Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶԱԼՅԱՆՍ՝ ԸՍՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ

Օգոստոս 24,2010 00:00

Երեկ «Դե Ֆակտո» ակումբում ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հայտարարել է, թե օգոստոսի 20-ին ստորագրված ռուս-հայկական 5 պայմանագրերից մեզալյանսի (անհավասար ամուսնություն) հոտ է գալիս, եւ Հայաստանն անընդհատ զիջողի, ինչ-որ բան կուլ տվողի կարգավիճակում է. «Հայ-ռուսական մեզալյանսի երեւույթները (նկատի ունեմ ուժերի անհավասարությունը), որոնք, ցավոք սրտի, նաեւ զուգորդվեցին ստորաքարշության մի խրախճանքով, մեր խոր հիվանդության արտաքին նշաններն են՝ թարախային բշտիկները»: Կարապետ Ռուբինյանը նաեւ նշել է. «Չի կարելի մերժել, որ այս տարիների ընթացքում ռուսական ռազմաբազան ունեցել է որոշակի կայունացնող դերակատարություն ՀՀ-ում: Ինչ խոսք, շատ լավ կլիներ, որ այս 20 տարիները մենք այնպես օգտագործած լինեինք, որ որեւէ օտարերկրյա ռազմական ներկայության անհրաժեշտություն չլիներ Հայաստանում: Բայց մեր ապաշնորհ պետականաստեղծ գործունեության արդյունքում (այստեղ չեմ ուզում նախկին ու ներկա իշխանությունների առանձնապես բաժանումներ անել. եկեք համաձայնության գանք, որ մեր հասարակության, հասարակության սերուցքի ապաշնորհ պետականաշինական աշխատանքի արդյունքն է սա) հասել ենք այնպիսի հանգրվանի, որ շատ ավելի պինդ գրկախառնության մեջ ստիպված եղանք մտնել Ռուսաստանի հետ»: Նա անդրադարձել է նաեւ C-300 համակարգի վաճառքին. «Հիմա մենք՝ որպես հասարակություն, տեղյա՞կ ենք՝ այդ հարցը մեր իշխանություններին անհանգստացնո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե անհանգստացնում է, ապա դրվե՞լ է պարոն Մեդվեդեւի առաջ, թե՞ ոչ։ Եթե իրենք վախենում են անգամ «Հայլուրով» ծպտուն հանել դրա վերաբերյալ, ապա ես կարո՞ղ եմ ենթադրել, որ Սերժ Սարգսյանն էլ է վախեցել այդ թեմայով ծպտուն հանել Մեդվեդեւի հետ խոսակցության ժամանակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել