Երեկ առավոտյան վախճանվել է թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը:
Հայաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ 72-ամյա դերասանը տառապում էր արյան քաղցկեղով եւ մահացել է հիվանդանոցում:
Վլադիմիր Մսրյանը պետական մրցանակի դափնեկիր է, «Մովսես Խորենացի» շքանշանի ասպետ: Թատերական գործունեությունը սկսել է շուրջ կես դար առաջ՝ 1961 թվականին, 1967 թվականից հանդես էր գալիս Երեւանի դրամատիկական թատրոնի բեմում: 1982 թվականին «Մոսֆիլմի» եւ «Բուլղարֆիլմի» նկարահանած «Պագանինի» ֆիլմը, որտեղ արվեստագետը մարմնավորել է վիրտուոզ ջութակահարին, իրեն համաշխարհային հռչակ բերեց: Վ. Մսրյանը նկարահանվել է նաեւ խորհրդային եւ հայաստանյան արտադրության մի շարք ֆիլմերում: