Կամ՝ ինչպես ԷՈՒՇ-աբանները փակեցին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը
«Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» (ԵրՖԻ) այլեւս չկա: Փակեցին: Կառավարության մակարդակով: Նպատակասլաց: Փոխարենը բացեցին ուրիշ հիմնարկ՝ բացարձակապես նույն ստատուսով (ասել է թե՝ ՊՈԱԿ), անունն էլ «Ազգային գիտական լաբորատորիա» (ԱԳԼՃԿ-ից ՃԿ-ն հանած): Երեւի այս ուրիշ հիմնարկը ուրիշ սեփականություն կունենա, կարծում եմ՝ ավելի քիչ: Կամ ոչինչ չի ունենա՝ ինչն ավելի հավանական է: Նոր կանոնադրություն՝ նոր կանոններով:
Մեկ անգամ չէ, որ գրել եմ, հեռուստատեսությամբ եւ այլ տեղերում ասել գիտական հիմնարկների անշարժ գույքի եւ սեփականության եւ նրանց հնարավոր օգտագործման մասին: Արդեն հոգնել եմ: Երեւի միայն ինձ էր պետք այդ սեփականությունը՝ ես էլ չեմ ուզում: «Տարեք, կերեք՝ սա է տարածքը ԵրՖԻ»: Հիմա ուրիշ ժամանակներ են՝ արդեն ԵրՖԻ չկա, հետեւաբար գույք ու տարածք էլ չկա:
Ընդունելով հետագա պայքարի գրեթե անիմաստությունը՝ պարզապես փորձեցի հասկանալ, թե ինչ գիտությամբ պետք է զբաղվի «Ազգային գիտական լաբորատորիան»: Կարդում եմ Հայաստանի կառավարության թիվ 306 Ն որոշումը, ինչից սկսվեց ԵրՖԻ-ի փակման պրոցեսը (ինչը որոշ մարդիկ ներկայացնում են որպես ԱԳԼ ձեւավորման պրոցես): Սկզբնաղբյուրը՝ ՀՀՊՏ 2009.04. 15/19 (685) հոդ. 384, ընդունող մարմինը՝ ՀՀ կառավարություն, ընդունման ամսաթիվը՝ 19.02. 09, ստորագրող մարմինը՝ ՀՀ վարչապետ, ստորագրման ամսաթիվը՝ 02.04. 09: Այսքան մանրամասն եմ գրում համարների եւ այլ բաների մասին, որովհետեւ այն, ինչ կարդացի այս փաստաթղթի մեջ՝ վեր է իմ երեւակայությունից եւ բոլոր մեջբերումները հատուկ նշում եմ: Որոշմանը կից կա ծրագիր, ինչը կատարելու համար էլ տեղի է ունենում այս ամենը՝ ԵրՖ-ն փակելուց մինչեւ ԱԳԼ բացելը:
Կարդացեք նաև
«Ծրագիրը նվիրված է «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում (ԵրՖԻ) իզոտոպների արտադրության համալիրի տեղադրմանը, որի արդյունքում կստեղծվի ռադիոիզոտոպների արտադրություն՝ հիմնված բելգիական IBA ֆիրմայի Cyclone-30 ցիկլոտրոնի վրա (IBA-lon Beam Application), ինչն իր հերթին հիմք կդնի Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկությանը»,- կարդում ենք սկզբում: Տրամաբանական բառեր, ինչից հետո սկսվում է բժշկական հարցերի քննարկում՝ մի բան, որը ֆիզիկայի կամ ԵրՖԻ-ի հետ ոչ մի կապ ունենալ չի կարող: Արդեն իսկ հստակ ուրվագծվում է հիմնական նպատակը եւ թիրախը՝ ԵրՖԻ-ի տարածքները:
Իսկ այն, ինչը սկսվում է սրանից հետո կառավարության որոշման մեջ՝ դժվար է անուն տալ կամ հասկանալի բառերով նկարագրել: Նպատակները եւ արդյունքները բաժինը՝ թե շարադրելու, թե գաղափարների մակարդակով հիշեցնում է տեխնիկումի հարվածային ուսանողի գրած կուրսային աշխատանք: Եթե արդյունաբերությանը վերաբերող մասը պրիմիտիվ շարադրություն է, նվիրված «Վառելիքաքիմիական եւ մեխանիկական ինժեներիայի համար զարգացման եւ բարելավման միջոցի ապահովում» կամ «Կիսահաղորդիչների եւ բարձրակարգ մեքենասարքավորումների (գործիքավորում) արդյունաբերության բարելավում» անհասկանալի գործառույթներին, ապա բնական գիտությունների մասը պարզապես զառանցանք է: Կարդում ենք կառավարության կողմից քննարկված եւ ընդունված փաստաթղթի մեջ. «Որոշ մոլեկուլների՝ ԷՈԻՇ (էներգիայի ուղղագիծ շարժման) ռադիացիայի նկատմամբ ունեցած բարձր զգայնության առավել խոր ուսումնասիրություն»:
Եթե չեմ սխալվում, կառավարության նիստերին մասնակցում են ՀՀ ԳԱ նախագահը, Գիտպետկոմի նախագահը, ԿԳ նախարարը: Հարցս ուղղում եմ նրանց՝ էս ի՞նչ ԷՈՒՇ-աբանություն է: Էներգիայի ուղղաձիգ շարժումը ուսումնասիրելու համար ՀՀ կառավարությունը տասնյակ միլիոնների եվրո՞ է ծախսելու: Չհարցրի՞ք, թե դա ինչ է: Չլինի՞ հատուկ հայկական գիտություն է: Մեզ էլ ասեք՝ կարող է պետք գալ: Որոշման վերջում հանձնարարականներն են՝ «Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարին՝ 2009 թվականից ապահովել Հայաստանի եւ օտարերկրյա համապատասխան բուհերում ու գիտական կազմակերպություններում Միջուկային բժշկության կենտրոնի համար կադրերի պատրաստումը՝ ըստ կենտրոնի կողմից ներկայացված ուղղությունների»: Հետաքրքիր է՝ երիտասարդ ԷՈՒՇ-աբաններն ինչպե՞ս են կոչվում: Միգուցե՝ ԷՈՒՇ-իկ, կամ կարելի է էլի ձեւափոխել: Իհարկե, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ: Եթե չասենք՝ ողբերգական: Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի բախտն ու ապագան որոշում են գիտության մասին նման պատկերացում ունեցող մարդիկ: Եթե բժշկական կենտրոն բացելու համար տարածքներ էին պետք, ԵրՖԻ-ի տարածքն էլ հարմար էր՝ ասեիք: Հակագիտական խեղկատակությունը սարքել եք՝ որ ի՞նչ: Թե՞ էկոնոմիկայի նախարարությունը (որը, չգիտես ինչու, ղեկավարում է հայկական ֆիզիկայի հենակետային հիմնարկը՝ ԵրՖԻ-ն) էկոնոմիկայի հարցերը լուծել՝ անցել է գիտությանը: Երեւի հայերեն իմացող էլ չկար՝ կարդար այդ փաստաթուղթը: «Հայ գիտնականների շրջանում հետազոտության եւ զարգացման փորձի ընդարձակում» կամ «Առավել ակտիվ համագործակցություն միջազգային շրջանակների հետ…»: Ո՞ւմ հետ եք համագործակցում, ի՞նչն եք ընդարձակում: Եվ արդեն հարցն այն չէ, թե ով է այս «հրաշք» ծրագրի հեղինակը: Ողբերգությունն այն է, որ այս անհեթեթ «շարադրությունը» կարող է անցնել գոյություն ունեցող փորձագիտական համակարգով եւ հիմք դառնալ կառավարության որոշման: Հայաստանում չկա ուրիշ գիտական ատյան՝ սրանք են: «ԷՈՒՇ-աբանությունն» անարգել անցնում է ներքեւից վերեւ՝ հավակնելով տասնյակ մլն դոլարի հասնող ծախսերի: Ես չգիտեմ՝ արտասահմանից հրավիրված փորձագետներին (սրանց մասին առանձին) ներկայացրե՞լ են այս ծրագիրը, թե՞ ոչ: Կարծում եմ՝ դա արդեն սկզբունքային չէ: «Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» այլեւս չկա:
ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նախկին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից