Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգենք եւ չդատենք»

Օգոստոս 21,2010 00:00

Հայաստանի ազգային փոքրամասնությունները 5 օր կանցկացնեն մեկ հարկի տակ՝ ամառային ճամբարում

Օգոստոսի 19-24-ը Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների 9 համայնքների 32 երիտասարդներ Լուսակերտում անցկացվող ամառային ճամբարում հնարավորություն կունենան գիտելիքներ ձեռք բերել մարդու իրավունքների, առաջնորդության, միջմշակութային հաղորդակցության հիմունքների վերաբերյալ: Ճամբարին մասնակցելու ցանկություն չէին հայտնել վրացական եւ քրդական համայնքները: 5 օրերի ընթացքում քննարկվելիք առաջնահերթ հարցերից մեկը կլինի հանդուրժողականության թեման` մասնավորապես փոքրամասնությունների նկատմամբ: Ճամբարի բացումը օրերս տեղի ունեցավ Լուսակերտի հանգստյան տանը: Ճամբարը, որն անցկացվում է օգոստոսի 12-ից մեկնարկած Երիտասարդների միջազգային տարվա շրջանակում, կազմակերպել է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության նախաձեռնությամբ (ՄԱԿ ՀՏՎ), աջակցել են նաեւ Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչությունը, այլ կազմակերպություններ ու գերատեսչություններ:
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փոխնախագահ Արամ Ոսկանյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ճամբարը շարունակությունն է այն ծրագրի, որը սկսվել էր այս տարվա ապրիլին. կազմակերպվել էին ազգային փոքրամասնությունների երիտասարդների համար առաջնորդության դասընթացներ՝ կարողությունները զարգացնելու, դրամաշնորհներ գրելու եւ այլ թեմաների շուրջ: «Նպատակ ունենք այս երիտասարդների մեջ ձեւավորել այն առաջնորդներին, ղեկավարներին, որոնք կներկայացնեն իրենց ազգային խնդիրները, կզարգացնեն սեփական համայնքը: Առաջնահերթ կարեւորում ենք ազգային փոքրամասնությունների մասնակցությունը հասարակական-քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքին»:
ՄԱԿ ՀՏՎ-ի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոյի կարծիքը հայաստանցի երիտասարդության ներկայիս վիճակի մասին՝ չափազանց դրական էր: «Հայաստանի կառավարությունը ուշադրություն է դարձնում երիտասարդներին, գոյություն ունի երիտասարդության հարցերով զբաղվող նախարարություն, մարզերում կան կենտրոններ: Երիտասարդները կարող են գալ, շփվել, գտնել ինչ-որ ուղիներ, թե ինչպես կարելի է փոխել կյանքը: Կարեւորը, որ հայ երիտասարդներն իրենք են փորձում ինքնուրույն քայլեր ձեռնարկել, հասկանում են, որ չի գալու բարի հորաքույր կամ քեռի եւ ինչ-որ բան անի իրենց համար»:
Բացման օրը փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց ազգային երգն ու պարը, նաեւ իրենց ձեռքով պատրաստած ազգային կերակուրները: «Եթե ասում են Հունաստան, բոլորը հասկանում են «Սիրտակին»: Հունական խոհանոցում համեղ կերակուրները շատ են, իսկ ազգային կերակուրներից ամենահայտնին ծածիկին է»,- մեզ հետ զրույցում ասաց հունական համայնքի ներկայացուցիչ Նինա Ասլանյանը: Նրա կարծիքով` 5-օրյա ճամբարը նախեւառաջ կմիավորի երիտասարդներին: Ինչ վերաբերում է փոքրամասնությունների նկատմամբ դրսեւորվող անհանդուրժողականությանը, մեր զրուցակիցը նշեց. «Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններն ունեն իրավունքներ, որոնք շատ դեպքերում ոտնահարվում են: Կոնկրետ հույների նկատմամբ չեմ կարող ասել, բայց այլ համայնքների դեպքում շատ օրինակներ կան»:
18-ամյա Լիա Սայադյանը լեհական համայնքից է: Նա ներկայացրեց լեհական ազգային «Չերվոնե յագոդի» երգը: Լիան սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: «Կարեւոր է, որ շրջապատում իմանալով, որ տվյալ ազգի ներկայացուցիչ չես, ցուցաբերեն նույն վերաբերմունքը, ինչ մնացածի հանդեպ»,- ասաց Լիան: Ուկրաինական համայնքից 20-ամյա Հասմիկ Հունանյանն էլ ասաց. «Ինչքան էլ պայքարենք, անհանդուրժող վերաբերմունք կա փոքրամասնությունների նկատմամբ, մինչդեռ յուրաքանչյուրս պետք է հարգենք դիմացինի տեսակետը, սովորությունները, հայացքները, պետք է հարգենք ու չդատենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել