Տեսուչներին օգնության էին հասել նաեւ ճանապարհային ոստիկանները
Կիրակի օրը՝ օգոստոսի 22-ին, Պետեկամուտների կոմիտեի հարկային տեսուչներն այցելել էին Էրեբունի վարչական շրջանում գտնվող Նուբարաշենի ավտոշուկա՝ ստուգումներ իրականացնելու: Նրանք, ըստ այստեղ առեւտուր իրականացնողների, նախօրոք ոչ մի զգուշացում չէին արել, որ կիրակի օրը գալու են ավտոշուկա՝ հենց առեւտրի թեժ պահին ստուգումներ իրականացնելու, ինչի պատճառով էլ այստեղ իսկական խուճապ էր սկսվել: Տեսուչների այցելությունը խիստ վրդովեցրել է ավտոշուկայի վաճառականներին, քանի որ, բացի առեւտրականների աշխատանքի խափանումից, այս տարածքի երթեւեկությունն էր նաեւ դադարեցվել: ՊԵԿ-ի տեսուչներին օգնության էին եկել նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ ավտոշուկայի փողոցը 2 կողմից փակել՝ թույլ չտալով անգամ վաճառակետի հետ կապ չունեցող վարորդներին այստեղով անցնել կամ անգամ կայանել շուկային մոտիկ վայրերում, իսկ ավտոշուկա մտնելու մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող՝ ոչ ոք այստեղ չէր կարող մուտք գործել, առավել եւս՝ առք ու վաճառք անել:
Նշենք, որ ավտոշուկաների առեւտուրը լինում է հիմնականում շաբաթ-կիրակի օրերին: Մեքենա վաճառողներն իրենց ապրանքը այս շուկայում ցուցադրելու համար գումարներ են վճարում ավտոշուկայի տնօրինությանը՝ օրական 1000-ից 2000 հազար դրամ: Փաստորեն, կիրակի օրվա համար նրանք վճարել էին անիմաստ եւ, բնականաբար, ոչ ոք այդ գումարը նրանց չի փոխհատուցելու, քանի որ այդ նպատակով այստեղ մեքենաներ ցուցադրողներին անդորրագրեր կամ ՀԴՄ կտրոններ չեն տրվում:
Թե ինչու են հարկայինի տեսուչները որոշել հենց կիրակի օրով այցելել տվյալ ավտոշուկա՝ փորձեցինք ճշտել Պետեկամուտների կոմիտեից, որտեղից խոստացան պարզաբանում տալ առաջիկայում: Նրանք խոստացան հայտնել նաեւ, թե ինչ թերություններ են հայտնաբերել այս շուկայում:
Նշենք, որ, ըստ համապատասխան հանձնարարագրերի, ՊԵԿ-ի տեսուչները կարող են հանգստյան օրերին այցելել տոնավաճառներ եւ ավտոշուկաներ, քանի որ դրանք գործում են հենց շաբաթ-կիրակի, ուստի բնական է, որ ՊԵԿ-ի տեսուչները կիրակի օրն են ընտրել Նուբարաշենի ավտոշուկա այցելելու համար: