Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԹՈՒՂԹԸ ՄԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ»

Օգոստոս 24,2010 00:00

Անկախության հռչակագրի մասին ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը

«Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Լեւոն, նախագահ» կարգախոսներով երեկ Սարյանի արձանի մոտ սկսվեց Անկախության հռչակագրի ընդունման 20-ամյա տարեդարձին նվիրված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների եւ համակիրների հավաքը: Միջոցառմանը ներկա էին Անկախության հռչակագիրն ընդունած Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԳԽ նախագահի տեղակալ Բաբկեն Արարքցյանը: Առաջին նախագահը մասնակցեց քաղաքական զբոսանքին, բայց ելույթ չունեցավ: Հռչակագիրը օգոստոսի 23-ի ԳԽ նիստում ընթերցած Արամ Մանուկյանը, ով այսօր ՀՀՇ վարչության նախագահն է, իր խոսքում ասաց. «Անկախության հռչակագիրը մնում է եւ մնալու է մեր նորագույն պատմության լավագույն փաստաթուղթը, այն իր մեջ պարփակել է Հայաստանի անկախության երազը: Պարտավորության զգացում պետք է ունենանք՝ այս թուղթը մեր աջակցության կարիքն ունի»: ՀՀՇ վարչության նախագահը քաղբանտարկյալների անունից եւս շնորհավորեց ներկաներին ու խայտառակություն անվանեց անկախ Հայաստանի պատմության մեջ քաղբանտարկյալ ունենալը. «Հայաստանի անկախության համար պայքարած, իրենց կյանքը նվիրած տղերքն այսօր անկախ Հայաստանի բանտերում են»:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ընթերցեց հռչակագրի մի քանի կետեր, որոնք չեն իրականացվում ներկայիս իշխանությունների կողմից: «Այսօրվա Հայաստանում ազգային հարստությունը կողոպտված է, եւ ռոբերտքոչարյանները օգտագործել են մեր ընդերքը՝ իրենց հարստացմանը ծառայեցնելու նպատակով»,- ասաց ՀԱԿ համակարգողը՝ մեջբերելով հռչակագրի 7-րդ կետը, այն է՝ ՀՀ ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները ժողովրդի սեփականությունն են: Ըստ հռչակագրի 9-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է խոսքի, մամուլի, խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների իրավահավասարություն: Մինչդեռ, ըստ պարոն Զուրաբյանի, «այսօրվա Հայաստանը քաղբանտարկյալների, փակված հեռուստաընկերությունների Հայաստան է»: Անդրադառնալով փաստաթղթի 10-րդ կետին՝ հայերենի՝ որպես պետական լեզվի դերին ու նշանակությանը, Լ. Զուրաբյանը կարծիք հայտնեց. «Պետք է որ բացառված լինեին օտարալեզու դպրոցները: Այս ռեժիմը մեր ժողովրդի, անկախության եւ հռչակագրի դեմ է»: Նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանն էլ նշեց. «Յուրաքանչյուր հայ մարդ պետք է իմանա, որ թրքատիպ հայերից երկիրը մաքրելու գործը հենց իր գործն է: Մենք 90-ականներին ուրախացանք, որ երկիրը մաքրեցինք թուրքերից, դա մեր հիմնական նվաճումներից մեկն էր, բայց հետո պարզվեց, որ երկիրը մաքրել ենք թուրքերից, սակայն թրքատիպ հայերից չենք մաքրել, որոնք հարյուրապատիկ մեծ վտանգ են ներկայացնում: Մարտի 1-ը չէինք ունենա, եթե չհանդուրժեինք հոկտեմբերի 27, եթե չհանդուրժեինք թափթփուկների կողմից բազմաթիվ անգամ համապետական ընտրությունների կեղծումը, դրա կողքին հանդուրժեցինք այլ հանցագործություններ: Եվ մարտի 1-ին թրքավարի, Ռամիլ Սաֆարովների նման նրանք հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա»:
Իսկ մեկ այլ նախկին քաղբանտարկյալ` Մյասնիկ Մալխասյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Անկախության գաղափարը անցած տարիների ընթացքում, ցավոք սրտի, թե’ հեռուստատեսությամբ, թե’ մամուլով չամրապնդվեց մեր մեջ: Այս օրերին Ռուսաստանի հետ 49 տարով երկարացվում է մի պայմանագիր, որը մեր անկախությունը նվազեցնող, եթե կոպիտ չասեմ, անկախությունը վտանգող պայմանագիր է: Այսօր տեսնում ենք պետական այրերի, որոնք անկախության համար պայքար էին մղում, իսկ այսօր լռում են: Հեռուստատեսությամբ նայում էի Սահմանադրական դատարանի նիստը, խոսում էր Պարույր Հայրիկյանը՝ վերացական, բրեւժնեւյան, Լենին էր քննադատում, բայց որեւիցե խոսք չասաց այսօրվա իրադարձությունների հետ կապված»: Ինչ վերաբերում է օգոստոսի 23-ին եւ նրան, թե ինչ է մնացել անկախությունից, մեր զրուցակիցը նշեց. «Այսօրվա պես հիշում եմ այդ օր, ինձ համար այն իսկապես տոն է: Բայց ցավալին այն է, որ 20 տարի հետո մենք չունենք այն երազած Հայաստանը, որին այդ օրը ձգտում էինք թե’ Հայաստանում, թե’ Սփյուռքում: Բազում կորուստներ ունեցանք ու այսօր չենք վայելում անկախության բերկրանքը, չունենք այն Հայաստանը, որ մեր ժողովրդի համար պիտի ստեղծեինք, որովհետեւ մեր ժողովուրդը ազատ ու անկախ պետք է ապրեր: Ցավոք, անկախությունից հետո մեր երկրում տեղի են ունենում հոկտեմբերի 27-եր, մարտի 1-եր, եւ այսօր ունենք բանտերում անկախության համար պայքարող մարտիկներ, անկախության համար կյանքը տված, հաշմանդամ դարձած, առողջությունից զրկված մարդիկ, քաղբանտարկյալներ ունենք, որ որեւիցե անկախ նորմալ երկրի պատիվ չի բերում»:
Հավաքվածները հույս էին հայտնել, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքով հռչակագրի բոլոր չիրականացված կետերը «այո» են դարձնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել