Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԶԿԻԹԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿՓԵՂԿՄԱՆ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ

Օգոստոս 24,2010 00:00

\"\"Նյու Յորքում բազմահազարանոց ցույցեր են անցել, որոնք նախաձեռնել են 2001թ. սեպտեմբերի 11-ին իսլամիստ ծայրահեղականների հարձակման թիրախ դարձած Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ շենքերի տեղում մզկիթի կառուցման ինչպես կողմնակիցները, այնպես էլ դրա ընդդիմախոսները: Ու թեեւ ցուցարարների երկու հակադիր թեւերի ակցիաներն անցել են իրարից ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ, այդուհանդերձ, ինչպես փոխանցում է BBC-ն, ոստիկանության կառուցած արգելափակոցների շնորհիվ հաջողվել է կանխել նրանց միջեւ հնարավոր միջադեպերը: Աղբյուրի մատուցմամբ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում մզկիթի կառուցման ընդդիմախոսների նախաձեռնած ակցիայի մասնակիցների թիվը զգալիորեն գերազանցել է դրա կողմնակիցների թվին: Կողմերից մեկը հնչեցրել է «Ո՛չ մզկիթին: Թույլ չենք տա», մյուսը՝ «Ասա ո՛չ՝ ռասիստական վախերին» կարգախոսը: Նրանք, ովքեր մասնակցում էին մզկիթի կառուցման դեմ կազմակերպված բողոքի ակցիային, ուղիղ կապ են տեսել մահմեդականության եւ 2001թ. իրադարձությունների միջեւ, որոնց արդյունքում 2700 մարդ էր զոհվել: Նրանք պահանջում են, որ մզկիթը կառուցվի խորտակված զույգ երկնաքերերից որքան հնարավոր է հեռու: Մզկիթի կառուցման կողմնակիցների փաստարկն այն է, թե հիշյալ ահաբեկչության արդյունքում նաեւ տասնյակ մահմեդականներ են զոհվել: «Նրանք իրենց երեխաներին կրոնի ազատության դասեր են տալիս, իսկ գործնականում իրենք անում են հակառակը»,- ըստ «Ֆրանսպրեսի»՝ ասում են մզկիթի կառուցման ջատագովները:
Հիշեցնենք, որ այդ նախագիծը պաշտպանում են ինչպես Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, այնպես էլ երկրի նախագահ Բարաք Օբաման: Նախագծին դեմ են հանդես գալիս Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնց քննադատության թիրախ է դարձել նաեւ նախագահ Օբաման: Մզկիթի կառուցման նախագծի համաձայն, մահմեդական հասարակական կենտրոնի 13 հարկանի շենքը նախատեսվում է մզկիթի վերածել: Շինարարությունը գնահատվում է մոտավորապես 100 մլն դոլար: Նախագծի հեղինակներն ասում են, որ մզկիթում չափավոր մահմեդականություն է քարոզվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել