Փափուկ քիմքի եւ լեզվակի գերաճի (հիպերտրոֆիայի) պայմաններում քնած վիճակում մկանային տոնուսը զգալիորեն նվազում է, քիմքն ու լեզուն իջնում են, ինչի արդյունքում քթըմպանի անցուղին նկատելի նեղանում է: Շնչելիս օդը փափուկ քիմքի եւ լեզվակի մկանների թրթռոց է առաջ բերում, որի արդյունքում տարբեր ինտենսիվության ձայնային աղմուկ է առաջանում, որն այլ կերպ խռմփոց են անվանում: Մկանների թուլությունը եւ տոնուսի իջեցումը պայմանավորված են տարբեր գործոններով:
Օրինակ, տարեց մարդկանց մոտ այն տարիքային փոփոխությունների արգասիք է: Խռմփոցի պատճառ կարող են լինել նաեւ հայմորիտը, սուր եւ քրոնիկ սինուսիտները, քթըմպանի շրջանի վնասվածքները: Հաճախ մարդիկ խռմփացնում են նաեւ նյութափոխանակության խանգարման, ալկոհոլի, ծխախոտի եւ մի շարք այլ վնասակար սովորությունների չարաշահման արդյունքում: Լինում են նաեւ դեպքեր, երբ խռմփոցը վերին շնչուղիների բնածին արատների արգասիք է: Խռմփոցի բուժումը կազմակերպվում է այդ երեւույթն առաջացնող պատճառների եւ դրանց՝ փափուկ քիմքի վրա թողած հետեւանքների վերացման հիման վրա: Մեր օրերում լայնորեն կիրառվում են ինչպես դեղորայքային եւ ֆիզիոթերապեւտիկ, այնպես էլ վիրաբուժական միջոցներ: Ավելի մանրամասն խորհրդատվության համար պետք է դիմել մասնագետ-բժշկին: