Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Օգոստոս 24,2010 00:00

\"\"ՀՀԿ-ն շարունակում է հենվել ուժային կառույցներում աշխատանքի փորձ ունեցողների վրա

Ներկուսակցական եւ ոչ միայն ներկուսակցական շրջանակներում կատարվող կադրային փոփոխությունները մի բան են հուշում. 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի՝ նախագահական ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավն ու նախապատրաստական աշխատանքները սկսված են:
ԱԺ մեծամասնության՝ Հանրապետական կուսակցության Արմավիրի մարզային կառույցում եւս փոփոխություններ են եղել: Մինչ օրս հանրապետականի Արմավիրի մարզային կառույցը ղեկավարում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը (աջակողմյան լուսանկարում)՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին: Ու թեեւ Հրանտ Գրիգորյանը իր մանդատի համար պարտական է հորեղբոր ազդեցությանը, 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ավագ եւ կրտսեր Գրիգորյանները բարիկադների տարբեր կողմերում էին՝ պատգամավորը սատարում էր Սերժ Սարգսյանին, գեներալը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հենց այս հողի վրա էլ գեներալի ու նրա զարմիկի հարաբերությունները վատացան, բայց Հրանտ Գրիգորյանը շարունակում էր մնալ ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար: Եվ ահա մի քանի օր առաջ, Հանրապետական կուսակցության վերնախավի որոշմամբ, կուսակցության Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Հրանտ Գրիգորյանը ազատվել է կուսակցական այս պաշտոնից, այդ աթոռը վստահվել է Արմավիրի մարզպետ, նախկին ոստիկան Աշոտ Ղահրամանյանին (ձախ կողմի լուսանկարում):
Հիշեցնենք, որ բացի Աշոտ Ղահրամանյանից, նախկին ոստիկան են նաեւ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզպետները: «Առավոտը» գրել է, որ Շիրակի մարզպետը փորձում է իրեն հավատարիմ մարդու համար ապահովել մարզի ոստիկանապետի պաշտոնը ու ՀՀ ղեկավարության առաջ իր ցանկությունը հիմնավորում ընտրություններին լավ նախապատրաստվելու անհրաժեշտությամբ:
Հանրապետականը շարունակում է հենվել ուժային կառույցներում աշխատանքի փորձ ունեցողների վրա: Նկատենք, սակայն, որ Հրանտ Գրիգորյանին Աշոտ Ղահրամանյանով փոխարինելը Արմավիրի մարզում Հանրապետականի անվերապահ ու 100 տոկոսանոց հաղթանակ չի ապահովում: Օրինակ, Էջմիածնի քաղաքապետը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է, Մեծամորի քաղաքապետը՝ եղբայրը: Այնպես որ, համապետական ընտրությունները Արմավիրի մարզում անցնելու են «Գրիգորյաններն ընդդեմ Գրիգորյանների» ձեւաչափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել