Պատճառը կոմունալ հարմարությունների բացակայությունն ու վախն է
Գյումրիի նորակառույց Մուշ-2 թաղամասը, կարելի է ասել, դեռեւս անմարդաբնակ է. չնչին թվով անօթեւաններ են տեղափոխվել իրենց նոր տները: Բնակիչների ներկայացմամբ, մի մասը խուսափում է թաղամաս գալ կոմունալ հարմարությունների՝ ջրի ու գազի բացակայության պատճառով, մյուսներին էլ հետ է պահում վախը: Անցած շաբաթ թիվ 16 շենքի 13 բնակարանի ննջասենյակի առաստաղի գաջապատ ծեփաշերտի թափվելը շատերին է սարսափեցրել: Այս տան սեփականատեր Անժիկ Մելիքյանը պատմում է, որ ննջասենյակի առաստաղի գաջապատ ծեփաշերտը 5 օր է թափվել է, սակայն շենքը կառուցած «Գլենդել Հիլզ» ընկերությունը մինչ օրս չի վերանորոգել այն: «Թափառականի կարգավիճակում ենք, ստիպված օրական մի բարեկամի տուն ենք տեղափոխվում, էսպիսի բան կլինի՞: Եթե «Գլենդել Հիլզը» էսպես շարունակի, հաշմանդամ ամուսնուս կառնեմ ու նախագահի նստավայրի մոտ կապաստանեմ, ես անպայման դիմելու եմ դատախազություն՝ շինարարի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով, բա որ մեռնեի՞: Իմ հոգեկան ապրումները քիչ են, Մկո անունով մի տղա «Գլենդել Հիլզից» եկավ ու փոխանցեց, որ ինձ մի դրամ անգամ չեն փոխհատուցելու, բայց լյուստրյաս է կոտրվել, սեղանս է կոտրվել, մահճակալներս դեֆեկտավոր են դարձել, հեռուստացույցս է վնասվել: Ես պիտի գնամ հոգեբույժի մոտ, էդ օրվանից ամբողջ մարմինս ցնցվում է, ճնշումս հասել է 250-ի»,- դժգոհում է տիկին Անժիկը: Նա ենթադրում է, որ «Գլենդել Հիլզի» պատասխանատուները վրեժ են լուծում իրենից, ավերակները չեն վերացնում, քանի որ ինքը դիմել է լրագրողների օգնությանն ու աղմուկ բարձրացրել: Տիկնոջ խոսքերով, նախօրեին ինքը գնացել է «Գլենդել Հիլզի» գրասենյակ, որտեղ նրան խորհուրդ են տվել նստել ու այս շաբաթվա մեջ իրենց սպասել:
Տեղեկացնենք, որ այս դեպքով հետաքրքրված է նաեւ ոստիկանությունը. նրանք արդեն գրանցել են Անժիկ Մելիքյանի նյութական վնասի չափը: Իսկ թե ո՞վ է մեղավոր այս դեպքի համար՝ շինարա՞րը, թե՞ բնակիչը, նրանք դեռ չեն ուսումնասիրել: Գյումրու ոստիկանապետը «Առավոտին» փոխանցեց, որ իրենք այդ պահին ահազանգն են արձանագրել ու ստուգել՝ մարմնական վնասվածքներ կա՞ն, թե՝ ոչ:
Իսկ «Գլենդել Հիլզից» այս հարցի կապակցությամբ «Առավոտին» պարզաբանեցին. «Քանի որ դիմել են ոստիկանությանը, մինչեւ համապատասխան մարմինները իրենց ուսումնասիրությունները չկատարեն, մենք միջամտություն անել չենք կարող»: Հիշեցնենք, որ, ըստ «Գլենդել Հիլզի» նախնական գնահատականի, առաստաղի գաջապատ ծեփաշերտի թափվելու պատճառը այն է, որ «շինարարության ընթացքում երկաթբետոնե աղյուսի մեջ ջուր է հավաքվել, որը որոշակի դեպքերում չի կարող նկատվել կամ բացահայտվել ստուգումների ընթացքում»:
Տիկին Անժիկից բացի, իրենց դժգոհությունները մեզ հայտնեցին նաեւ նրա հարեւանները, օրինակ, թիվ 17 շենքի 35 բնակարանի թոշակառու ամուսիններ Սամվել ու Թամարա Եղայաններն էլ վստահ էին, որ հաջորդ փլուզումը կլինի իրենց տանը: Նրանք մեզ ցույց տվեցին ճաքճքված առաստաղները՝ ասելով, որ վախենում են տան մեջ ազատ շարժվել: «Անժիկի պես սթրես ենք տանում, գիշերը չենք կարողանում հանգիստ քնել, օր օրի առաստաղի ճաքերը մեծանում են, վախից լյուստրյա չենք կախում, խոհանոցի դուռն էլ չի աշխատում, քամու ժամանակ կտուրից ձայներ ենք լսել, որի համար դիմել ենք, տեր լինող չկա, լավ չէր՝ տնակում մնայինք»,- բողոքեցին ամուսինները: Նույն շենքի 34 բնակարանի բնակիչ՝ հաշմանդամ Աշոտ Չուլոյանը եւս դժգոհեց իր սենյակների ճաքճքված առաստաղից, նաեւ բողոքեց, որ այս աղքատ թաղամասում պատեհ-անպատեհ իրենցից փող են ուզում, օրինակ՝ հրշեջ ծառայությունից 6000 դրամ են պահանջել ջեռուցիչ սարքի օգտագործումը թույլատրելու համար, ջրմուղից 5000 դրամ են տարել ջրաչափ տեղադրելու համար: «22 տարի ապրել էինք դոմիկում, մի տարի էլ կապրեինք, ինչ կլիներ, որ մի տարի ուշ հանձնեին, բայց առանց թերությունների, ո՞վ է տեսել բնակիչը տան մեջը՝ գազ փորձարկեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Նկատենք, որ «Գլենդել Հիլզն» էլ իր հերթին երեկ լուսանկարներով փաստարկված հաղորդագրություն էր տարածել, որտեղ բնակիչներին կոչ էր անում զերծ մնալ շենքերի սեյսմակայունությունը թուլացնող ապօրինի շինությունների կառուցումից. «Գյումրիի Մուշ-2 թաղամասում շահագործման հանձնված բնակարանների երաշխիքային սպասարկման շրջանակներում մեր ընկերության ներկայացուցիչներն արձանագրել են ապօրինի շինարարության, նախագծային փոփոխությունների մի շարք դեպքեր: Մասնավորապես, արձանագրվել են դռների տեղափոխման, նկուղ փորելու փորձեր, որոշ դեպքերում հատակն «ուսումնասիրելու» նպատակով այն քանդվել է, մուտքերից շատերում աստիճանավանդակների տակ խորդանոցներ են կառուցվում: Այդպիսի դեպքերից մի քանիսը կանխվել են: Նախագծային փոփոխություններն առանց համապատասխան մարմինների փորձաքննության եւ թույլտվության, ինչպես նաեւ ապօրինի շինարարությունն արգելվում է օրենքով: «Գլենդել Հիլզի» մասնագետները տեղեկացնում են, որ այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն տուգանքի ենթակա են, նաեւ վնասում են այլ շահառուներին պատկանող սեփականությունը եւ վտանգում շենքերի սեյսմակայունությունը: Տեղեկացնում ենք նաեւ, որ ընկերությունը երաշխիքային սպասարկման շրջանակներում վերացնում է շինարարական թերությունները, որոնք կարող էին չնկատվել ստուգումների ընթացքում, օգնում է համապատասխան կառույցներին՝ կոմունալ ծառայությունների մատակարարման փորձարկումներում, սակայն, միեւնույն ժամանակ, հստակեցնում ենք, որ ընկերությունը չի փոխհատուցելու նախագծային փոփոխությունների, ինքնագործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների վերականգնման ծախսերը, ինչպես նաեւ միջոցներ չի հատկացնում լամպերի, դռան զանգի մարտկոցի, դռան դիտանցքի եւ նման այլ բաների համար»: Ի դեպ, երբ մենք Մուշ-2 թաղամասում էինք, որոշ բնակիչներ ցույց տալով շենքերի կոտրատված քարերը, անկեղծորեն խոստովանեցին, որ դրանք թաղի երեխաներն են արել: