Վրաց փորձագետներն անհանգստացած են, որ Հայաստանում տեղակայված ռուսական բազան իր ներուժը մի օր կարող է ուղղել Վրաստանի դեմ:
«Առավոտը» դեռ երկու շաբաթ առաջ մեջբերել էր ՌԴ պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի անդամ, «Ազգային պաշտպանություն» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի՝ «ՀԼԸ վՏՉՏրՑՌ»-ին տված հարցազրույցը, որում վերջինս հայտարարել էր. «ՌԴ պաշտպանության նախարարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել «Հարավ» անունը կրող եւ ձեւավորման փուլում գտնվող միացյալ ռազմավարական հրամանատարության մարտունակությունը ամրապնդելու համար: Հրամանատարության ներքո գտնվող ռազմական միավորումների սպառազինությունների, ռազմատեխնիկայի եւ նոր կազմակերպչական կառուցվածքի արդիականացումը կօգնեն ետ շպրտելու Վրաստանի կողմից հնարավոր նոր ագրեսիան»: Ընդ որում, ըստ նրա, նախատեսվում է, որ «Հարավ» միացյալ հրամանատարության մեջ մտնելու են ՌԴ-ի Հյուսիս-կովկասյան, Արեւմտյան, Մերձվոլգյան-ուրալյան ռազմական օկրուգները, Սեւծովյան եւ Կասպյան նավատորմերը, Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում ու նաեւ Հայաստանում՝ Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազաները: Ասել է թե՝ չի բացառվում, որ ռուսները եթե ոչ գործնականում, ապա տեսականորեն կարող են Հայաստանում տեղակայված իրենց բազաներն օգտագործել Վրաստանի դեմ հնարավոր ռազմական գործողություններ ձեռնարկելու դեպքում: Պաշտոնական Թբիլիսին, այդուհանդերձ, շատ զուսպ մեկնաբանությամբ է անդրադարձել Հայաստանում ռուսական բազաների ներկայությունը երկարաձգելու փաստին: Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն միայն հայտարարել է, թե Վրաստանի համար կարեւորն այն է, որ Հայաստանը լիովին գիտակցում է ՌԴ-ից Վրաստանին բխող ապագա սպառնալիքները, եւ «դրանից ելնելով՝ մենք հիմքեր չունենք կասկածելու, որ Հայաստանը տարածաշրջանի անվտանգությունը հարցականի տակ դնող քայլեր կձեռնարկի»:
«Առավոտը» երեկ զրուցեց Վրաստանի ոչ պաշտոնական շրջանակների ներկայացուցիչներից մեկի՝ «Զարգացման եւ համագործակցության կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Իվլիան Խաինդրավայի հետ: Այն, որ ՀՀ-ում ռուսական բազաների ներկայությունն ու դրա ժամկետների երկարաձգումը որոշակիորեն առնչվում են նաեւ Վրաստանի շահերին, վրաց քաղաքագետը ակնհայտ համարեց եւ հավելեց. «Ռուսաստանն ամրապնդում է իր ռազմական եւ համապատասխանաբար՝ նաեւ քաղաքական եւ տնտեսական ներկայությունը տարածաշրջանում: 2008թ.-ին Վրաստանի հետ պատերազմից հետո, որը Ռուսաստանի համար ավելի քան հաջող ավարտ ունեցավ, հիմա ռուսները մի կողմից՝ Ադրբեջանին C-300 են տալիս, մյուս կողմից՝ դրանով ստիպում Հայաստանին գնալ այնպիսի քայլի, ինչպիսին է Գյումրիում ռուսական ռազմաբազաների ներկայությունը երկարաձգելը: Դրանով իսկ մեծանում է տարածաշրջանի բոլոր պետությունների կախվածությունը Ռուսաստանից, եւ Արեւմուտքը դրան, ցավոք, ոչինչ հակադրել չի կարող»:
Մեր հարցին, թե արդյոք Վրաստանում համարո՞ւմ են, որ Հայաստանում տեղակայված ռազմական բազաները նաեւ Թբիլիսիի դեմ են ուղղված, Ի. Խաինդրավան նկատեց. «Մեր տարածաշրջանը մեծ չէ, եւ անհրաժեշտության դեպքում կարելի է դրանք ուղղել ում դեմ ասես: Բայց ելնելով այսօր տարածաշրջանում առկա քաղաքական իրավիճակից՝ երբ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն է, ռազմաբազաների այդ ցանցը՝ Հայաստանում, Հարավային Օսեթիայում, իսկ Աբխազիայում նաեւ ռազմածովային, ցամաքային եւ ռազմաօդային ուժերի ներկայությունը, նաեւ Գաբալայի կայանը, որտեղ ռուսական ռազմական ներկայությունը երաշխավորված է, կարելի է ասել, որ մենք ունենք որակապես այլ իրավիճակ, քան կար մինչեւ 2008թ. պատերազմը: Եթե 1999-ին ստամբուլյան համաձայնագրով ռուսական զորքերի դուրսբերումը Վրաստանից կատարվեց մասամբ՝ 3/4 մասով, ապա հիմա մենք սկզբունքորեն այլ պատկեր ստացանք: Այսօր, երբ ամերիկացիները Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններում «բեռնաթափում են» հայտարարել, ԵՄ-ն էլ զբաղված է իր բազմաթիվ եւ դժվարին ներքին խնդիրներով, չեմ կարող ասել, որ Ռուսաստանը լիակատար քարտ բլանշ ունի, բայց համառորեն եւ նպատակաուղղված կերպով ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում: Այս համատեքստում նաեւ Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների առայժմ բարեհաջող ընթացքը հանգեցնում է տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիայի, որը խորհելու տեղիք է տալիս առաջին հերթին, բայց ոչ միայն Վրաստանի իշխանություններին, այլեւ մեր անմիջական հարեւան-բարեկամներին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին»:
Անդրադառնալով հարցին, թե կա՞ մտավախություն, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական բազաները, Հայաստանի իմացությամբ կամ առանց նրա կարծիքը հարցնելու, կարող են օգտագործվել Վրաստանի դեմ, եթե դա անհրաժեշտ լինի Ռուսաստանին, Ի. Խաինդրավան ասաց. «2008թ. օգոստոսյան ճգնաժամի պայմաններում Հայաստանի ղեկավարությունը բավականին լոյալ վերաբերմունք է դրսեւորել Վրաստանի նկատմամբ, բայց կարող է մի իրավիճակ ստեղծվել, երբ Հայաստանին չեն էլ հարցնի, որովհետեւ այդ բազաների հրամանատարությունը ընդհանուր է, եւ ռուսները կարող են նախ՝ հրաման արձակել, իսկ հետո՝ թո՛ղ Հայաստանն ինչ ուզում է՝ ասի, ներողություն խնդրի կամ հարաբերություններ պարզի Վրաստանի հետ: Այդ իմաստով անհանգստություն, իհարկե, կա, որովհետեւ ես ինքս Ռուսաստանի ծավալվող ներկայությունը տարածաշրջանում համարում եմ ոչ թե որպես կայունացնող, այլ պոտենցիալ անկայունության գործոն: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ամենեւին էլ «փափուկ ուժ» չէ, ինչպիսին ԵՄ-ն է՝ նրա խաղաղապահ, դիտորդական կամ այլ զինուժը, որի ստորաբաժանումների տեղակայումը սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանի պետություններին: Ի տարբերություն ԵՄ-ի, ռուսական շահերը Հարավային Կովկասում կարելի է որակել որպես նեոկայսերական հավակնություններ»:
Այսուհանդերձ, վրաց քաղաքագետը միանշանակ պատասխան չտվեց մեր այն հարցին, թե՝ ռուսական բազաների ներկայությունը Հայաստանում կարո՞ղ է ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա: «Ինչ-որ զգուշավորություն Վրաստանում դա, իհարկե, առաջացնում է: Ողջամիտ մարդը չի կարող անտարբեր լինել մի կողմից՝ Ադրբեջանին արդիական զինտեխնիկա տրամադրելու, մյուս կողմից՝ Հայաստանում ռուսական բազաների ներկայության ժամկետը երկարաձգելու առնչությամբ, առավել եւս՝ նկատի ունենալով այն անմխիթար վիճակը, որ կա վրաց-ռուսական հարաբերությունների համատեքստում»:
Մինչեւ 2008թ. վրաց-ռուսական օգոստոսյան հակամարտությունը՝ Հարավային Կովկասի երեք երկրներից հատկապես Վրաստանն ու նրա ներկայացուցիչներն էին, որ պնդում էին տարածաշրջանում միասնական անվտանգության համակարգ ձեւավորելու անհրաժեշտության մասին: Արդյոք վերջին երկու տարիներին տարածաշրջանում բաժանարար գծերն ավելի հստակ չե՞ն ընդգծվում: «Մի կողմից՝ կարելի է ասել, թե սկզբունքային որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, որովհետեւ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո որեւէ այլ անվտանգության համակարգի չեն միացել: Բայց, այդուամենայնիվ, տարածաշրջանում անորոշ իրավիճակ է ստեղծվել: Երկու տարի առաջ Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հեռանկար դեռ կար, բայց 2008-ից հետո դա առ ոչինչ դարձավ, եւ մենք դարձյալ օդից կախված վիճակում ենք: Քաղաքական եւ դիվանագիտական մեթոդները միշտ չէ, որ կարող են դիմակայել Ռուսաստանի ագրեսիվ ճնշմանը: Վրաստանի համար իրավիճակն ավելի քան տագնապալի է, եւ դրանից դյուրին ելքեր տեսանելի չեն: Իսկ Արեւմուտքին տարածաշրջանը հետաքրքրում է այնքանով, որքանով այստեղ կան էներգակիրներ, դրանց տարանցման ճանապարհներ: Արեւմուտքը, այո, շահագրգիռ է Հարավային Կովկասի կայունությամբ, հայ-ադրբեջանական հակամարտության չվերսկսմամբ, բայց դա դիվանագիտական քաղաքականության ոլորտից է, իսկ Ռուսաստանն իր արսենալում ունի նաեւ որոշ հարցեր ռազմական ուժի կիրառմամբ լուծելու փորձառություն»,- արձանագրեց «Զարգացման եւ համագործակցության կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Իվլիան Խաինդրավան: