ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում տեղի է ունեցել հերթական միջադեպը՝ մահվան ելքով: Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը լռել է ողբերգական միջադեպի մասին եւ մամուլի համար հաղորդագրությամբ հանդես եկել «Առավոտ» օրաթերթում հրապարակումից հետո միայն:
«Առավոտ» օրաթերթի 2010թ. օգոստոսի 21-ի համարում տպագրված «Գնդակահարել է համագյուղացուն» վերնագրով տեղեկատվության կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հետեւյալը. 17.08.2010թ. ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հարություն Յուրիկի Վարդանյանը (ծնված 1984 թ., Տավուշի զ/կ) հրազենային երկու կրակոց է արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արսեն Երվանդի Չոբանյանի (ծնված 1966թ., Տավուշի զ/կ) կրծքավանդակի շրջանին: Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբանյանը տեղում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հարուցվել է քրգործ, եւ կատարվում է նախաքննություն: Քրգործով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Հարություն Յուրիկի Վարդանյանը 18. 08.2010թ. ձերբակալվել է: 21.08. 2010թ. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրգործի նախաքննությունը շարունակվում է: