Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի եւ միջուկային ոլորտի պաշտոնյաների ներկայությամբ շաբաթ օրը հանդիսավոր պայմաններում սկսվել է Իրանի առաջին ատոմային ռեակտորը միջուկային վառելիքով լիցքավորելու գործընթացը:
Պաշտոնական Թեհրանի տարածած հաղորդագրության համաձայն, ռեակտորի լիցքավորման գործընթացին մասնակցել են նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները:
Իրանի առաջին միջուկային ռեակտորի՝ Բուշեհրի ատոմակայանի էներգաբլոկի շինարարությունը մեկնարկել է 35 տարի առաջ: Ատոմակայանի շինարարությունը պարբերաբար հետաձգվել է, եւ ավարտին է հասցվել Ռուսաստանի աջակցությամբ:
«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, թեեւ Իրանն արդեն կարողանում է հարստացնել սեփական ուրանը, այդուհանդերձ, Բուշեհրի ատոմակայանի շահագործումը իրականացնելու է Ռուսաստանը, ռեակտորը լիցքավորվելու է ռուսական վառելիքով: Ռուսաստանը նաեւ ստանձնելու է օգտագործված ռադիոակտիվ թափոնները Իրանից դուրս տանելու եւ չեզոքացնելու պատասխանատվությունը:
Միացյալ Նահանգները, Իսրայելն ու նրանց դաշնակից պետությունները պնդում են, որ Իրանի միջուկային ծրագիրը զանգվածային զենք ստեղծելու նպատակ է հետապնդում: Հիմնականում ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բազմիցս պատժամիջոցներ է կիրառել Թեհրանի նկատմամբ, պահանջելով դադարեցնել միջուկային ծրագիրը: Իրանը կտրականապես հերքում է այս մեղադրանքները, հայտարարելով, որ միջուկային վառելիքի արդյունահանման եւ հարստացման իր ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:
«Չնայած ճնշումներին, պատժամիջոցներին եւ արեւմտյան պետությունների կողմից մեզ պարտադրված զրկանքներին, այսօր մենք տեսնում ենք Իրանի խաղաղ միջուկային ծրագրի ամենամեծ խորհրդանիշի մեկնարկը»,- BBC-ի փոխանցմամբ, միջուկային ռեակտորի լիցքավորման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողներին ասել է Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Ակբար Սալեհին: Փորձագետների գնահատմամբ, մեկ ամսից Բուշեհրի ատոմակայանը կարող է սկսել էլեկտրաէներգիայի արտադրությունը: