Ըստ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի՝ մեկը մյուսին չի խանգարում
Գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի արվեստը ներկայացնելու հարկ չկա. 35 տարի ստեղծագործում է: Վերջերս, երբ լրացավ ծննդյան 60-ամյակը, նկարիչը մի ամփոփիչ ցուցահանդես ունեցավ Հայաստանի նկարիչների միությունում: Ներկայացվեցին վերջին 5 տարիների գործերը՝ մոտ 50 աշխատանք եւ 2 մեծ պաննոներ («Հայաստան», «Արցախ»)՝ նվիրված 21-րդ դարի Հայաստանին: Ասում է՝ Սարյանը 100 տարի առաջ է իր «Հայաստան» պաննոն նկարել, ինքն էլ այսօր է ցանկանում ցույց տալ, թե մեր երկիրը ինչ փոփոխություն է կրել. «Նկարիչ լինելուց զատ, ես նաեւ քաղաքացի եմ, որ պարտք ունի հայրենիքի հանդեպ, ես էլ արվեստիս միջոցով եմ այդ պարտքը կատարում: «Հայաստանից» բացի, ստեղծել եմ «Արցախ» պաննոն: Երբ եղա այդ հերոսական հողում, որի ազատագրման համար բազմաթիվ հայորդիներ արյուն են թափել, որոշեցի յուրովի մասնակցել նրա հաղթանակներին ու բարգավաճմանը: Իհարկե, պաննոն ծավալային աշխատանք է եւ ցանկալի է, որ դրա համար պատվիրատու ներգրավվի (լինի պետություն, թե անհատ՝ կարեւոր չէ), բայց երբ ներշնչված ստեղծագործում ես, դրա մասին մոռանում ես: «Արցախ» պաննոն, որը Արցախի հավաքական բնաշխարհն է, ցուցադրվեց Ստեփանակերտի Ազատության հրապարակում, այնուհետեւ մի 20 աշխատանքով ցուցահանդեսս բացվեց Արցախի մշակույթի նախարարության սրահներում: Հուզված էի, որ ժողովուրդը մեծ հարգանքով է ընդունում գործերս: Պատրաստ է նաեւ «Սյունիք» պաննոյի էսքիզը: Առաջիկա ցուցահանդեսային շարքից հետո դրանով էլ կզբաղվեմ»:
Սեպտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում կբացվի Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը՝ հայկական համայնքի ձեւավորման 300-ամյակի շրջանակներում: Մեր զրուցակիցն ասում է, որ հուզումներ ունի, քանի որ 35 տարի առաջ ավարտել է տեղի ակադեմիան, ու դա յուրատեսակ հաշվետվություն է լինելու: Փ. Միրզոյանը կներկայանա 50 աշխատանքով, դարձյալ վերջին 5 տարիներին ստեղծված: Հոկտեմբերի վերջին -նոյեմբերին էլ Սերբիայում է անհատական ցուցահանդես ունենալու՝ Սերբիայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում: Շատ է ցանկանում, որ հայ արվեստը արժանապատիվ ներկայացվի «դրսում»: «Ուրիշ է, երբ պետությունն է քեզ ներկայացնում, մեկ այլ բան՝ մասնավոր ցուցահանդեսները: Ես ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Սանկտ Պետերբուրգում, ե՛ւ Սերբիայում ընտրել եմ հիմնականում վերջին շրջանի գործեր, սակայն դրանք երեք դեպքում էլ չեն կրկնվում, չնայած Սանկտ Պետերբուրգի առումով ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում, որովհետեւ այնտեղ իմ ուսուցիչներն են, համակուրսեցիներս, հետո այն արվեստների քաղաք է: Ամեն ինչ չէ, որ վայել է տեղի խստապահանջ արվեստասերի քիմքին»,-ասում է նկարիչը:
Փ. Միրզոյանից, որ նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենն է, հարցրինք՝ ադմինստրատիվ աշխատանքը չի՞ խանգարում ստեղծագործելուն: «Ես լուսաբացին եմ արթնանում, եւ իմ ամենօրյա աշխատանքը արվեստանոցում է, ադմինիստրատիվ աշխատանքն էլ չի խանգարում, ընդհակառակը՝ ձգված եմ, որովհետեւ փորձում եմ ժամանակս ճիշտ օգտագործել: Ի դեպ, Ազգային պատկերասրահի տնօրենի աշխատանքը ստեղծագործական է, դու բոլոր ցուցահանդեսների մասնակիցն ես, եվրոպական, ռուսական, հայկական արվեստի գլուխգործոցները ամեն օր քո աչքի առաջ են, ամեն օր սովորում ես»,- պատասխանում է նա: Ինչ վերաբերում է Գեղարվեստի ակադեմիայում դասավանդելուն, այս մասին էլ նշում է. «35 տարի դասավանդում եմ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 12 տարի եղել եմ գեղանկարի եւ կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ: Երբ պատկերասրահի տնօրեն նշանակվեցի, միայն մագիստրատուրայի կուրսը վերցրի, որպեսզի երիտասարդների հետ կապը չկտրվի: Երկուշաբթի իմ ազատ օրն է պատկերասրահում, հենց այդ օրն էլ դասավանդում եմ: Գուցե այնքան համեստ չհնչի, բայց ինձ թվում է, որ դեռ իմ պահանջը կա բուհում… Միայն համաձայն չեմ կրթական համակարգի որոշ տարրերի հետ, ախր արվեստի բուհերի համար մագիստրատուրան ո՞րն է: Մարդիկ առաջ 5 տարի սովորում էին, դիպլոմը պաշտպանում ու նկարիչ դառնում»:
Փ. Միրզոյանի խոսքով, ներկայումս Հայաստանի ազգային պատկերասրահում կյանք կա, վերականգնվել է կապը բուհերի, դպրոցների, ծերանոցների, իսկ երաժշտական փառատոների միջոցով՝ նաեւ երաժշտության հետ: «Պատկերասրահում դասական երաժշտության փառատոնը, կինոդիտումը, հաղորդումներ նկարահանելը գտնված ձեւ է. ե՛ւ դաստիարակչական նշանակություն ունի, ե՛ւ ճանապարհ է դեպի դասական արվեստ: Ամեն տարի հոբելյանական ցուցահանդեսներ ենք կազմակերպում: Նկարիչներ կան, որ մոռացված են, ֆոնդեր կան, որ ուսումնասիրված չեն, մեր ողջ հավաքածուն ընդգրկել ենք համակարգչի մեջ, ամենօրյա աշխատանք ենք կատարում, որն առաջին հայացքից չի երեւում: Հավելեմ, որ սեպտեմբերի առաջին կեսին Պուշկինյան թանգարանում մի հրաշալի ցուցահանդես ենք բացելու, որտեղ ընդգրկված կլինեն ռուսական եւ հայկական գեղանկարչության գլուխգործոցները, նոյեմբերին Սուրենյանցի ծննդյան 150-ամյակի առիթով նրա հավաքածուի ցուցադրությունն ենք ունենալու, բոլոր անվանի նկարիչների կատալոգներն ենք տպագրելու»,- զրույցը եզրափակում է պարոն Միրզոյանը: