Լրահոս
Օրվա լրահոսը

Դավանանքով հայ՝ ռուս գեներալը

Օգոստոս 24,2010 00:00

\"\"1956թ. Գեորգի Մոիսեյի Սիլիկովը իր հոր՝ Մոիսեյ Բաբաեւիչ Սիլիկովի մասին տեղեկություն ստանալու եւ նրան արդարացնելու խնդրանքով Բաքվից ռուսերեն դիմում է հղել ՀԽՍՀ ՆԳՆ եւ այդ դիմումում մասնավորապես նշել. «Հայրս ազգությամբ ուդի է, դավանանքով հայ Գրիգոր-լուսավորչական, կրթությամբ ռուսիֆիկացված ցարական գեներալ…»:

Ռուսաստանի, հետագայում անկախ Հայաստանի Հանրապետության բանակի գեներալ-մայոր, հայոց ազգային հերոս, ազգությամբ ուդի Մոիսեյ Բաբայի Սիլիկովը (Մովսես Սիլիկյան) ծնվել է 1862թ. սեպտեմբերի 14 (26)-ին Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Նուխիի գավառի ուդիական Վարդաշեն գյուղում: 1882թ. ավարտել է Մոսկվայի ռազմական գիմնազիան, 1884թ.՝ 3-րդ ալեքսանդրովյան ռազմական ուսումնարանը, 1904թ.՝ սպայական հրաձգային դպրոցը: 1884-ից ծառայել է ռուսական բանակում՝ պոդպորուչիկի կոչումով: Հաջորդաբար եղել է գումարտակային համհարզ, վաշտի, գումարտակի, գնդի եւ դիվիզիայի հրամանատար: Ծառայել է հիմնականում Կովկասյան զինվորական օկրուգում: 1911թ. հունիսի 25-ին արժանացել է գնդապետի կոչման: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Կովկասյան ռազմաճակատի մարտերին: 1914թ., նախքան պատերազմը սկսվելը, նշանակվել է Երեւանի զինվորական պարետի օգնական: 1915թ. եղել է հրաձգային գնդի հրամանատար: 1916թ. գնդապետի կոչումով գլխավորել է Վանի զորախումբը: Լինելով Վանում տեղակայված զորքերի մի զորագնդի ղեկավարը՝ մասնակցել է Մուշի, Բիթլիսի հաղթական ետգրավմանը, Էրզրումի գրոհմանը, իսկ Էրզրումը վերցնելուց հետո նշանակվել քաղաքի պարետ: Մարտական սխրանքների համար Մ. Սիլիկովը պարգեւատրվել է ռուսական պետության բազմաթիվ շքանշաններով, մեդալներով, այդ թվում՝ Սուրբ Գրիգորի պատվանշանով, Գեորգիեւյան զենքով: 1917թ. օգոստոսի 22-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում: 1917թ. Ռուսական հեղափոխությունից, Կովկասյան ռազմաճակատի քայքայումից եւ ռուսական զորքերի նահանջից հետո թողել է ռուսական զորքը եւ պաշտոնաթող եղել: 1918թ. հունվարին նշանակվել է Հայկական բանակային կորպուսի 1-ին հրաձգային դիվիզիայի հրամանատար: Կարճ ժամանակում ստեղծել է մարտունակ կանոնավոր հայկական զորամասեր, որոնք պատրաստ էին Օսմանյան կայսրության զորքերի հարձակումները ետ մղել եւ իրենց պաշտպանության եւ հսկողության տակ էին վերցրել Երեւանը: Շուտով նշանակվել է Երեւանի զորախմբի հրամանատար: Ավելի ուշ, մայիսի 28-ին, Հայաստանի անկախացումից հետո, Սիլիկովի զորքերը կազմել են Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության բանակի կորիզը: 1918թ. մայիսին, երբ թուրքական զորքը գրավեց Ալեքսանդրապոլը եւ սկսեց շարժվել դեպի Երեւան, Սիլիկովը ստանձնեց կանոնավոր բանակի եւ աշխարհազորի ընդհանուր հրամանատարությունը: Բոլորը հասկանում էին, որ ճակատամարտի արդյունքից է կախված հայ ժողովրդի ճակատագիրը եւ Հայաստան պետության լինել-չլինելու հարցը:
1918թ. մայիսի 24-ին Սիլիկովը դիմում է հայ ժողովրդին եւ կոչ անում թողնել բոլոր ներքին տարաձայնությունները եւ բռունցքվել ընդդեմ անարգ թշնամու:
1918թ. մայիսի 28-ին նրա զորամասերը Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերում ջախջախիչ հարված հասցրին թուրքական զորքին: Այդ ճակատամարտում դրսեւորվեց Սիլիկովի ռազմավարական անուրանալի տաղանդը: Սարդարապատի ճակատամարտի մասնակից, հետագայում Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը Սիլիկովի մասին ասել է. «Այդ ժամանակվա գեներալներից ամենատաղանդավոր զորավարը Սիլիկովն էր…»:
Շնորհիվ Սարդարապատի հաղթական ճակատամարտի Արեւելյան Հայաստանի զգալի մասը ազատվեց թուրք զավթիչներից, եւ պայմաններ ստեղծվեցին հայկական պետականությունը վերականգնելու համար: Հաղթանակից հետո Սիլիկովը պահանջել է շարունակել հարձակումը թուրքական զավթիչների դեմ եւ դատապարտել է Թուրքիայի հետ Բաթումի հաշտության պայմանագիր կնքած Հայաստանի ղեկավարությանը:
1919թ. Մ. Սիլիկովը արժանացել է գեներալ-լեյտենանտի կոչման: 1920թ. աշնանը գլխավորելով Կարս-Ալեքսանդրապոլ ռազմաճակատի հայկական զորքերը՝ դիմադրել է բազում անգամ գերազանցող թշնամու բանակի առաջխաղացմանը:
Հայաստանի խորհրդայնացումից հետո գեներալ-մայոր Մ. Սիլիկովը զորացրվել է բանակից եւ աշխատել պետական հաստատություններում: 1921թ. հունվարին աքսորվել է Ռյազան:
1921թ. մայիսին վերադարձել է աքսորից եւ բնակություն հաստատել Դոնի Ռոստովում:
1932թ. (այլ տվյալով՝ 1937թ.) Դոնի Ռոստովում հայկական ազգայնամոլության մեջ մեղադրվելու պատրվակով ձերբակալվել է, բանտարկվել եւ գնդակահարվել՝ դառնալով ստալինյան բռնաճնշումների միլիոնավոր զոհերից մեկը:
Հետմահու արդարացվել է Խրուշչովի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել