Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՈՐ ՋԱՀԵԼՈՒԹՅԱՆ» ՆՈՐ ՄՏՔԵՐԸ

Օգոստոս 21,2010 00:00

Փարիզից պինգվիններ չեն բերվելու, բայց Մերկուցիոն Շեքսպիրի խոսքերի հիման վրա ռեփ կկարդա

\"\"26-ամյա օտար լեզուների մասնագետ, Շախմատի միջազգային վարպետ Հմայակ Ադիյանը, նույն ինքը՝ ռեփեր Համոն այսօր եւ վաղը Երեւանի խամաճիկների պետական թատրոնում կներկայանա իր առաջին մենահամերգով՝ խամաճիկների մասնակցությամբ: Մենահամերգը հենց այդպես էլ անվանել է՝ «Մարիոնետ»:
«Առավոտը» հանդիպեց ռեփերի հետ: Նրա խոսքով, «Մարիոնետ» մենահամերգը ոչ կոմերցիոն եւ շահույթ չհետապնդող միջոցառում է. «Ռեփ կարդալիս ես շահույթի մասին չեմ մտածում: Ընտրել եմ փոքր՝ 95 տեղանոց դահլիճ,  ինչից արդեն կարելի է հասկանալ, որ այստեղ կոմերցիա չի կարող լինել»: Համոյի մեկնաբանմամբ, նրան ավելի շատ ոգեւորել է խամաճիկների հետ բեմում լինելու գաղափարն ու ռեփի տակ խամաճիկների խաղը. «Սկզբից որոշել էինք միայն համերգ անել, ներկայացման մասին միտք չկար: Ապագա կինս, «Էդգար Էլբակյան» \"\"թատրոնի գեղարվեստական ղեկավար Լիլի Էլբակյանը, մտահղացում տվեց համերգը լրացնել փոքրիկ ներկայացումներով՝ երգերիս տեքստին համապատասխան: Լինելու են խամաճիկներ, հետաքրքիր իմպրովիզներ: Մենահամերգի մեխը «Մարիոնետ» խորագրին համանուն նոր երգս է»:
Ռեփերի խոսքով՝ համերգը փոքր դահլիճում է կայանալու, բայց դա չի նշանակում, թե ինքը վախենում է հանդիսատես հավաքելուց. «Մենահամերգս կարող էի Օպերայի դահլիճում կամ, ինչու չէ, նաեւ Մարզահամերգային համալիրում կազմակերպել, բայց դրա ժամանակը դեռ չի եկել: Այսինքն՝ ինձ համար տեղը կարեւոր չէ, կարեւորը մթնոլորտն է: Սա ուղղակի համերգ չէ՝ գամ, ռեփս կարդամ ու գնամ: Եվ հետո ռեփը փոքր միջավայր է սիրում, որ ընկալվի, հասանելի լինի մարդկանց: Խամաճիկները եւս մեծ բեմում կկորչեին, իսկ այսպես՝ մեկս մյուսի հետ հարմարվել ենք»:
Հ. Ադիյանի փոխանցմամբ, «Մարիոնետն» ուղղակի մենահամերգ չէ. «Մոտ մեկուկես ժամանոց ծրագիր է, բայց հնարավոր է երեք ժամ տեւի: Սա հանդիպում է իմ հանդիսատեսի հետ, հարցեր եմ տալու, հարցերի եմ պատասխանելու, հետաքրքիր բաներ ենք մտածել. գլոբալ թեմաներ ենք քննարկելու, ինչպես, օրինակ, ճգնաժամը… Ու այս ամենին նախապես չեմ պատրաստվելու, ինքնաբուխ հարցեր կլինեն: Լազերային, ձայնային էֆեկտներ ենք պատրաստել, բայց, օրինակ, հատուկ Փարիզից բերած պինգվիններ հաստատ չեն լինելու…»:
Պարզվում է, երիտասարդ  երաժիշտը ցանկանում է իր ետեւից տանել «նոր ջահելությանը». «Մի շարք նպատակներ ունեմ այս համերգի հետ կապված: Նախ ցանկանում եմ սրանով մարդկանց մեջ սեր առաջացնել թատրոնի հանդեպ: Օրինակ, վստահ եմ, որ շատերը Երեւանի խամաճիկների պետական թատրոնի տեղն անգամ չգիտեն: Մեր օրերի ջահելությունը թատրոն չի հաճախում: Ուզում եմ նաեւ ռեփի նկատմամբ ունեցած հանրության բացասական ռեակցիան հանել»:
Հարցին՝ չի՞ վախենում  նման համերգից հետո սովորաբար հնչող քննադատությունից, Հմայակը պատասխանեց. «Ոչ  վախենում եմ, ոչ էլ խուսափում: Ավագ սերունդը պետք է հասկանա, որ ժամանակը ջահելությանն է: Ամեն նոր սերունդի հետ նոր գաղափար է գալիս, իսկ մարդկությունը սիրում է անընդհատ զարգացող, փոփոխվող երեւույթներ: Չեմ ասում, թե նոր ջահելության մոտ ամեն ինչ դասական է, բայց թատերագետները մի քիչ էլ թող մտածեն երիտասարդությանը տեղ տալու մասին: Այսօր շատ երիտասարդներ կան, որ վախենում են ստեղծագործել: Բայց եթե ունես այդ ունակությունը՝ օգտագործիր հնարավորություններդ: Շատ թատրոնների ռեժիսորներ վախենում են, օրինակ, Շեքսպիրի «Օթելլոյի» բեմադրության մեջ իրենց մտահղացումներն ավելացնել: Այժմ Լիլի Էլբակյանը բեմադրում է «Ռոմեո եւ Ջուլիետ»: Մերկուցիոյի կերպարում ես եմ լինելու: Որոշեցինք մենք մեր մտահղացումն իրականացնել եւ այդ կերպարը փոխել. բեմադրության մեջ Մերկուցիոն ռեփ կկարդա Շեքսպիրի խոսքերի հիման վրա: Պահպանելով իմաստը՝ դրա վրա տեքստ գրեցի: Իհարկե, Շեքսպիր ու ռեփ՝ վախենալու է, բայց Լիլին համարձակ գտնվեց: Դե, թող քննադատեն: Այս համերգին այդ կտորը կկատարեմ: Ջահել ենք, մեր մտքերն էլ նոր են, ինչո՞ւ կանգնենք եւ նայենք, թե ինչ կմտածեն մեր մեծերը… Չէ՞ որ այդպես ոչնչի չենք հասնի: Շեքսպիրն էլ հաստատ չի նեղանա…»:
Հայկական ռեփի, ռեփ կարդացողների եւ ունկնդիրների  մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Ռեփը հայերի կողմից միշտ էլ չընդունված կմնա: Բոլորն ասում են՝ դրսից եկած է, մերը չէ, մեզ չի սազում: Ռեփը փողոցից դուրս եկող երգարվեստի տեսակ է, բողոքի ձայն: Այսինքն՝ այն, ինչ դու առօրյայում տեսնում, լսում կամ խոսում ես ընկերներիդ հետ, դառնում է ռեփի թեմա:
Այսօր ամեն մեկը մտածում է՝ ռեփն ի՞նչ է, որ չկարողանամ կարդալ: Մի երկու բողոք են գրում, բառերն ու հանգերը կապում իրար, կլիպ նկարում ու դառնում աստղ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել