Լրահոս
Օրվա լրահոսը

138 հրդեհ՝ 2 ամսում

Օգոստոս 24,2010 00:00

2010 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 22-ը Լոռու մարզում արձանագրվել է 138 հրդեհ, որից 72-ը՝ միայն օգոստոսին: Ամենաշատ հրդեհներ գրանցվել են Թումանյանի տարածաշրջանում՝ 36, ամենաքիչը՝ Տաշիրում՝ 15: Մարզկենտրոն Վանաձորում գրանցվել է 30 հրդեհ: Այս ամենի արդյունքում՝ մարդկային 2 զոհ եւ 4 վիրավոր:
Լոռու մարզի փրկարարական վարչության, հակահրդեհային տեսչության եւ անտառտնտեսության մասնագետները երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով այս մասին, ցավով նշում էին, որ հրդեհների պատճառը մարդն է, որն անտարբեր է դարձել շրջակա միջավայրի հանդեպ, իսկ չոր եղանակն էլ նպաստում է հրդեհների աճին: «Գարնանային ամիսների տեւական անձրեւները շատ փարթամ բուսականություն ձեւավորեցին, գյուղացիների մի մասն էլ անմշակ թողեց հողամասերը, ինչի պատճառով նման փարթամ բուսականություն աճեց նաեւ դաշտերում: Հուլիսից սկսած չորային եղանակն էլ նպաստեց, որ խոտը խանձվի եւ հիմա մի ծխախոտ անզգույշ գցելը մեծ ու աղետալի հետեւանքներ է ունենում»,- ասում է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը:
Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչիկ Անտոնյանն էլ զարմանում է մարդկային անտարբերությունից ու քարսրտությունից: Բանը հասել է այնտեղ, որ սեփական հողատարածքի խոտածածկույթը երեկոյան ժամերին այրում են եւ հանգիստ խղճով քնում, չմտածելով, թե կրակն ուր կհասնի: Նույն անտարբերությամբ մարդիկ այրում են հարազատների գերեզմանների մոտակայքի աղբն ու հեռանում: Թե փրկարարական վարչության, թե անտառտնտեսության հիմնական խնդիրը տեխնիկայի պակասն է: Տեխնիկայի հնամաշ եւ ծանրաքարշ լինելու եւ անանցանելի գոտիների պատճառով հաճախ կրակը դուրս է գալիս վերահսկվող սահմաններից:
Փրկարարները բոլորին կոչ արեցին զգոնություն ցուցաբերել, որ հանկարծ Ռուսաստանի Դաշնության օրը չընկնենք. «Մենք տեխնիկա չունենք, մեր հույսը մենք ենք, մեր փոքրաթիվ ուժերը, պետք է շատ զգոն լինենք»: Նրանք համոզված են, որ հրդեհներ ծնող անտարբերության համար խիստ պատժամիջոցներ սահմանելու դեպքում դրանք կտրուկ կնվազեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել