Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԾՆՎԵԼ ԵՄ ԵՆԳԻԲԱՐՈՎԻ «ԺԻԼԵՏԻՑ»

Օգոստոս 24,2010 00:00

Ասում է Մարսել Մարսոյի սան, մնջախաղաց Ստեփան Շահինյանը

\"\"

Քչերին է հայտնի, որ թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան Ստեփան Շահինյանը հայաստանյան թատերարվեստում 1975 թվականին հիմնված մնջախաղի թատրոնի հիմնադիրներից է: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, անվանի մնջախաղաց Արսեն Փոլադովի ռեժիսուրայով մասնակցել է 3 խոշոր ծրագրերի իրականացմանը: Այդ տարիներին հայ մնջախաղացների արվեստով հետաքրքրված էր հանրահայտ Վյաչեսլավ Պալունինը, շնորհիվ թատրոնի՝ Լենինգրադից- Սախալին կայացած հյուրախաղերի: 1990-ականների սկզբին Ստ. Շահինյանը Փարիզում մունջ դրամայի միջազգային դպրոցում կատարելագործվել է աշխարհահռչակ Մարսել Մարսոյի արվեստանոցում: Շահինյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ 1995թ. Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում ստեղծվեց մնջախաղային արվեստի կուրս:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արվեստագետն ասաց. «Սարոյանն ասում էր, թե ինքը ծնվել է Գոգոլի «Շինելից», ես էլ կարող եմ ասել, որ ծնվել եմ Ենգիբարովի «ժիլետից»: Ինչ-ինչ հանգամանքների բերումով մնջախաղացը թատրոնում աշխատել է 7 տարի, հետագայում դերասանի իր կարիերան շարունակել Հ. Մալյանի անվան թատրոնում, որտեղից էլ անցյալ տարի հեռացել է: Ընդ որում, նա Մալյանի թատրոնում իր ռեժիսուրայով վերականգնել է խաղացանկի սիրված ներկայացումներից մեկը՝ Այգեկցու «Աղվեսագիրքը»: Լայն հասարակությանը Ս. Շահինյանն ավելի հայտնի դարձավ «Կյանքի գինը» եւ «Վերադարձ» հեռուստասերիալներից: Հետաքրքիր է, որ մնջախաղի եւ Մալյանի թատրոնի բեմերին հրաժեշտ տված դերասանը այսօր գոհ է իր կարգավիճակից: «Ժամանակին հայաստանյան TV-ներում կերտել եմ Սպենդիարյանի, Թումանյանի կերպարները, Վարդան Պետրոսյանի «Վերելքում» էլ խաղացել եմ Կոմիտաս: Հասկանում եմ մարդկանց, ովքեր հեռուստասերիալներին վատ են վերաբերվում կամ ընդհանրապես որեւէ վերաբերմունք չունեն: Ինքս էլ ժամանակին, երբ ստանում էի հեռուստասերիալներում նկարահանվելու հրավեր, անկախ ինձնից դեմքս ծռմռում էի… Այսօր պիտի փաստեմ եւ հայտարարեմ, որ վերջին շրջանում նկարահանված հայկական սերիալները ավելի հետաքրքիր են, ուշագրավ, քան լատինամերիկյանները, բնականաբար՝ շնորհիվ դերասանների: Օրինակ, կան մարդիկ, ովքեր դժգոհում են Թատերական ինստիտուտից, թե ավարտեցինք ու այդպես էլ ոչինչ չստացանք: Իհարկե, դատարկ մարդիկ ոչինչ էլ չեն ստանում, իսկ շնորհալի ուսանողներ, հավատացնում եմ, իսկապես ունենք: Ասածիս վառ օրինակներ են սերիալները, որոնցում նկարահանվում են նաեւ ինստիտուտի ուսանողներն ու երիտասարդ դերասանները: Ի դեպ, մերօրյա սերիալում նկարահանվելն այնքան էլ հեշտ չէ: Նկարահանումներն աննկարագրելի արագությամբ են ընթանում, հաճախ ոչ ռեժիսորը, ոչ էլ դերասանի ծանոթ չեն լինում սցենարին: Ուրեմն, այստեղից հետեւություն՝ դերասանական կազմը պետք է ամենաքիչը՝ օժտված լինի»,- ասում է մեր զրուցակիցը: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ հեռացել է եւ մնջախաղի արվեստից, եւ Մալյանի թատրոնից: Ս. Շահինյանն ասաց. «1995թ. մնջախաղի թատրոնում ցանկություն հայտնեցի բեմադրել Դոստոեւսկու «Ծիծաղելի մարդու երազը», հետո էլի նախագծեր ունեի, օրինակ՝ Միքելանջելո ներկայացնել մնջախաղի միջոցով… Ուղղակի հանդիպեցի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի դիմադրությանը. նա ինձ պարզապես մերժեց: Իհարկե, ես դա, ինչպես ընդունված է ասել՝ թեթեւ տարա, քանի որ գիտակցում էի՝ իրեն կոնկուրենտ եմ»: Մալյան թատրոնի «մասով» էլ արվեստագետը հիշեց, որ տասը տարի կոլեկտիվն աշխատել է էնտուզիազմով. «Հետո էլ պետությունը որոշեց գումար հատկացնել, որից հետո հայտնվեցի ինձ համար տհաճ վիճակում: Մարդիկ իրենց գործընկերների փոխարեն ստորագրում էին ու ստանում աշխատավարձ… Երբ այդ մասին բարձրաձայնեցի, իհարկե, հաստատ իմանալով դրա հետեւանքները, դարձա թատրոնի ամենաանցանկալին»:
Անդրադառնալով «Վերադարձ» հեռուստասերիալի ադրբեջանցի Մուրադի դերին՝ Ս. Շահինյանն ասաց. «Հաճախ չի պատահում, երբ բացասական կերպարը ընդունվում է, մի տեսակ՝ սիրվում ժողովրդի կողմից: Օրինակ, ես անհարմար զգացի, երբ մի կին մարդաշատ վայրում ուշադրություն հրավիրելով ինձ վրա, բարձրաձայն ասաց՝ ադրբեջանցի ես խաղում, բայց, միեւնույն է, մենք քեզ սիրում ենք այնպես, ինչպես Ավետ Ավետիսյանի բացասական կերպարները»:
Ռեպլիկին, թե տարիներով ժողովրդին ինչ հրամցնես, դրան էլ կվարժվի, կընդունի…, Ս. Շահինյանը պատասխանեց. «Այսօր աշխարհում էլ մտքի պակաս կա: Փարիզում, ԱՄՆ-ում, Կանադայում հետեւել եմ TV-ների հրամցրած ծրագրերին եւ, պետք է ասել, առանձնապես ցնցված չեմ: Արվեստագետը ստեղծագործական ուղու փուլերից մեկում հնարավոր է անի այն, ինչն իր սրտին միգուցե այնքան էլ մոտ չէ, սակայն հարկ է ամեն ինչ անել բարձրարվեստ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել