Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ը տեղի կունենա միջազգային ռեգատա՝ Սեւանի միջնադարյան առագաստանավակների կրկնօրինակներով եւ ձիարշավ: Այդ մասին «Արմինֆոյին» հաղորդել է National Geographic Traveler ամսագրի հայկական հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ Ռազմիկ Ճրագյանը: Նրա խոսքով, միջազգային ռեգատան եւ ձիարշավը տեղի կունենան National Geographic Traveler ամսագրի հրատարակող TWB ընկերության նախաձեռնած «Traveling without borders» նախագծի շրջանակներում:
Սեւանի առագաստանավակների ռեգատային մասնակցելու են առագաստային սպորտի վետերաններ, արտասահմանյան դեսպանություններ եւ ներկայացուցչություններ, ծովային հետազոտությունների «Այաս» ակումբի անդամներ: Օգոստոսի 31-ին՝ Սեւանա լճի օրը, տեղի կունենա երիտասարդական փառատոն: Միջոցառման ավարտին էլ կկայանա ռեգատայի մասնակիցների հանդիպումը ձիարշավի մասնակիցների հետ, ինչպես նաեւ նախագծի թալիսմանի էստաֆետային հանձնումը, ինչը նշանավորում է նոր փուլի սկիզբը: Բացի այդ, կկազմակերպվի շոու՝ արտասահմանցի երաժիշտների մասնակցությամբ: