Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կանգնել «Օրրանի» կողքին

Օգոստոս 24,2010 00:00

Բարեգործական ընթրիք՝ «Արմենիա-Մարիոթում»

\"\"
«Օրրանի» բարեկամ Յիրիկյան ընտանիքը:

Հերթական անգամ «Օրրան» բարեգործական–հասարակական կազմակերպությանը սատար կանգնելու եւ կազմակերպության ծրագրերին աջակցելու նպատակով, դիվանագիտական կորպուսի տարբեր ներկայացուցիչներ, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների անդամներ, ճանաչված դերասաններ, երգիչ-երգչուհիներ, «Օրրանի» հին ու նոր ավելի քան երկու հարյուր ընկերներ օրերս հյուրընկալվել էին «Օրրանի» բարեկամ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» կազմակերպության՝ թվով 6-րդ բարեգործական ընթրիքի նպատակն էր հասարակության ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրել կարիքավոր երեխաների, նրանց ընտանիքների եւ միայնակ ու անապահով տարեցների սոցիալական խնդիրների լուծմանը եւ գումարներ հայթայթել՝ նրանց օգնելու համար: Երեկոն ծառայեց իր նպատակին. աճուրդի արդյունքում  հավաքվեց ավելի քան 43 մլն ՀՀ դրամ: Ընթրիքի ընթացքում կազմակերպվել էր գեղեցիկ եւ յուրահատուկ մի արարողություն՝ ճաշկերույթի սրահ էր բերվել «Օրրանի» մեծ ընտանիքի տոնածառը, որն իր վրա կրում էր «Օրրանի» սաների թիվը խորհրդանշող 150 լամպ: Դրանք լուսավորելու համար ընթրիքի հրավիրվածները պետք է նվիրեին 850 ԱՄՆ դոլար գումար, որն անհրաժեշտ է մեկ տարում «Օրրանի» մեկ սանի սննդի, կրթության եւ մասնագիտական ուսուցման ծրագրերը հովանավորելու համար:
Երեկոյի բանախոսներն էին «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը եւ կազմակերպության գլխավոր՝ պլատինե հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս տարի եւս «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը առատաձեռն էր նվիրատվության հարցում.  ընկերությունը ստանձնեց 1 տարվա ընթացքում «Օրրանի» 71 սաների սննդի, կրթության եւ մասնագիտական ուսուցման ծրագրերի հովանավորությունը: «Օրրանի» սաների համար պատրաստվել էր եւս մեկ անակնկալ: Երեկոյի մասնակիցների հուզմունքը եւ հիացմունքը կրկնապատկվեց, երբ հայտարարվեց եւս տասը երեխայի հովանավորելու եւ աջակցելու մասին Յիրիկյան ընտանիքի պատրաստակամության մասին: Ռալֆ Յիրիկյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանում մուրացիկ երեխաների թիվը գնալով պակասում է՝ «Օրրանի» եւ նման կազմակերպությունների գործունեության շնորհիվ: Եվ որ այդ գործում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը միշտ պատրաստ է աջակցելու «Օրրանին»՝ հավատարիմ մնալով իր կորպորատիվ պատասխանատվությանը:
Այս տարի եւս «Օրրանի» կողքին էին Թամար Թադեւոսյանը, «Տիգրան Մեծ» հրատարակչությունը, Best ընկերությունը, որը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ճաշկերույթին նվիրեց իր արտադրանքը՝ «Վինար» գինիները, «Սիփան» ընկերությունը եւ Coca-Cola ընկերությունը, որը ոչ միայն ճաշկերույթին նվիրել էր զովացուցիչ ըմպելիքներ, այլ նաեւ ստանձնեց «Օրրանի» մեկ սանին մեկ տարվա ընթացքում հովանավորելու պարտականությունը: «Օրրանի» շահառուների օգտին 15 000 ԱՄՆ դոլար նվիրատվություն էր կատարել նաեւ Սաուդյան Արաբիայից գործարար Հովիկ Քյուրքչյանը: Ողջունելի էր նաեւ HSBC բանկի նվիրատվությունը ոչ միայն կազմակերպության, այլ նաեւ նրա անհատ աշխատակիցների՝ ներառյալ նաեւ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդի կողմից:
Տոնական երեկոն վարում էին սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանը եւ Հովհաննիսյանների ընտանքի ավագ որդին՝ երիտասարդ գրող Կարին Հովհաննիսյանը: Միջոցառման մթնոլորտն առավել տոնական դարձավ «Օրրանի» բարեկամ Քրիստինե Պեպելյանի գեղեցիկ կատարումների եւ Իրեն Ուլիխանովայի պարային խմբի ելույթների շնորհիվ:
Ինչպես ասաց Արմինե Հովհաննիսյանը. «Մենք կարողանում ենք իրականացնել մեր առաքելությունը, քանի որ մեր կողքին ունենք լավ բարեկամներ եւ ընկերներ, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: Այս երեկոն եկավ փաստելու այն ճշմարտությունը, որ եթե հասարակության մեջ մեծ է կարիքավոր մարդկանց թիվը, եւ կա վստահելի կազմակերպություն, ապա շատ ու շատ մարդիկ եւ կազմակերպություններ պատրաստ են աջակցելու եւ օգնության ձեռք մեկնելու նրանց»: Ինչպես հայտնի է, 2000-ին հիմնադրված «Օրրանը» իր աշխատանքները սկսել է ընդամենը 16 երեխայի հետ, 2009-ին «Օրրանի» մասնաճյուղ բացվեց նաեւ Վանաձորում: Այսօր Երեւանի «Օրրանը» հոգ է տանում 95 երեխայի եւ 60 տարեցի, իսկ Վանաձորի «Օրրանը»՝ 55 երեխայի մասին: «Օրրանի» առաքելությունն է օգնության ձեռք մեկնել երկրի տնտեսական ճգնաժամի հետեւանքով փողոցում հայտնված երեխաներին՝ նրանց ներգրավելով կրթական, մշակութային եւ արտադասարանական միջոցառումներում, օգնել անապահով երեխաների ընտանիքներին, ինչպես նաեւ աջակցել միայնակ ու կարիքավոր տարեցներին՝ կանխելով աղքատության ու մուրացկանության տարածումը Հայաստանի մանուկների ու մեծահասակների շրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել