Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁՐԵՎԱՏԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵ՞Ն

Օգոստոս 24,2010 00:00

\"\"Փաստորեն՝ մեզ ուղղակի լավությո՞ւն են անում

Վերջին մի քանի տարիներին Երեւանում գարնանն ու աշնանն այնպիսի հորդ անձրեւներ են տեղում, որ դրանց պատճառով մի շարք փողոցներում մեքենաների խցանումներ են առաջանում, անգամ շատ վայրերում մարդիկ չեն կարողանում մի մայթից մյուսն անցնել: Հաշվի առնելով, որ աշնան գալուն ընդամենը մի քանի օր է մնացել եւ հորդառատ անձրեւները, ինչպես նախորդ տարի, իրենց երկար սպասել չեն տա, «Առավոտը» որոշեց պատկան մարմնից հետաքրքրվել՝ արդյոք այս տարի՞ էլ է, նախորդ տարիների նման, ամեն անձրեւից հետո ջրի կուտակման պատճառով մարդկանց ու մեքենաների տեղաշարժերը դժվարանալու փողոցներում:
Այդ պատկան մարմինը եւ անձրեւատարների նորմալ հեռացումն ապահովող միակ պատասխանատուն «Երեւան ջուր» ընկերությունն է, որն ամեն տարի հայտարարում է, թե հսկայական գումարներ է ծախսել ու խնդրահարույց փողոցներում անձրեւատարները մաքրել է, վերանորոգել եւ խոստանում է, որ այլեւս այդ փողոցներում նման իրավիճակներ չեն ստեղծվելու, սակայն հատկապես Լենինգրադյան, Մյասնիկյան, Մաշտոցի, Կոմիտասի, Իսակով-Սեբաստիայի փողոցներում մի քիչ ուժեղ անձրեւից հետո լճանման ջրավազաններ են առաջանում, որը վկայում է այն մասին, որ «Երեւան ջրի» վերանորոգման կամ մաքրման աշխատանքները այսքան ժամանակ հավուր պատշաճի չեն իրականացվում: Պետք է նշել, որ նմանօրինակ փողոցներից թերեւս ամենավատ վիճակում է Լենինգրադյանը: Ամեն անձրեւից մի քանի րոպե անց այս փողոցը վերածվում է հորդառատ գետի, եւ ժամեր շարունակ՝ մինչեւ անձրեւի դադարելը, խցանումների պատճառ դառնում եւ Լենինգրադյան, եւ հարակից փողոցների համար: Այստեղի անձրեւաջրերի հավաքման պատճառը, ըստ մասնագետների, այն է, որ փողոցի հեղեղատար ցանցը միացված է 30-40 տարի առաջ 700 մմ-անոց խողովակներով անցկացված ստորգետնյա կոյուղագծին, որի տարողունակությունն այսօր չի բավականացնում փողոցում կուտակված ամբողջ անձրեւաջուրը քաշել-տանելու համար: Իսկ Մյասնիկյան փողոցի անձրեւատարների վատ աշխատանքի պատճառն էլ ջրատարի հաճախակի խցանումն է. այս հատվածում անձրեւաջրերի հետ մեծ քանակությամբ բերվածքներ են թափվում անձրեւատարների մեջ՝ պոլիէթիլենային տոպրակներ, թղթեր, տիղմ, ավազ, հող: Մյուս փողոցներում էլ է ջրերի կուտակման պատճառը նույնը. անձրեւատարները կառուցվել են վաղուց եւ այսքան տարի անց անձրեւաջրերի հեռացման մեխանիզմները մասնակի են գործում կամ էլ ընդհանրապես չեն գործում:
Նշենք, որ վնասված հեղեղատարներով փողոցների թիվը գնալով ավելանում է: Անցյալ տարվանից անձրեւաջրերի կուտակումներ սկսեցին առաջանալ նաեւ Դավիթ Անհաղթի փողոցում, ինչպես նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան այգու ու մետրոյի «Գործարանային» կայարանի հարակից տարածքներում, որտեղ անձրեւաջրերը բարձրանում են նույնիսկ կես մետր եւ անձրեւի կտրվելուց հետո դեռ երկար ժամանակ պահպանում են իրենց մակարդակը:
Երբ դիմեցինք «Երեւան ջուր» ընկերությանը՝ տեղեկանալու, թե այս փողոցների անձրեւատարների լիովին վերականգնման համար դեռ ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, մեզ հայտնեցին, որ իրենց հաշվեկշռում գտնվող անձրեւատար համակարգի երկարությունը կազմում է ընդամենը 237 կմ, եւ իրենց պայմանագրով՝ տվյալ համակարգում կապիտալ ներդրումներ կատարելու պարտավորություններ չունեն. «Ընկերությունը միայն շահագործում է անձրեւատար համակարգը, պահպանում է այն ու նորոգում: Այդ աշխատանքները կրում են շարունակական բնույթ՝ ըստ անհրաժեշտության, իսկ տարեկան երկու անգամ՝ գարնանը եւ աշնանը, իրականացվում է անձրեւատար համակարգի ջրընդունիչների պարտադիր մաքրում: Ընդ որում, այդ աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանի եւ համապատասխան վարչական շրջանի համակարգմամբ: Հարկ է նշել նաեւ, որ, չնայած ցանցի զարգացման պարտավորությունների բացակայությանը, ընկերությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացրել է հեղեղատարների վերակառուցման կամ կարգավորման աշխատանքներ, մասնավորապես՝ Բաշինջաղյան, Օրբելի, Լենինգրադյան, Սեբաստիայի փողոցներում: Այս պահին Մյասնիկյան պողոտայում եւս իրականացվում են անձրեւատար համակարգի վերակառուցման աշխատանքներ: Իհարկե, այս բոլոր միջոցառումները բավարար չեն խնդրի հիմնական լուծման համար, ուստի այս տարի «Երեւան քաղաքի հեղետատար կոյուղու վերակառուցման եւ բարեփոխման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 3207-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը ներառել է Երեւան քաղաքում կառուցման եւ վերակառուցման ենթակա օբյեկտների ցանկը: Այս ծրագիրն իրականացնում է «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ն, որի հետ սերտորեն համագործակցում ենք նաեւ մենք»:
Ունի՞, արդյոք, «Երեւան ջուր» ընկերությունը հեղեղատարները հիմնանորոգելու պարտավորություն եւ ո՞ր փողոցների անձրեւատարներն են ընդգրկված Երեւանի հեղեղատար կոյուղու վերակառուցման եւ բարեփոխման աշխատանքների իրականացման ծրագրով հաստատված ցանկում՝ կանդրադառնանք առաջիկայում՝ Երեւանի քաղաքապետարանի «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանի հետ հարցազրույցում: Նախօրոք նշենք, որ ցանկում ընդգրկված օբյեկտները նորոգվելու են հաջորդ տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել