Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տիտանների մենամարտը» չստացվեց

Օգոստոս 24,2010 00:00

«Փյունիկը» ջախջախում է «Ուլիսին»

\"\"

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի գլխավոր ինտրիգը առաջատարին հետապնդող «Ուլիսի» ու «Փյունիկի»  միջեւ հանդիպումն էր: Այս խաղից առաջ թե հոգեբանական ու թե միավորային առավելությունը Սեւադա Արզումանյանի թիմի օգտին էր, ինչը  պիտի որոշակիորեն ազդեր խաղի ընթացքի վրա: Սակայն ոչ այն փաստը, որ հենց «Ուլիսն» է 2010 թ. առաջնությունում առաջինը պարտության մատնել «Փյունիկին», ոչ «Ուլիսի»՝ նախորդ տուրում ընդհատած «Բանանցի» անպարտելի սերիան ու ոչ էլ 2 միավորի առավելությունը չօգնեցին 2009-ի բրոնզե մեդալակրին: «Փյունիկն» առանց մեծ դժվարությունների խոշոր՝ 5:1 հաշվով հաղթանակ տոնեց՝ շրջանցելով «Ուլիսին», հանգրվանելով 2-րդ հորիզոնականում եւ ընդամենը 5 միավոր զիջելով առաջատարին, որն իր «հերթապահ» հաղթանակը գրանցեց «Գանձասարի» հետ խաղում:
«Բանանցը», հինգ խաղ որակազրկումից վերադարձած Կուզմանոսկու գլխավորությամբ նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց կապանցիներին՝ ուժերը կենտրոնացնելով հաջորդ տուրում «Փյունիկի» հետ մրցավեճին: Հանդիպումը խոստանում է ինտրիգային լինել, ու ոչ միայն այն պատճառով, որ  մրցելու են չեմպիոնության համար պայքարող երկու թիմերը, որոնք Հայաստանի առաջնությունների պատմության ընթացքում բազմիցս են հայտնվել մեկը մյուսին կրնկակոխ հետապնդողի դերում: «Բանանց»-«Փյունիկ» խաղին Կուզմանոսկու թիմի կազմում բացակայելու է առաջնության երկու ռմբարկուներից Դուբալան, ում արդեն խփած գոլերի քանակով հավասարվել է փյունիկցի Գեւորգ Ղազարյանը: Ուստի, «Փյունիկը» կձգտի կրճատել միավորային տարբերությունը, իսկ Ղազարյանն էլ պետք է օգտվի ռմբարկուների ցուցակում միանձնյա առաջատար դառնալու պատեհ հնարավորությունից:
Բացի այդ,  երկու առաջատարներն էլ որոշակի համալրում են ստացել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ու հայ ֆուտբոլասերը վերջապես խաղում կարող է տեսնել գերմանական «Քյոլնի» փոխարինողների կազմից Հայաստան ժամանած նորաթուխ փյունիկցի Դավիդ Ազինին, ինչպես նաեւ «Բանանցի» նորեկ Ժոզե Ժունիորին՝ Սոֆիայի «Սլավիա»-ից:
Բայց այս ամենը՝ օգոստոսի 28-ին, բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում: Իսկ մինչ այդ՝ 18-րդ տուրի շրջանակներում կայացավ եւս 2 հանդիպում: «Միկան» նվազագույն՝ 1:0 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ, որը թեեւ վերականգնողական փուլում է, սակայն ռեաբիլիտացիան դեռ շոշափելի արդյունքներ չի տվել: Գյումրեցիները գտնվում են մրցաշարային աղյուսակի հատակին՝ վերեւ բարձրանալու չնչին ու միայն տեսական հույսերով: Մրցաշարային աղյուսակում «Շիրակի» մոտակա մրցակիցը՝ 11 միավորի «հեռավորության» վրա գտնվող «Կիլիկիան» է, որը ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Դիլիջանի «Իմպուլսի» հետ: Միեւնույն է՝ մրցաշարային աղյուսակի  հատակն է միայն «փայլում»: Արդեն հաջորդ տուրում «Շիրակն» ընդունելու է «Իմպուլսին», իսկ «Կիլիկիան» քննություն է հանձնելու «վիրավոր» «Ուլիսին»:
Գուցե հենց այս երկու խաղերի արդյունքում էլ «Շիրակի» եւ «Կիլիկիայի» հեռավորությունը կրճատվի: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել