Լրահոս
Օրվա լրահոսը

Հայանիստը երկրի նախագահից ջուր է խնդրում

Օգոստոս 24,2010 00:00

\"\"Արարատյան դաշտավայրի ընդերքային ջրերը շարունակում են նվազել

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունից «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությանը ահազանգել են, որ Արարատի մարզի Հայանիստ համայնքում ջուր չկա: Ջրի խնդիրն այնքան լուրջ է, որ Հայանիստի համայնքապետ Բաբկեն Սարկիսյանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ նախագահին եւ վարչապետին: Բաբկեն Սարկիսյանի խոսքերով՝ Գեղանիստից Հայանիստ եկող ոռոգման ջրատարը լցված է եղեգով, խմելու ջրի խողովակներն էլ մաշված են: Արտեզյան հորերը ցամաքել են, որովհետեւ համայնքի մի քանի բնակիչ ձկնաբուծարաններ են կառուցել:
Հող չմշակողները ջրի համար ամսական վճարում են 1000 դրամ, իսկ մշակողները՝ ըստ ցանած մշակաբույսերի:
«21-րդ դարն է, բայց մեր խմելու ջուրը պրոբլեմ է, չեն տալիս ջուր: Ասում են՝ փող հավաքեք, ամբողջ գիծը փոխենք, էդ էլ էն փողը չի, ահռելի գումարներ են»,- պատմել է Հայանիստի բնակիչ Եղիշ Հակոբջանյանը:
«Օրական մի 600-700 լիտր ջուր ենք կրում, որ առօրյա կարիքները հոգանք: Ջրմուղը չի մտածում: Խողովակաշարերի համար ասում է, որ փող հավաքենք: Ժողովուրդն էլ չի հավաքում. միջոց չունի: Երեք հազար մետր հողատարածք ունենք, բայց իսկի դրա կեսը չենք կարողանում մշակել, որովհետեւ ոռոգման ջուր չկա: Աշխատատեղ էլ չկա, որ գնաս, աշխատես»,- ասում է Ռիմա Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ «Առավոտը» դեռեւս ապրիլի 17-ին է ահազանգել, թե Արարատյան դաշտավայրում ձկնաբուծության անկանոն զարգացման արդյունքում ընդերքի ջրերի մակարդակը նվազել է: Հենվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի տրամադրած տվյալների վրա, տեղեկացրել ենք, որ «Արարատի մարզի 87 ձկնարդյունաբերական ձեռնարկություններից միայն 27-ի հողն է ջրային, մնացածինը արդյունաբերական կամ գյուղատնտեսական նշանակության է, իսկ Արմավիրի մարզի 147 ձեռնարկություններից ոչ մեկի հողը ջրային չէ. արդյունաբերական, գյուղատնտեսական կամ բնակարանային է: 234 (87+147) ձեռնարկություններից ոչ մեկի շենք-շինությունը գրանցված չէ: 234-ը միասին օգտագործում է 450 խորքային հոր, որից 56-ը ապօրինի է: Ոչ Արարատի, ոչ Արմավիրի մարզերի ձկնարդյունաբերական ձեռնարկություններում ջրաչափեր չկան, 234 տնտեսությունից 109-ում ջրահեռացման վայրերը չեն համապատասխանում ջրթույլտվությունում նշված վայրերին, տնտեսություններում չկան ջրակորուստների կրճատման եւ ջրի արդյունավետ օգտագործման ծրագրեր: Խորքային հորերից փաստացի ջրաելքերը Արարատում նվազել են 15-30%-ով, իսկ Արմավիրում՝ 60-90%-ով: Արմավիրում 25 հոր ցամաքել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել