Երեկ «Հայլուրին» տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀԿԵՈՒ-ին եւ ատոմակայանին: Նա ասել է, որ 2010թ. ընթացքում ռուսական կողմն իրականացնելու է «Հարավկովկասյան երկաթուղիների» ստանձնած ներդրումային ծրագիրն ամբողջությամբ: Ըստ նրա՝ նախորդ 2 տարիների ընթացքում կար ծավալների որոշ կրճատում, եւ ծրագիրը կոնցեսիոն ներդրումային մասով չէր կատարվում. «Ռուսական կողմը պարտավորություն էր ստանձնել, որ 2010-ին նրանք կկատարեն ներդրումային ողջ ծրագիրը: Առաջինը ուշադրություն է դարձվելու շարժակազմի բարելավման գործընթացին: Կարեւոր է նաեւ ճանապարհների որակի բարձրացումը, որի հետեւանքով կավելանա ուղեւորափոխադրումների արագությունը: Եվ երրորդը կառավարման նոր մոդելի ներդրումն է, որը կբարձրացնի կառավարման արդյունավետությունը, որպեսզի տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրներ չառաջանան»:
Նա նաեւ որոշ մանրամասներ է հայտնել օրերս կնքված պայմանագրի մասին, ասելով, որ ռուս գործընկերները մասնակցելու են ատոմակայանի կառուցմանը. «Նախնական գնահատականներով՝ այդ մեծ ծրագիրը ենթադրում է շուրջ $5 մլրդի ներդրում: Մեր ռուս գործընկերները նույնպես մասնակցելու են այդ ներդրումային ծրագրին. պայմանագրի իմաստը հենց դա էր: Մենք համագործակցելու ենք մեր գործընկերների հետ. լինելու է նոր նախագիծ, որից հետո մենք մեր հանրությանը ավելի հստակ կներկայացնենք մանրակրկիտ տեղեկատվություն, թե ինչպիսին է լինելու ատոմակայանը: Դա լինելու է ժամանակակից ատոմակայան, որն էապես ավելացնելու է ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի հզորությունները»: