Երկու հաղթող հնարավորություն կունենա ստանալու տրանսպորտային եւ կեցության բոլոր ծախսերը հոգացող հրավերք երկու անձի համար եւ մասնակցելու 2010թ. հոկտեմբերի 16-ին կայանալիք «Տաթեւի վերածնունդ» ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը: Ինչպես «ԱրմԻնֆոյին» տեղեկացրել են ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունից՝ ակցիային մասնակցելու $5000 արժողությամբ այս մրցանակը ստանալու համար անհրաժեշտ է առցանց գնել «Տաթեւի վերածնունդ» ծրագրի $10 արժողությամբ ֆոնդահայթայթման տոմսը՝ www.tatev.am կայքից: Երկու հաղթողները բացառիկ հնարավորություն կունենան բացման օրը երթեւեկելու Տաթեւի՝ Որոտանի կիրճի վրայով 5,7 կմ ձգվող, աշխարհի ամենաերկար ճոպանուղով: Նախաձեռնության նպատակն է $50 մլնի ներուժ ունեցող «Տաթեւի վերածնունդ» ծրագրի համար հավաքագրել միջոցներ, որոք կուղղվեն Տաթեւի վանական համալիրի վերականգնմանը, տեղական գործարարության եւ տնտեսության զարգացմանը, որպեսզի տարածաշրջանում ստեղծվեն եւ զարգանան համապատասխան ենթակառուցվածքներ՝ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունելու համար: