Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազրկության մատնելը հանցագործություն է

Օգոստոս 24,2010 00:00

Անհրաժեշտ են փոփոխություններ

Հայաստանի կալանավայրերը գնալով շատանում են, ինչի պատճառով էլ չի պահպանվում դատապարտյալների հիմնարար իրավունքները՝ բոլոր առումներով: Պետությունը ոչ մի դրական տեղաշարժ չի կատարում նրանց նկատմամբ: Քրեակատարողական հիմնարկներում գտնվողները հայտնվել են բացարձակ անտարբերության եւ լքվածության լաբիրինթոսում:
Վերջերս բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, անհատ անձինք, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին, որպեսզի իրականացվեն դատապարտյալների վաղաժամկետ ազատությունները, որը, ինչպես գիտեք, մտել է փակուղի:
ՀՀ նախագահի հրամանով ձեւավորված «Անկախ հանձնաժողով» ոչ լեգիտիմ կառույցն առանց հիմնավոր պատճառների մերժում է դատապարտյալների ազատությունը՝ ոտնահարելով նրանց իրավունքները, կոպտորեն խախտելով երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը:
2009թ. Ազգային ժողովի կողմից ընդունված «Համաներման մասին» որոշումը ոչինչ չտվեց, պարզապես «թոզ փչեցին» մարդկանց դեմքին: Ազատվեց ընդամենը 300 դատապարտյալ, իսկ մի որոշ ժամանակ անց կալանավայրերը համալրվեցին… 600 կալանավորներով:
Բացի այդ, անմխիթար վիճակ է նաեւ դատարաններում: Բոլորն անխտիր կալանքն ընդունում են՝ որպես խափանման միջոց: Բացակայում է հումանիզմը, քանզի դատավորները գործում են «քսակի» սկզբունքով. «Եթե չունես ցանկալի քսակը, ուրեմն հավերժ գամված ես սյանը»:
Շրջելով հայաստանյան կալանավայրերով, կտեսնեք, որ անազատության մեջ հայտնվածների 70 տոկոսը մինչեւ 30 տարեկան երիտասարդներ են, որոնք մեր ապագան են, մեր վաղվա օրը: Նրանք կատարել են հանցագործություն, որպեսզի կարողանան պահել իրենց նորաստեղծ ընտանիքները, երեխաներին, քանզի աշխատանք չկա, իսկ օրեցօր թանկացումները եւ գնաճը կերել է մարդկանց: Այս համատեքստում մեծ են նաեւ ամուսնալուծությունները: Միայնակ մայրը, որպեսզի կերակրի իր երեխաներին, ստիպված դիմում է բացառիկ քայլերի, ինչի հետեւանքով քայքայվում է նրանց ընտանիքը, իսկ երեխաները հայտնվում են բախտի քմահաճույքին, հետագայում՝ մանկատներում, հատուկ դպրոցներում:
Դատապարտյալների ցավոտ հարցերից մեկն էլ գործող Քրեական օրենսգիրքն է, որն անհրաժեշտ է արմատապես փոխել: Օրենսգրքում կան հոդվածներ, որոնցով նախատեսված պատժաչափը բնավ չի համապատասխանում կատարած հանցագործությանը:
Չնչին արարքի համար այնպիսի պատժաչափ են նշանակում, որը համազոր է «գազանաբարո սպանություն» հանցագործության համար նախատեսված պատժաչափին: Աշխարհի շատ երկրներում ճկուն է գործում տուգանքների համակարգը: Ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ էր՝ հարկադիր կամ պարտադիր աշխատանքի ներգրավման մեթոդը, որի շնորհիվ շահում էր պետությունը, շահում էին դատապարտյալների ընտանիքները: Իսկ հիմա բոլորիս բերել-լցրել են իրար վրա, աշխատանք չկա, չկա ծրագիր, որպեսզի դատապարտյալն իր անազատության ժամանակամիջոցը ռացիոնալ օգտագործի: Մի՞թե մեզ գործազրկության մատնելը հանցագործություն չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել