Լրահոս
Օրվա լրահոսը

Կհարուցվի՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը

Օգոստոս 25,2010 00:00

Ըստ «Ժառանգության»՝ այո՛, եթե ՌԴ-ն իրոք C-300 վաճառի Ադրբեջանին

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակել էր իր տեսակետը. «Եթե Ռուսաստանն իսկապես ավարտին հասցնի իր C-300 հակաօդային համալիրի կամ նրա համարժեք սպառազինության՝ հայտարարված վաճառքը Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ եւ ռեւիզիոնիստ վարչախմբին, ապա Հայաստանը պետք է անհապաղ դուրս գա ՀԱՊԿ-ից, որի միակ անդամն է այս տարածաշրջանում, կամ նվազագույնը՝ լիարժեք շուկայական վարձավճար պահանջի ռուսական ռազմակայանների համար»:

Ու թեեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չէր հերքել ու չէր հաստատել այս վաճառքը՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում արձանագրեց. «Ադրբեջանում սա արդեն համարում են կայացած փաստ»: Եվ C-300-ի վաճառքն այսպես գնահատեց. «Անխոցելի է դառնում Ադրբեջանը՝ իր պաշտպանական համակարգով»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հավելեց, թե այս պայմաններում խնդրահարույց է դառնում, թե ո՞րն է ՀՀ անվտանգությունն ապահովող համակարգը. «Եթե Ռուսաստանն իսկապես ավարտին հասցնի այս վաճառքն Ադրբեջանին, ապա հենց ի՛նքն իր գործողություններով Հայաստանին դուրս կդնի ռազմավարական գործընկերության դաշտից ու նաեւ ՀԱՊԿ-ի տիրույթներից»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե «Ժառանգությունն» այդ պարագայում կպահանջի՞, որ Հայաստանը հայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: «Մեր կարծիքով, այդ հարցն այլեւս հարուցված կլինի,- պատասխանեց պրն Սաֆարյանը:- Ես կարծում եմ, որ ոչ միայն «Ժառանգությունը», այլ նաեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այդ դեպքում մտածելու խնդիր ունի՝ ինչպես ապահովել հետագայում մեր անվտանգությունը, եթե Հայաստանի ռազմավարական դաշնակիցը խախտել է «ստատուս քվոն», որի բաղկացուցիչներից մեկը հենց ռազմական ուժերի հավասարակշռությունն է»:

Մեր դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի վերոհիշյալ առաջարկին հրապարակավ հետեւեցին Հայաստանի քաղաքական ու քաղաքագիտական շրջանակների բացառապես բացասական արձագանքները՝ Ռուբեն Հակոբյանն այսպես պատասխանեց. «Դա պայմանավորված է նրանով, թե ո՛վ է կարդում, ի՛նչ պրիզմայով»: «Եվ ինչ է ուզում հասկանալ»,- լրացրեց Ստյոպա Սաֆարյանը: Եվ այս համատեքստում պրն Հակոբյանը, որը հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոսն է, անդրադարձավ նաեւ այն քարոզչությանը, որն ուղեկցել էր հայ-ռուսական վերջին զարգացումներին. «Թե՛ որպես հեռուստալրագրող, թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես քաղաքական գործիչ ես վիրավորվում էի, որ մեր ամբողջ եթերը լցված էր շողոքորթությամբ: Շատ հնարավոր է, որ մեծամասնությունը կողմ լինի այս ամենին եւ ասի՝ ճիշտ է եւ այլն: Բայց գիտեմ, որ շատ տրամադրություններ կան, որոնք չարտացոլվեցին եթերում: Եվ ինձ համար մի քիչ անհասկանալի է, որ մեր քաղաքական գործիչը՝ նստած հեռուստատաղավարում, հայտարարում է, թե նույնիսկ C-300-ի վաճառքը Ադրբեջանին ձեռնտու է Հայաստանին: Ասում է, որ, այո՛, Ռուսաստանը մեզնից մի քիչ նեղացած է, քանի որ կառավարության միջանցքներում եվրոոճով ինչ-որ կադրեր են ման գալիս: Այսինքն՝ կնեղանա՞ն, թե ինչի՞ պիտի Եվրոպայում կրթություն ստացած մարդն աշխատի այստեղ: Մի առիթով ասել էր պրն Սաֆարյանը, թե առաջացել է վիճակ, որ պետք է հայ-ռուսական բարեկամությունն ու գործընկերությունը փրկել այս կեղծ շողոքորթությունից»: Նա կարծիք հայտնեց. «Չեմ կարծում, թե իշխանության սրտով է, որ ՌԴ-ն պետք է C-300 վաճառի Ադրբեջանին: Բայց եթերն այնպես փակվեց, որ կարող էր թվալ, թե հայ ժողովուրդն առավոտն արթնանում ու ծափահարում է, թե էս ի՜նչ լավ բան է կատարվել: Այս շքերթն ինձ իսկապես վիրավորում է»:

Ռուբեն Հակոբյանը հավելեց. «Ամեն նորմալ քաղաքացի հասկանում է՝ եթե հնարավորություն չի տրվում բանավեճ, զրույց կայանա, որ կարողանան իրենց ճշմարտությունը բացահայտել՝ նշանակում է, ինչ-որ բան այն չէ: Եթե այսօր իշխանությունից որեւէ մեկը ոչինչ չի ասում C-300-ի կամ ռազմակայանը 49 տարով երկարաձգելու հետ կապված՝ գտնում եմ, որ բոլո՛ր, անգամ ամենածայրահեղ մեկնաբանությունները տեղին են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել