Հուսով է ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը
– Հայ-ռուսական համաձայնագրի շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացավ, ոմանք ողջունեցին, ուրիշները խոսում են այն մասին, թե անկախություն ենք կորցնում, Ռուսաստանի կրնկի տակ ենք. ձեր կարծիքով՝ ի՞նչ են մեր երկրի համար այն բոլոր պայմանագրերը, որ ստորագրվեցին ՌԴ նախագահի պետական այցի շրջանակներում:
– Կարծում եմ՝ նոր մոտեցումներ կառաջանան հայ-ռուսական հարաբերություններում, եւ ես դա դրական եմ գնահատում ոչ միայն մեր երկրի համար, այլեւ Հարավային Կովկասի բոլոր երկրների համար: Փաստորեն, համաձայնագրի հիմնական գաղափարախոսությունը կարելի է մեկնաբանել հետեւյալ կերպ՝ Ռուսաստանը սրանով եւս մեկ անգամ արձանագրում է՝ ոչ պատերազմներին: Որոշակի արձանագրումներ կան, որ ռուսական ռազմաբազաները հայերի հետ միասին կարող են ապահովել նաեւ Հայաստանի անվտանգությունը, որը ըստ էության նաեւ Հարավային Կովկասի անվտանգության խնդիրն է: Իհարկե, թուրքական, ադրբեջանական, վրացական մամուլը այլ տեսակետ է ներկայացնում իրենց հանրությանը, բայց ես կարծում եմ, որ այն պետությունները, որոնք գտնում են, որ իրենց ցանկացած հակամարտություն պիտի լուծել խաղաղ ճանապարհով, այս համաձայնագրի կողմնակից պետք է լինեն: Ես երբեք չեմ գտնում, որ այս համաձայնագիրը կողմնակալ վերաբերմունք է Հայաստանի նկատմամբ: Ընդհակառակը՝ գտնում եմ, որ դրանք վերջնական քաղաքական լուծումներ են վերջին հաշվով, համաշխարհային քաղաքական գործընթացների լուծման ճանապարհին՝ Հարավային Կովկասում: Մեզ համար շահեկան է, որովհետեւ առաջիկա պայմանավորվածությունները, փոխադարձ շահավետ պայմանագրերի առումով, բավականին տարողունակ են, նաեւ երաշխիք են ռուսական կողմի համար՝ մասնակցել մեր ատոմակայանի կառուցմանը, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը՝ Իրան-Հայաստան նավթամթերքների արտահանման եւ դրանց շահագործման առումով: Իսկ ընդհանուր առմամբ, Մեդվեդեւի այցն իր բովանդակությամբ եւ սցենարներով նորանկախ Հայաստանում ամենատարբերակվող այցերից մեկն էր: ՌԴ նախագահը այստեղ էր գտնվում պետական այցի շրջանակներում, չնայած մեր քաղաքագետները չեն կարողանում բնորոշել, թե դա ինչ է, իսկ դա նշանակում է՝ ոչ թե պաշտոնական այց էր երկրի նախագահի լիազորությունների շրջանակում, այլ պետական այց՝ ՌԴ Սահմանադրության բոլոր լիազորությունների շրջանակում: Այսպիսի այցեր պատմության մեջ շատ հազվադեպ են տեղի ունենում, իսկ ընդհանուր պրոցեսները այնպիսին էին, որ ոչ միայն գործընկերային հարաբերություններ էին, այլեւ ռուս եւ հայ հասարակության համար շատ տեսանելի եղան այն բարեկամական, ընկերական հարաբերությունները, որ ունեին երկու երկրների նախագահները:
– Ուրիշի ռազմաբազաներ ունենալը լա՞վ բան է:
– Բնականաբար, ցանկացած պետության համար շատ լավ բան չէ բազաներ ունենալը, բայց, միեւնույն ժամանակ, եթե մենք ուզում ենք մեր հզորացման աստիճանները որոշել հետագայի համար, մեր համագործակցությունը հենց այդպիսին պիտի լինի, եւ տա Աստված, որ ժամանակ գա՝ մենք ինքներս այնպիսի հզոր պետություն դառնանք, որ այլ պետություններում ունենանք մեր բազաները:
– Հայ-ռուսական պայմանագրով այդ բազաները ապահովելու են ՀՀ անվտանգությունը. մենք կարո՞ղ ենք հասկանալ, որ նաեւ՝ Արցախի անվտանգությունը:
– Մեկնաբանությունը սխալ է ներկայացվում հանրությանը, ոչ թե ապահովելու են մեր երկրի անվտանգությունը, այլ մեր որոշմամբ կարող են մասնակից դառնալ մեր երկրի անվտանգության խնդիրներին: Դա նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակի խնդիրն է: Բոլորն էլ գիտեն, որ մեր պետության քաղաքական օրակարգի, եթե չասեմ՝ առաջին, առաջնագույն խնդիրներից մեկը Ղարաբաղի հարցն է: Պիտի հասկանալ, որ այս դեպքում նաեւ սա հարված էր ադրբեջանական կողմին, որն անընդհատ պատերազմի որոնումների մեջ էր, իբր, ուզում էին խնդրի լուծումը պատերազմական ճանապարհով տանել: Ես կասեի, որ ռուսական կողմն առաջնորդվեց մադրիդյան սկզբունքներով, որ նման խնդիրները լուծվում են ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության սկզբունքներով, բայց ոչ պատերազմով:
– Հասկանալի է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների այս թարմացումն այս կամ այն կերպ կապված է Արցախի խնդրի հետ, ուրեմն չի՞ նշանակում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի դերակատարությունը գերադասվեց, իսկ ԱՄՆ-ինը եւ Ֆրանսիայինը՝ հակառակը:
– Չեմ կարծում, որովհետեւ Ռուսաստանի նախագահի խոսքի մեջ նաեւ հետեւյալն ասվեց, որ ղարաբաղյան խնդրի լուծման լավագույն ձեւաչափն այս պահին Մինսկի խումբն է: Այլ բան է, որ դրանից դուրս ՌԴ-ն մեզ հետ կհամագործակցի նաեւ մեր հեռահար ծրագրերում: Դա կարող է լինել ատոմակայանը, կարող է լինել հայ-պարսկական հարաբերություններում ձեռք բերված խնդիրների լուծումը, էներգետիկ լրացուցիչ ծրագրերի իրականացումը;
– Սեպտեմբերի 17-ից ՀԱԿ-ը սկսելու է հանրահավաքները՝ որպես իշխանափոխության նոր փուլ, դուք, որպես իշխանության ներկայացուցիչ, անհանգի՞ստ եք այս կապակցությամբ:
– Հումորով եմ վերաբերվում այդ կարգի բաներին: Առավել եւս, հումորով պատասխանեմ՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճը վերանորոգվեց, թարմացվեց, նորաձեւվեց, բայց չգիտենք՝ ովքեր են գալու այդ դահլիճ, որովհետեւ ամսի 17-ին Տեր-Պետրոսյանը իշխանափոխությունը կատարել է: