Թուրքական Haberler կայքի տեղեկացմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի ներկայացրած հայցն ընդդեմ թուրքական պետության: Այս մասին հայտնում է panorama.am-ը: Դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային բազում սպառնալիքներից հետո Հրանտ Դինքի անվտանգությունը հավուր պատշաճի չապահովելու եւ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նրան մեղադրելու համար: Դատարանը Թուրքիային դատապարտել է նաեւ Դինքի սպանության գործով դատավարությունն անարդյունավետ անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ կենդանության օրոք Դինքի դեմ հանիրավի մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ թուրքական ինքնությունը վիրավորելու մասին 301-րդ հոդվածի հատկանիշներով:
Վկայակոչելով կուլիսային խոսակցությունները՝ թուրքական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Դինքի հայցի վերաբերյալ իր ամբողջական վճիռը հրապարակելու է սեպտեմբերի սկզբին: