Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով վերադարձել է Երեւան կատարած պետական այցից, օգոստոսի 23-ին Հարավային Կովկասի հարցերն է քննարկել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ: Ինչպես հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, «զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են 2010թ. մայիսին Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարած այցը, նաեւ գնահատականներ ու կարծիքներ են փոխանակել Հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակի շուրջ»:
Մեդվեդեւը անկեղծ երախտագիտություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանն ու ժողովրդին ՌԴ տարածքում բնական հրդեհների մարման գործում ցուցաբերած համերաշխության եւ օգնության պատրաստակամության համար: «Աբդուլա Գյուլը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, նկատել է, թե Թուրքիայում գիտեն, որ իրենք միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել: Երկու կողմից նշվել է, որ փոխադարձ համերաշխությունը երկու երկրների միջեւ իրական ռազմավարական գործընկերության արտացոլումն է»,- նշում է մամուլի ծառայությունը: