Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԸ 4-ՐԴ ՄԵԴԱԼԸ ԲԵՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Օգոստոս 24,2010 00:00

\"\"Սինգապուրում պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերի ավարտին մի քանի օր է մնում: Մեր երկրից դեռ կան մարզիկներ, որոնք սպասում են իրենց մրցելույթի օրվան: Սակայն, դատելով նրանց իրական  հնարավորություններից, Հայաստանի հաշվարկում նոր մեդալներ ավելանալու հավանականությունը նվազագույն է: Թեեւ, տա Աստված, որ սխալված լինենք:
Առայժմ վերջին պարգեւը շաբաթ օրը նվաճեց ձյուդոիստ, մինչեւ 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը: Շնորհալի պատանին սպորտում որոշել է գնալ հոր՝ սամբո ըմբշամարտի աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանի հետքերով: Ու, ինչպես երեւում է, ճիշտ ուղու վրա է: Դավիթը Սինգապուրում նախնական գոտեմարտերում միմյանց հետեւից պարտության մատնեց Պաոլո Պերսոգլիային (Սան Մարինո), Ֆուք Քալին (Դանիա), Կեստուտիս Վիտկաուսկասին (Լիտվա): Սակայն եզրափակչի ճանապարհը նրա առջեւ փակեց ամերիկացի Մաքսիմիլիան Շնեյդերը: Իսկ արդեն երրորդ տեղի համար պայքարում վանաձորցի մարզիկը պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Տուբուշիին եւ բավարարվեց բրոնզե մեդալով: Մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, ինչ խոսք, բավարարված է մարզիկի նվաճած պարգեւով, սակայն երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ափսոսանք հայտնեց, որ Դավիթը երրորդ տեղ է գրավել: «Ես սպասում էի, որ նա Սինգապուրում ի վիճակի էր հնչեցնել Հայաստանի օրհներգը: Չստացվեց: Բայց տեղեկացել եմ, որ շնորհիվ այդ մեդալի, մեր մարզաձեւում թիմային հաշվարկով Հայաստանը 11-րդն է»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:
Մասնագետները ակնկալիքներ ունեին նաեւ բռնցքամարտիկ Հրայր Մաթեւոսյանից (60 կգ քաշային կարգ), սակայն մարզիկը հենց առաջին մենամարտում տանուլ տվեց հնդիկ Վիկաս Կրիշանին եւ զրկվեց մեդալների համար պայքարը շարունակելու իրավունքից: ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության մեկնաբանությամբ, այս մրցաշարի կանոնադրությամբ Հրայրը դեռ էլի ռինգ կմտնի՝ 5-րդ տեղի համար պայքարելու:
Սինգապուրում մեր մյուս պատանի մարզիկների ցուցանիշներն են:
Աթլետիկա:
Գայանե Խուբեսերյան, 100 մ արագավազք, 12,95վրկ՝ 18-րդ տեղ:
Ջրացատկ:
Գեւորգ Պապոյան, 3 մ ոստնակ՝ 13-րդ:
Թիավարություն:
Էդգար Բաբայան, կանոե, սպրինտ, 2.23,02՝ 13-րդ:
Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի պատվիրակությունը մեկ արծաթե եւ երեք բրոնզե մեդալով ընթանում է 52-րդ հորիզոնականում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել