Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի առանձին-առանձին նշեցին

Օգոստոս 24,2010 00:00

Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձը երեկ նշվեց երեք առանձին միջոցառումներով:

Հայաստանի Անկախության հռչակագրի 20-ամյակի առթիվ Սահմանադրական դատարանում երեկ կազմակերպվել էր ընդունելություն, որին հրավիրված էին ներկա եւ նախկին իշխանության ներկայացուցիչները, իրավական ոլորտի գործիչները: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն «Ա1+»-ին հայտնեց, որ այդ միջոցառմանը հրավիրվել են նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, որոնք չէին եկել: Նախկին իշխանության ներկայացուցիչներից հրավերն ընդունել էր միայն ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը: ՍԴ-ում էր նաեւ Ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, որի դերը Հայաստանի Անկախության հռչակման գործում Գագիկ Հարությունյանը գնահատեց պատմական եւ ասաց. «Պարույր Հայրիկյանը պատմական երեւույթ է»: ՍԴ նախագահի այս գնահատականի առիթով պարոն Հայրիկյանն «Ա1+»-ին ասաց. «Մի անգամ 1988թ. ընկերներիցս մեկը մտավորականների ներկայությամբ բաժակ բարձրացրեց եւ ասաց. «Ինչ-որ քեզ առանձին եմ ասել, բոլորի մոտ չեմ ասի, որ չմեծամտանաս»: Ես ասացի՝ ինչ էլ որ ասես, քո ասածն ավելի քիչ կլինի, քան ես ինքս գիտեմ իմ մասին: Այնպես որ, ես շատ հանգիստ եմ վերաբերվում Գագիկ Հարությունյանի ասածին: Եթե չեն գնահատում Հայրիկյանի եւ նրա ընկերների պայքարը, իրենք իրենց զրկում են այդ պայքարի մասնակիցը լինելուց»:
Հռչակագրի 20-ամյակին նվիրված հանդիսություն էր կազմակերպված նաեւ Մելիք- Ադամյան 1 հասցեում, որի կազմակերպիչը «Օգոստոսի 23» հ/կ նախագահ Պուշկին Սերոբյանն էր: Վերջինս «Հենարանին» ասել է, թե իրենք միշտ այդ միջոցառմանը հրավիրել են ՀՀՇ-ի գործիչներից, նրանք էլ եկել են. «Այս տարի նրանք չեն մասնակցում: Որոշել են առանձին նշել»: Իսկ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, որը 20 տարի առաջ ընթերցել էր ՀՀ Անկախության մասին հռչակագիրը՝ «Հենարանին» ասել է, որ արդեն մի քանի տարի է՝ չի մասնակցում Սերոբյանի կազմակերպած միջոցառումներին, քանի որ դրանք իշխանության միջոցառումներն են:
Երրորդ միջոցառման, որը կայացավ «Կոնգրես» հյուրանոցում, նախաձեռնողն էլ «Գերագույն Խորհուրդ-պատգամավորական ակումբ» հ/կ-ն էր: Վերջինիս ղեկավար Ռուբեն Թորոսյանը, ըստ «Նոյյան տապանի», տեղեկացրել է, որ 1990-1995թթ.-ի 271 պատգամավորներից 21-ը ներկայումս արտերկրում է, 15-ը՝ վատառողջ, այդ իսկ պատճառով չեն կարողացել մասնակցել հավաքին: Նա հայտնել է նաեւ, թե չնայած այն հանգամանքին, որ նիստին մասնակցելու հրավերներ էին ուղարկվել ԳԽ բոլոր պատգամավորներին, նախկին վարչապետներին եւ պետական կարեւորագույն կառույցների ղեկավարներին, հրավերին արձագանքել էին 80-ից ավելի պատգամավորներ:
ԳԽ նախկին պատգամավորներից նիստին չէին մասնակցում Հայաստանի երեք նախագահները, ներկայիս վարչապետը, Գլխավոր դատախազը, Հանրային խորհրդի նախագահը եւ պետական այլ պաշտոնյաներ:
Նախկին պատգամավորները ելույթներում չեն շրջանցել նաեւ իրենց սոցիալական խնդիրներին լուծում տալու, մասնավորապես, կենսաթոշակային ապահովմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողով ներկայացնելու հարցը: Ռուբեն Թորոսյանն էլ տեղեկացրել է նախկին պատգամավորների նյութական աջակցությամբ սոցիալական հիմնադրամ ստեղծելու նախաձեռնության մասին, ինչը թույլ կտա որոշակի օժանդակություն ցուցաբերել սոցիալապես անապահով իրենց նախկին գործընկերներին: «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավարը հայտնել է նաեւ կյանքից հեռացած ԳԽ նախկին պատգամավորներ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի եւ վաստակաշատ նկարիչ Սարգիս Մուրադյանի հուշամեդալներ պատրաստելու մտադրության մասին: Ըստ նրա, դրանք տարեվերջին կհանձնվեն իրենց գործունեությամբ առավել աչքի ընկած ԳԽ պատգամավորներին՝ իրենց գործընկերների ընտրությամբ:
Հոբելյանական հավաքի մասնակիցներն առաջարկել են հանդիպումները դարձնել պարբերական՝ երկրում առկա խնդիրները քննարկելու եւ իրենց ներուժն ու փորձն ազգին ծառայեցնելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել