Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստների խումբը փորձել է իշխանությունների կողմից չարտոնված բողոքի ցույց կազմակերպել Բաքվում ՌԴ դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցները փորձել են այրել Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները, սակայն ոստիկանության աշխատակիցները խանգարել են նրանց եւ վերցրել դրանք, հայտնում է news.am-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը»: Նրանք 30 ակտիվիստների արգելել են մոտենալ դեսպանատանը: Ոստիկանությունը նրանցից միայն մեկին է թույլ տվել ռուսական դեսպանատան ներկայացուցչին հանձնել ցույցի բանաձեւը: Դրանում նշվել է, որ «Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ռազմական բնույթի պայմանավորվածությունները վնասում են Ռուսաստանի՝ որպես ԼՂ խնդրի կարգավորման անկողմնակալ միջնորդի հեղինակությանը», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: