Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ԵՆ ՓԱԽԵԼ

Օգոստոս 24,2010 00:00

\"\"Լույս երկուշաբթի գիշերը Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանից առնվազն 25 կալանավոր, սպանելով մեկուսարանի անվտանգության հինգ աշխատակիցներին, փախուստի է դիմել:
 Reuters-ի մատուցմամբ, փախուստի դիմած անձինք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ անցած տարվա հուլիս-օգոստոս ամսին Տաջիկստանում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար անցած շաբաթ երկար ժամկետների դատապարտվածներ են՝ Տաջիկստանի, Աֆղանստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ:
Տաջիկստանի ԱԱՊՎ-ի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն, փախուստի դիմած 25 դատապարտյալներն էլ զինված են եւ կրում են զինվորական համազգեստ: Օգոստոսի 23-ի գիշերը՝ ժամը 01.10-ին հանցագործների խումբն օգտվելով մեկուսարանի անվտանգության ծառայության ափութությունից, հարձակվել է վերջիններիս վրա, սպանել նրանց, խլել նրանց զենքն ու հագուստներն ու մեքենայով դիմել փախուստի՝ անհայտ ուղղությամբ: ԱԱՊՎ-ի հաղորդման համաձայն, երկրի իրավապահ մարմիններն ու ուժային կառույցները հանցագործների ինքնությունը պարզելու եւ նրանց կալանավորելու համար մարտական բարձր պատրաստության է բերվել, ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումներ, որոնք, սակայն, դեռ որեւէ արդյունք չեն տվել:
Մեկուսարանը գտնվում է Դուշանբեի կենտրոնում՝ երկրի նախագահ Էմոմալի Ռախմոնովի առանձնատնից ոչ հեռու:
Քանի որ փախուստի դիմածների թվում Ռուսաստանի 6 ու նաեւ Աֆղանստանի քաղաքացիներ կան, Տաջիկստանի իշխանությունները դիմել են նաեւ Մոսկվային եւ Քաբուլին՝ փախստականներին համատեղ ուժերով բռնելու խնդրանքով:
Ըստ որոշ տեղեկությունների, փախուստի դիմածների թվում են նաեւ երկրի՝ արտակարգ իրավիճակների նախկին նախարար եւ տաջիկական ընդդիմության զինված ուժերի նախկին հրամանատար Միրզո Զիեեւի որդիները: Հիշեցնենք, որ նախկին նախարարը սպանվել էր անցած ամառ՝ Տաջիկստանի կառավարական զորքերի կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում: Փախուստի դիմածների թվում են նաեւ Ուզբեկստանի Իսլամական շարժման մի քանի անդամներ: Վերջիններիս նկատմամբ դատաքննությունն ընթացել էր շուրջ մեկ տարի՝ փակ դռների ետեւում: Դատապարտյալների փաստաբանները շեշտում են, որ դատաքննությունն անցել է դատավարական նորմերի բազմաթիվ խախտումներով: Դատապարտյալների վերաքննիչ հայցն անցած շաբաթ մերժվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել