթացքում այդ գերհզոր լաբորատորիան, կարելի է ասել՝ պատվեր չունի: Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության տեսչությունը, որը կարող էր ամեն օր գոնե 1 մանկական կերի կամ գոնե մեկ բնական հյութի իրական բաղադրությունը ճշտել՝ զբաղվում է հիմնականում մակնշումներով ու պիտանելիության ժամկետներով, սա այն դեպքում, երբ շատ սննդատեսակներ՝ անգամ ժամկետի մեջ, իրական ռումբ են մեր հասարակության առողջության համար:

«Առավոտի» հետ զրույցում լաբորատո րիայի գլխավոր մասնագետ Էլմիրա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 1 ապրանքատեսակի փորձաքննությունն արժե ընդամենը 42 հազար դրամ. «Մեր սարքավորումներով 5 ժամվա ընթացքում 32 ապրանքի փորձաքննություն կարող ենք անել, իսկ սա նշանակում է, որ շատ կարճ ժամկետում կարող ենք փորձաքննել Հայաստանի շուկայում վաճառվող այն 25 հազար անուն սննդամթերքները, որոնց մի մասը հաստատ աղբ է, բայց մենք շարունակում ենք դրանց համար փող տալ»: Հասկանալի է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչությունը սուղ բյուջե ունի, բայց եթե չի կարող մեր երկրի համար այդ գործը կատարել ու իսկապես ապահովել անվտանգ սննդի վաճառքը՝ ուրեմն էլ ինչի է պետք այդ տեսչությունը: Հարեւան երկրների լաբորատորիաներում այդ նույն փորձաքննությունը $2000-ի չափ է նստում, իսկ եթե գումարենք ճանապարհածախսը, առավել եւս՝ մեր երկրի լաբորատորիայից օգտվելն անհամեմատ ձեռնտու է: Թե ինչու մինչ օրս որեւէ ապրանք չեն տարել ու չեն փորձաքննել՝ տեսչության սննդի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանն ասաց, որ չգիտեն այդ լաբորատորիայի գոյության մասին, մինչդեռ երբ 4 ամիս առաջ «Ստանդարտ դիալոգի» լաբորատորիան ստացել է էկոնոմիկայի նախարարության հավատարմագիրը, դրա տակ ստորագրել է նաեւ խորհրդի անդամ, գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, այսինքն՝ նախարարությունը չէր կարող ստորագրել ու տեղյակ չլինել այդ լաբորատորիայի մասին:

Է. Հովհաննիսյանը պատմում էր, որ զուտ իրենց հետաքրքրության համար արդեն 50 ապրանքատեսակ փորձաքննել են ու 50%-ի մեջ հայտնաբերվել են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ. «Այդ ապրանքների մակնշումներում այդ մասին ոչինչ չէր նշված: Սոյան մոտ 12 գենետիկորեն ձեւափոխված տեսակներ ունի, որոնցից աշխարհում 3-ն է թույլատրված օգտագործել սննդամթերքում, իսկ մանկական կերերի մեջ ընդհանրապես արգելվում է օգտագործել: Մինչդեռ այսօր մանկական կերերի մեջ կարելի է հայտնաբերել նույնիսկ առհասարակ սննդի մեջ չթույլատրվող սոյայի գենետիկորեն ձեւափոխված տեսակներ»: Լաբորատորիայի մասնագետը չցանկացավ առայժմ հրապարակել, թե որ ընկերությունների ու որ արտադրանքների մասին է խոսքը, քանի որ դրանք պաշտոնական փորձաքննություններ չեն եւ իրավունք չունեն այդ ընկերությունների գործարար համբավը վնասել: Սակայն եթե դա կատարվի պաշտոնական մարմնի՝ տեսչության պատվերով, պատրաստ են պարբերաբար թերթերում հրապարակել բոլոր ընկերությունների ստուգված սննդամթերքների ցանկն ու հայտնաբերված վտանգավոր նյութերի մասին տեղեկատվություն: Էլմիրա Հովհաննիսյանի խոսքերով՝ «Հաճախ լինում է, երբ մարդիկ դեղ են խմում ու ասում՝ ստից դեղ է, ինձ չօգնեց, մինչդեռ դա կարող է ոչ թե դեղից լինել, այլ՝ հենց գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքներից, որոնք մարդկանց դարձնում են ալերգիկ, դեղերի ազդեցությունը չզգացող: Կարող է ժամանակ գալ, երբ մարդիկ ուժեղ ցավազրկողներ խմեն ու դրանք չազդեն նրանց վրա»:

Բնականաբար, բոլորս էլ հասկանում ենք, որ հարցը միայն բյուջեի սղությունը չէ, Հայաստանում բավականին հզոր ուժեր կան, որոնք թույլ չեն տա Սննդի անվտանգության տեսչությանը իրենց ապրանքը փորձաքննության ենթարկել՝ համոզված լինելով, որ դրանք շուկայից դուրս կգան: Հնարավո՞ր է, որ անուն ձեռք բերելուց հետո ձեր լաբորատորիան սկսի այս կամ այն ընկերությունից փող վերցնել ու նրա բնական հյութը, յոգուրտը կամ երշիկը «լրիվ մաքուր» հանել. մեր այս հարցին ի պատասխան՝ Է. Հովհաննիսյանը վստահեցրեց, որ դա բացառվում է. «Թող պետական մարմինը մեզ ապրանքներ բերի՝ պիտակը պոկած, մենք էլ թող չիմանանք, թե որ ընկերության սնունդն ենք փորձաքննում, որպեսզի միանշանակ օբյեկտիվ եզրակացություն ունենանք: Մենք պաշտոնական կայքէջ կբացենք ու կաշխատենք թափանցիկ, պարբերաբար կհրապարակենք այն ապրանքների մասին, որոնք փորձաքննության ենք ենթարկել: Մենք հասկանում ենք, որ պետբյուջեում քիչ գումար կա, բայց եթե մի քիչ սրտացավություն կա ազգի առողջության նկատմամբ՝ կարող են դա անել: Թող բերեն տեղական արտադրության երշիկները, եթե ուզում են, որ հայ ազգը նորմալ երշիկ ուտի: Մենք շուկայից որեւէ ընկերության չենք հանի, միայն կստիպենք, որ ճիշտ մակնշում լինի եւ սպառողը ինքը հասկանա, թե ինչու է մի երշիկը 2000 դրամ, մյուսը՝ 4000»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել