Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՐՔԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՆՈՐՄԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ»

Օգոստոս 25,2010 00:00

\"\"Ըստ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի. «Վրաց իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Վրաստանի հետ կապված արտաքին քաղաքականությունը դարձել է ընդամենը ներկրումները ապահովելու քաղաքականություն»:

– Պարոն Թորոսյան, հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացումն ու ռուսական ռազմակայանի տեղակայման երկարաձգումը բավական ցավագին ընդունվեցին ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Վրաստանի կողմից: Ինչո՞վ եք Դուք դա բացատրում, չէ՞ որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ ունեցող երկրներ են համարվում:

– Վրաստանի նման արձագանքը եւս բնական եմ համարում, որովհետեւ այսօր Վրաստանը Ռուսաստանի հետ թշնամական հարաբերությունների մեջ է, ուստի Վրաստանի սահմանների մոտ տեղակայված ռուսական ցանկացած ռազմակայանի մեջ վրացական կողմն ակնհայտ սպառնալիք է տեսնում: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ հայ-ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգումն ու պարտավորությունների փոփոխությունը ֆորմալ առումով որեւէ ազդեցություն չեն ունենա հայ-վրացական հարաբերությունների վրա, քանի որ յուրաքանչյուր երկիր իր արտաքին քաղաքականությունը կառուցում է՝ ելնելով իր շահերից, եւ եթե այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները խորացնում է այս կարգի պայմանագրերով, ապա Վրաստանն էլ իր արտաքին քաղաքականությունը կառուցում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների սերտացմամբ, ինչն, իր հերթին, չի բխում Հայաստանի շահերից:

– Հայ-ռուսական ռազմակայանի մասին արձանագրային փոփոխությունների հետ կապված՝ որոշ վրացի փորձագետներ մտահոգություն հայտնեցին, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանն այլեւս կարելի է դիտել իբրեւ ուղղակի սպառնալիք, որն ամենայն հավանականությամբ կմիջամտի վրաց-ռուսական առաջիկա հնարավոր բախման դեպքում: Որքանո՞վ են, ըստ Ձեզ, նման մտահոգությունները հիմնավոր:

– Դեռեւս 2008թ. հնգօրյա պատերազմի ժամանակ վրացական կողմն առիթը բաց չթողեց՝ փորձելով հայերին մեղադրել, թե Գյումրիի ռազմակայանից կործանիչներ են հայտնվել վրացական երկնքում: Իրականում, իհարկե, նման բան չկար: Դա մոգոնեց՝ այդ նեղ վիճակում իրենց կողմից արված կեղտոտ քայլերն արդարացնելու, մասնավորապես՝ Կապսիի հատվածում Հայաստանը սնուցող երկաթգիծը պայթեցնելու համար: Այդ նեղ օրերին վրացիները պայթեցրին երկաթգիծը, որպեսզի Հայաստանն էլ իրենց հետ համահավասար տուժի եւ կտրվի աշխարհից: Եվ դա նրանք, իհարկե, միտումնավոր արեցին, որովհետեւ ռուսական կողմն այդ տարածքները ռմբակոծելու ոչ կարիք եւ ոչ էլ ցանկություն ուներ: Ինչ վերաբերում է առաջիկա ռուս-վրացական հնարավոր բախման դեպքում Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանի ներգրավման շուրջ վրացիների մտահոգություններին, ապա դրանք հիմքեր չունեն: Հայաստանում տեղակայված ռազմաբազան չի օգտագործվի Վրաստանի դեմ, որովհետեւ Ռուսաստանը դրա կարիքը չի ունենա: Չմոռանանք, որ 2008թ. վրաց-օսական պատերազմի ժամանակ էլ Ռուսաստանն ուներ Գյումրիի ռազմակայանը, սակայն չօգտագործեց: Այսինքն՝ ինչքան էլ բարձր մակարդակի ռազմավարական դաշնակցություն լինի, միեւնույն է՝ Ռուսաստանը հասկանում է եւ պարտավոր է հասկանալ, որ իր շահերի սպասարկումով նա չի կարող Հայաստանին թշնամացնել տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Ուստի, հայ-ռուսական ռազմակայանը կարող է օգտագործվել Վրաստանի դեմ միայն մեկ դեպքում. եթե Վրաստանը սպառնալիք հանդիսանա Հայաստանի անվտանգության համար:

– Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու՝ Ադրբեջանի հետ կոնֆեդերատիվ պետություն կազմելու առաջարկը:

– Վրացական կողմից հնչած այդ առաջարկը նույն ոգեւորությամբ չի ընկալվում Ադրբեջանում: Ինչ-որ տեղ ողջունելով այդ գաղափարը՝ այնուամենայնիվ, Ադրբեջանը համարում է, որ կոնֆեդերացիան կարող է աշխատել կոնկրետ հարցերի շուրջ: Այսինքն՝ այդ կոնֆեդերացիան Ռուսաստանի դեմ ուղղելու Վրաստանի ձգտումը Ադրբեջանը չի կիսում: Ադրբեջանը, հանուն Վրաստանի հետ բարեկամության, երբեք չի ցանկանա թշնամանալ Ռուսաստանի նման երկրի հետ: Իսկ մնացած հարցերի, մասնավորապես՝ Վրաստանի տարածքով գազի եւ նավթի արտահանման, ինչպես նաեւ հակահայկական ուղղվածության խնդիրների շուրջ, բնականաբար, նրանք կհամագործակցեն:

– Պարոն Թորոսյան, Վրաստանի էներգետիկայի նախարարը օրերս հայտարարեց, թե Վրաստանն այլեւս չի պատրաստվում վաճառել Ռուսաստանից Հայաստան գազ առաքող մայրուղային գազատարը: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված այս հարցում վրաց իշխանությունների դիրքորոշման փոփոխությունը:

– Վրաստանն ունի կոմունիկացիոն հնարավորություններ, որոնք Դամոկլյան սրի նման անընդհատ կախած է պահում Հայաստանի գլխին եւ շահարկում: Գազատարը մասնավորեցնելու մասին Վրաստանի խորհրդարանի որոշումից հետո տարբեր երկրներ ցանկություն հայտնեցին այն ձեռք բերելու մասին, բայց ամենից շատ անհանգստացավ Հայաստանը, որ հանկարծ գազատարը չհայտնվի ադրբեջանական կամ թուրքական կողմի ձեռքում: Սակայն երբ եկավ պահը, որ Ադրբեջանը գազամուղի համար 500 միլիոն դոլար վճարելու կոնկրետ առաջարկ արեց, Վրաստանը հայտարարեց, որ գազատարը չի վաճառելու: Դրա պատճառն այն է, որ Վրաստանն այդ գազատարի գործոնն անընդհատ ուզենալու է իր ձեռքում պահել եւ ի շնորհիվ դրա ինչ-ինչ խնդիրներ լուծել: Իսկ եթե այդ գազատարն այսօր վաճառվի որեւէ երկրի, ասենք՝ թեկուզ Ադրբեջանին, արդեն մենք կորոշենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք՝ Իրանի՞ց սկսենք գազ ներմուծել, թե՞ փորձենք աշխատել Ռուսաստանի հետ, որպեսզի նա, որպես գազ վաճառող երկիր, իր ազդեցությունը գործադրի, որ ազերիները հանկարծ չփակեն գազատարը եւ այլն: Այսինքն՝ մենք տվյալ դեպքում ունենք անելիք, եւ ի վերջո ելքը կգտնենք: Իսկ հիմա անորոշություն է, եւ մենք չգիտենք՝ Վրաստանը գազատարը կվաճառի, չի վաճառի, ում կվաճառի, դա կլինի բիզնես գործա՞րք, թե՞ քաղաքական վաճառք:

Ահա այս պատճառով ես կարծում եմ, որ Վրաստանը կցանկանա հնարավորինս երկար պահպանել եւ շահարկել գազատարի գործոնը՝ որպես Հայաստանի նկատմամբ սպառնալիք՝ այդպիսով առաջին հերթին կարողանալով կոծկել իր հայահալած քաղաքականությունը Ջավախքում:

– Այս օրերին տարբեր քաղաքական գործիչների կողմից տեսակետ հնչեց, որ Հայաստանն ամեն գնով պետք է գնի այդ գազատարը: Սակայն, ելնելով Ձեր նշած փաստարկների տրամաբանությունից, ստացվում է, որ եթե առաջիկայում Վրաստանը կրկին առաջ քաշի գազատարի վաճառքի հարցը, ապա այն ոչ մի դեպքում Հայաստանին չի՞ վաճառի:

– Պետք չէ միամիտ լինել: Եթե անգամ պատկերացնենք, որ ամբողջ Հայաստանի գործարարները հավաքվում են եւ ադրբեջանական կողմի առաջարկած 500 միլիոնի փոխարեն վրացիներին տալիս են 2 միլիարդ դոլար, միեւնույն է՝ Վրաստանը չի համաձայնվի եւ որեւէ փողի դիմաց չի ցանկանա կորցնել մեզ կոմունիկացիոն կախվածության մեջ պահելու եւ դրա դիմաց մեզանից լուրջ զիջումներ կորզելու այդ հիանալի գործիքը:

– Մեր զրույցի սկզբում Դուք նշեցիք, որ հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացումը ֆորմալ առումով որեւէ ազդեցություն չի ունենա հայ-վրացական հարաբերությունների վրա: Իսկ ինչպիսի՞ն կլինի ոչ ֆորմալ ազդեցությունը:

– Ռուսական գործոնը հայ-վրացական հարաբերությունների վրա միշտ էլ ազդել է: Եվ այս համաձայնագիրն ընդամենը մի նոր իմպուլս էր: Եվ ուզենք, թե ոչ՝ այն բացասաբար է անդրադառնալու հայ-վրացական հարաբերությունների վրա: Սակայն այսօր հայ- վրացական հարաբերություններում ավելի լուրջ խնդիրներ կան:

Հայաստանն ու Վրաստանը պաշտոնական մակարդակներում փայլուն հարաբերություններ ունեն. փոխադարձ կենացներ ենք խմում, մեդալներ տալիս ու ստանում, սակայն խորքային առումով Հայաստանի եւ Վրաստանի մեջ նորմալ հարաբերություններ չկան: Մենք շատ լուրջ խնդիրներ ունենք՝ սկսած հոգեւոր-կրոնական հարցերից, ավարտած Ջավախքում առկա բազմաթիվ ազգային խնդիրներով: Հայկական եկեղեցիների հետ կապված՝ վրացական իշխանությունները խոստացան հարցը լուծել, սակայն Վրաստանի արտաքին գործերի Ալեքսանդր Նալբանդով կոչված փոխնախարարը վերջերս հայտարարեց, որ վիճելի եկեղեցիներ չկան եւ չեն կարող լինել, դրանք բոլորը վրացական են: Նույն մոտեցումն է նաեւ Ջավախքի հարցում: Ցույց են տալիս, թե այդտեղ լայն թափով ճանապարհաշինություն է ընթանում, Ջավախքը փորձում են կոմունիկացիոն կենտրոն դարձնել, մեծացնում են բյուջեն եւ այլն, բայց իրականում մենք տեսնում ենք տարածաշրջանի վրացիֆիկացիա եւ թուրքիֆիկացիա, քաղաքական հալածանքների ուժգնացում եւ դեմոգրաֆիական կազմի փոփոխությանը միտված քաղաքականություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել