Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ ՉԷ ԽԱՆԴԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Օգոստոս 25,2010 00:00

\"\"ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային բյուրոյի տնօրեն Նվեր Թորոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համակարգ վաճառելու հարցին եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած կարծիքներին, ասաց, թե պետք չէ խանդոտ վերաբերվել Ռուսաստանին այն բանի համար, որ ցանկանում է հարաբերություններ ունենալ մեկ այլ պետության, կոնկրետ՝ Ադրբեջանի հետ: Ըստ ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի՝ C-300 համակարգը նախատեսված է բացառապես պաշտպանական նշանակության համար եւ կարող է դիտվել ոչ միայն ռազմական հարձակումներից, այլեւ միջազգային ահաբեկչությունից պաշտպանվելու միջոց: Պարոն Թորոսյանի բնորոշմամբ, օգոստոսի 20-22-ը անցկացված ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը Հայաստանի համար «բարոյական հաղթանակ» էր եւ «զսպաշապիկ»՝ հարեւան Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին:

Հարցին՝ երկկողմ պայմանագրերի ստորագրումը պատերազմի վերսկսման առումով ի՞նչ փոխեց, Ն. Թորոսյանը պատասխանեց, թե Ադրբեջանի կողմից հնչեցված ռազմատենչ հայտարարությունները միայն ներքին սպառման համար են, իսկ պայմանագրերի ստորագրումից հետո ծիծաղելի համարեց Ալիեւի կողմից նույն գործելաոճով առաջնորդվելը, քանի որ, ըստ բանախոսի, այդ հայտարարությունները սրանից հետո նույնիսկ ներքին սպառում չեն ունենա: Ինչ վերաբերում է 102-րդ ռուսական ռազմաբազաների երկարաձգման ժամկետին, պարոն Թորոսյանը գտնում է, որ պայմանագրի երկարաձգումն անհրաժեշտություն էր, մեր երկրի կողմից ճիշտ եւ ժամանակին արված քայլ, որովհետեւ. «Ադրբեջանը, բացի սպառնալիքներից, նաեւ կոնկրետ քայլեր է կատարում, ձեռք բերում նոր ռազմական տեխնիկա ոչ միայն Թուրքիայից, ավելացնում է իր ռազմական բյուջեն»: Այս ամենի կողքին, ըստ ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցչի, չէինք կարող թողնել 102-րդ բազային վերաբերող պայմանագիրն այնպիսին, ինչպիսին կնքվել էր 1995 թվականին, քանի որ այն ինչ-որ տեղ առնչվում էր Խորհրդային Միությանը եւ բխում ԽՍՀՄ հարաբերություններից. «Թարմացված տարբերակում արդեն բացակայում է նախին խորհրդային երկրների հետ հարաբերությունների մասին բառակապակցությունը: Նոր տարբերակով ռազմաբազան ՌԴ անվտանգությունից բացի, կապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել