Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՔ ԱՆԵԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

Օգոստոս 24,2010 00:00

\"\"Թուրքիայից հայրենիք վերադարձածի կարծիքով՝ ում խոփը սուր է, նա էլ կարողանում է հնձել

40-ամյա տիկին Ժաննան պատմում է, որ  Հայաստան եկած զբոսաշրջիկները մեր երկրում տիրող սոցիալական վիճակի մասին մակերեսային պատկերացում ունեն. «Գալիս էին, ասում՝ ի՞նչ ա եղել Հայաստանին, շատ լավ կապրեն, ջիպերով, ըստ պահանջի կապրեն, կազինոներում կապրեն: Բայց չէին ասում, չէին նկատել, որ այստեղ ընտանիքներ կան, որոնք սոված օրեր են անցկացնում, որ շատ երեխաներ ողջ ամառվա ընթացքում ոչ միրգ են ուտում, ոչ՝ պաղպաղակ, կարոտ են մնում նման բաների»:
Տիկին Ժաննան, որը խնդրում է չլուսանկարել ու ազգանունը չհրապարել, հույս չունի, որ Հայաստանի վիճակը մոտ ապագայում կլավանա, պատճառների մասին էլ զայրացած էր պատմում. «Վիճակը որտեղի՞ց լավանա, մարդիկ կողք կողքի ապրում են, մեկը թռած ապրում ա, աստղերի հետ ա խաղում, մյուսն էլ գլուխը կախ ա փողոցում ման գալիս, որ հանկարծ մի 10 դրամ գտնի: Բա սա ապրելակե՞րպ ա, էդ նարդիվանը շատ լայն ա, լոք անել չի լինում, դրա համար էլ երկիրը ոտքի չի կանգնում, ում խոփը սուր ա, նա էլ կարողանում է հնձել»:
Տիկին Ժաննան անհանգստություն է հայտնում, որ նույն սոցիալական վատ պայմանների հետեւանքով այստեղի երիտասարդներն էլ չեն ամուսնանում. «Ինչի՞ ամուսնանան, ո՞նց ընտանիք պահեն, ո՞նց երեխա ունենան: Երկիրը խոսում ա ազգը մեծացնելու մասին, բայց ոչ մի բան էլ չեն անում: Համ քարոզում են շատ երեխեք բերեք, ունեցողին էլ ասում են՝ ինչի՞ ես բերել, որ չես կարողանում պահել»:
Տիկին Ժաննան վերջերս է վերադարձել Թուրքիայից: Սոցիալական անվերջանալի խնդիրներին փոքր-ինչ լուծում տալու համար էր նա 2 տարի առաջ որոշել մեկնել հարեւան երկիր: «Բոլորն էլ սոցիալական վատ պայմաններից ելնելով են գնում՝ ոչ իրենց հաճույքի կամ ճոխ-ճոխ ապրելու համար»,- բացատրում է նա:
Հացի խնդիրը բազմաթիվ վանաձորցիների է ստիպում թողնել ընտանիքն ու մեկնել հատկապես հարեւան Թուրքիա. «Թուրքիայի ճանապարհն էժան է, եթե Ամերիկայի ճանապարհն էժան լիներ, Ամերիկա կգնային»,- ասում է նա:
 Տիկին Ժաննան պատմում է, որ Թուրքիայում էմիգրանտների տարիքային սանդղակը փոխվել է. նախկինում տարիքով կանանց համար նախատեսված աշխատանքներն այժմ երիտասարդներն են անում. «Էնտեղ էլ արդեն մեր տարիքի կանանց գործ չեն տալիս, քանի կան ջահելները, խի՞ մեծին վերցնեն: Էնտեղ հիմա շատ մեծ թիվ են կազմում ջահել աղջիկները, չամուսնացածները, նայում ես՝ սրտի ցավ ես զգում. քո հայ աղջիկը թրքանում է՝ ուզի- չուզի»: Սա դեռ ամենը չէ, Թուրքիա են գնում ընտանիքներով, ծնունդներ են լինում, հայ երեխաները ծնվում են առանց ծննդականի, դպրոց են գնում կիսահայերեն սովորելով: «Էդ ամեն ինչը սոցիալականի հետեւանք է: Ամենքը Հայաստան ասելիս մղկտում են, բայց գան ի՞նչ անեն: Կարոտի դռները փակել են՝ ճամպրուկը դրել, ապրում են զուտ ապրելու համար, ոչ այնպես, ինչպես այնտեղի ժողովուրդը»,- շարունակում է տիկին Ժաննան:
Եթե Հայաստանի վիճակը փոքր-ինչ լավանա, տիկին Ժաննան ու նրա նման շատերը չեն էլ մտածի նորից գնալու մասին, եթե վիճակը լավանա, այնտեղի հայերն էլ վազելով կգան: «Թշնամի երկիր է, համենայնդեպս, ճիշտ է, գնում ենք, բայց սրտներումս վախ կա, որ կարող է հանկարծ նորից մի բան պատահել, բայց մեր կանայք այնքան են սիրում իրենց ընտանիքները, որ այդ վախը մի կողմ են դնում ու գնում են այնտեղ աշխատելու: Ես էլ կգնամ, քանի առողջությունս ներում է, գոնե այդպիսով կկարողանամ իմ ընտանիքին օգտակար լինել»,- մեր զրույցն ավարտելով ասաց տիկին Ժաննան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել