Դիրիժոր Հարություն Արզումանյանն իր անցած ուղու եւ ներկայի մասին
Հարություն Արզումանյանը՝ Լեհաստանում մրցանակ ստանալիս:
Տարիներ շարունակ, երբ որեւէ պետական նվագախմբում գլխավոր դիրիժորի թափուր տեղի առիթով «վերեւներում» դժգոհում են, տրտնջում, թե մեզանում քիչ են բարձրակարգ դիրիժորները, հաճախ մոռացության են տալիս ոմանց, ովքեր անցել են դիրիժորական արվեստի ազգային դպրոցի լավագույն ավանդույթներով, կատարելագործվել արեւմուտքում: Այս միտքը հայտնելով, բնավ նկատի չունենք, թե մեր զրուցակից, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր Հարություն Արզումանյանը անտեսված արվեստագետ է: Ընդամենը մի մտահոգություն ունենք, բավական է առաջնորդվել օտարասիրությամբ, արտերկրից հրավիրելով, օրինակ, դիրիժորների, որոնց պրոֆեսիոնալ որակները որոշ ժամանակ անց երբեմն դառնում են կասկածելի:
Հ. Արզումանյանի համար այս տարին հոբելյանական է. 10 տարի Ազգային օպերային թատրոնում է՝ ղեկավարելով շուրջ նույնքան օպերային եւ բալետային ներկայացումներ, այդ թվում՝ Սպենդիարյանի «Ալմաստ», Տիգրանյանի «Դավիթ- Բեկ», Վերդիի «Տրուբադուր», «Տրավիատա», Բախի երաժշտությամբ «Կրքեր ըստ Բախի», Պերգոլեզիի «Ստաբաթ մաթեր» եւ այլն: Դիրիժորը սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, պրոֆեսորներ Արամ Քաթանյանի եւ Էմին Խաչատուրյանի դասարանում, վարպետության դասերի է մասնակցել Գերմանիայում՝ Կոնրադ ֆոն Աբելի, Ֆրանսիայում՝ Դոմինիկ Ռուիցիի ղեկավարությամբ եւ այլն: Դասեր է վերցրել նաեւ ճանաչված դիրիժոր Յուրի Դավթյանից, որի հետ համատեղ մասնակցել է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրական աշխատանքներին, Յուրի Դավթյանի խորհրդով ու միջնորդությամբ գործունեություն է ծավալել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ բեմադրելով Արտեմի Այվազյանի երաժշտությամբ «Ուշ լինի՝ նուշ լինի» օպերետը… Հարությունը կանգնել է Ֆիլհարմոնիկ, Կամերային, «Սերենադ» եւ այլ նվագախմբերի դիրիժորական վահանակների առջեւ: Եզակի արվեստագետներից է, ով մասնակցել է դիրիժորների 2 միջազգային մրցույթի. 2003թ. Լեհաստանում՝ Ֆիտելբերգի եւ 2005-ին Ուկրաինայում՝ Ժորդանիի անվան: Ֆիտելբերգի անվան մրցույթը դիրիժորների այն 3 մրցույթներից մեկն է, որ Տոսկանինիի եւ Պեդրոտիի մրցույթների հետ ընդգրկված է խիստ կանոնակարգ ունեցող, երաժշտարվեստի տարբեր ոլորտներում անցկացվող համաշխարհային լիգայում: Հ. Արզումանյանը Ուկրաինայում 150 դիրիժորների մեջ համարվել է լավագույնը, իսկ Լեհաստանում՝ 140 մասնակիցների թվում ընդգրկվել հնգյակում: Մեր զրուցակիցը առաջին մրցանակ է շահել դեռեւս 1999թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից միակ անգամ անցկացված դիրիժորների մրցույթում: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետը, կարեւորելով մրցույթները, ասաց, որ հենց դրանց մասնակցությունից հետո է հանդես եկել Ուկրաինայում, Լեհաստանում, Լատվիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Իտալիայում եւ Բուլղարիայում, ղեկավարելով կամերային եւ սիմֆոնիկ նվագախմբեր: Այս պահին հրավեր ունի Արգենտինայից, Ուրուգվայից եւ Իտալիայից՝ Լեոնկավալոյի «Պայացներ», Պուչինիի «Բոհեմ», «Թիկնոցը» օպերային ներկայացումները ղեկավարելու համար: Հայտնեց նաեւ, որ հիշյալ երկրներում եւ ընդհանրապես՝ արեւմուտքում, առաջին անգամ է ղեկավարելու օպերային ներկայացում:
Այս օրերին Ազգային օպերային թատրոնում դիրիժորը իտալացի բեմադրիչ Մարիո Կորրադիի հետ աշխատում է Վերդիի «Աիդա» օպերայում ընդգրկված մեներգիչների հետ (հիշեցնենք, որ այս օպերայի բեմադրող դիրիժորը Կարեն Դուրգարյանն է): Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է գրավում իրեն իտալացի բեմադրիչի աշխատանքում, Հ. Արզումանյանն ասաց. «Նա շեշտը դնում է արտիստի հոգեբանական կերպարի, առաջին հայացքից մանրուք թվացող, բայց իրականում կարեւոր դետալների վրա, չի պարտադրում մեներգչին ոչինչ… Կողմնակից է, որ ամեն ինչ լինի բնական»:
Հիշեցնենք, որ ժամանակին գեղարվեստական խորհուրդը նախնական դիտման ժամանակ ճանաչված երգչուհի Էլլադա Չախոյանին չի հաստատել Աիդայի դերում: Այսօր գլխավոր հերոսուհու դերերգը պատրաստում է միանգամից 4 մեներգչուհի՝ Մ. Մկրտչյանը, Լ. Սողոմոնյանը, Մ. Դեինյանը, Ա. Մնացականյանը: Մյուս գլխավոր դերերգերն էլ են միանգամից մի քանիսը փորձում: Դիրիժորից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է որեւէ մեկը չհաստատվի: «Իհարկե, վաղ է խոսել, բայց 4 Աիդաներն էլ կհաստատվեն: Ինչ վերաբերում է մյուս դերերգերին, օրինակ, փորձել ենք Ամներիս՝ տասը երգչուհու հետ եւ, ինչպես ընդունված է ասել, անցել են երեքը՝ Նարինե Անանիկյանը, Քրիստինե Սահակյանը, Ինգա Կարապետյանցը: Ռադամես՝ լիովին հաղթահարած կարելի է համարել Սարգիս Աղամալյանին եւ Ռուբեն Նուրիջանյանին: Իսկ, օրինակ, Ամոնասրոյի կերպարի եւ դերերգի համար փոխանցեմ իտալացի դիրիժորի խոսքը. աշխարհի լավագույն օպերային թատրոններում կդժվարանային ընտրություն կատարել Գեւորգ Հակոբյանի ու Դավիթ Բաբայանցի միջեւ: Երկուսն էլ տարբեր են, բայց զարմանալիորեն՝ մեկը մյուսից համոզիչ»,- հայտնեց Հ. Արզումանյանը: